Լրահոս
Օրվա լրահոսը

Էլենի

Հոկտեմբեր 12,2005 00:00

Էլենի թատրոնը վերադարձավ փառատոնից Էլեն Գրիգորյանի թատրոն-ստուդիան վերջերս մասնակցել է Իտալիայի Ալատրի քաղաքում կազմակերպված միջազգային մանկական փառատոնին եւ արժանացել դափնեկրի կոչման: Փառատոնին մասնակցել են 17 պարային խմբեր Հունաստանից, Գերմանիայից, Հնդկաստանից, Մեքսիկայից եւ այլ երկրներից: Ստուդիայի գեղարվեստական ղեկավար Էլեն Գրիգորյանը նշեց, որ իրենց ներկայացրած ծրագիրը լավագույնն է ճանաչվել. «Փառատոնի փակմանը հատուկ հայտարարվեց այդ մասին: Փառատոնի բացմանը ներկա էին իտալական մի քանի քաղաքների քաղաքապետեր, ովքեր մեզ հրավիրեցին նույն ծրագրով հանդես գալ եւս 5 քաղաքներում՝ Հռոմ, Ֆրոզինոն, Նեապոլ եւ այլն: Ընդ որում, իտալական 2 քաղաքներում հայերս հանդես ենք եկել սլովակների հետ: Հայ-սլովակյան պարային կոնտրաստը կարծես վատ չէր»: Փառատոնի մասնակից պարային խմբերը ներկայացրել են իրենց երկրների ժողովրդական պարերից բաղկացած 10, 30, 45 րոպեանոց ծրագիր: Ժյուրին նշել է, որ հայկական ծրագիրը խիստ տարբերվում էր մյուսներից, քանի որ մերոնք ներկայացրել էին նաեւ հայկական մոդեռն ժողովրդական պար: Էլենը փաստեց, որ հայկական պարը դուր է եկել թե՛ իտալացիներին, թե՛ փառատոնին մասնակից մյուս ազգերին: «Մեզ հաճախ էին խնդրում սովորեցնել հայկական «Բերդ», «Վեր-վերի» եւ այլ պարերի շարժումները: Իհարկե, մենք էլ ուրիշներից որոշ բաներ սովորեցինք: Իտալացի մանուկներին անչափ ուրախացնում էին հայկական պարերի ընթացքում օգտագործվող մեր «հե՜յ»-երը»,- հիշեց Է. Գրիգորյանը: Նա ավելացրեց. «Իտալացիների համար հայկական պարը նորություն չէր: Նրանք հայերի մասին շատ բան գիտեին: Մեզ անընդհատ հարցնում էին ոչ միայն մեր երկրի ներկայի, այլեւ 1915-ի եղեռնի մասին»: Իտալական փառատոնը 3-րդ անգամն է կազմակերպվում, սակայն Հայաստանն առաջին անգամն է մասնակցել: Է. Գրիգորյանը նշեց, որ նոր հրավերներ են ստացել տարբեր երկրներից, այդ թվում Մեքսիկայից. «Սակայն ամեն ինչ ֆինանսից է կախված»: Առաջիկայում հնարավոր է «Տուրիզմ մենեջմենթ» տուրիստական գործակալության հետ համատեղ նմանատիպ մի փառատոն էլ կազմակերպվի Հայաստանում: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել