Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն

Հոկտեմբեր 12,2005 00:00

ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն ՃԱՆԱՊԱՐՀ Երեկ միջազգային ճգնաժամային խումբը հրապարակեց իր երկրորդ զեկույցը «Լեռնային Ղարաբաղ. խաղաղության ճանապարհ» վերնագրով: Միջազգային ճգնաժամային խումբը (ICG), բնականաբար, ոչ ՄԱԿ է, ոչ ԵԱՀԿ, ոչ էլ նույնիսկ Եվրոպայի խորհուրդ: Բայց դա շատ լուրջ փորձագիտական կառույց է, որում ընդգրկված են հեղինակավոր հասարակական եւ քաղաքական գործիչներ, հիմնականում՝ պաշտոնաթող դիվանագետներ: Օրինակ, կազմակերպության համանախագահներն են ԵՄ արտաքին գործերի նախկին կոմիսար, լորդ Փեթեն Բերնսը եւ Գերեթ Էվանսը՝ Ավստրալիայի նախկին արտգործնախարարը: Նշեմ, որ ի տարբերություն բոլշեւիկյան ավանդույթներ ունեցող երկրների, որտեղ նախկին պաշտոնյան անպայման «ազգի դավաճան է» եւ «նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչ», Արեւմուտքում պաշտոնաթող իշխանավորները (հատկապես դիվանագետները) չափազանց մեծ կշիռ ունեն: Այնպես որ, չազդել Արեւմուտքում որոշումներ ընդունողների կարծիքի վրա, այդ փաստաթուղթը չի կարող: ICG-ի երկրորդ զեկույցը բաղկացած է նկարագրական մասից, որտեղ հայաստանցի ընթերցողների համար որեւէ նոր բան չկա, եւ հանձնարարականներից: Այս բաժնում հետաքրքիրն արդեն իսկ տերմինաբանությունն է՝ «Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները»: Նրանց կոչ է արվում, մասնավորապես, տեղական ադմինիստրացիաների եւ ենթակառուցվածքների ստեղծումը «ԼՂ-ին հարող օկուպացված տարածքներում»: ICG-ի ծրագիրը նախատեսում է ԼՂ ուժերի հետզհետե դուրսբերումը այդ տարածքներից եւ միաժամանակ այնտեղ միջազգային խաղաղապահ ուժերի տեղադրումը: Այնուհետեւ ԼՂ ուժերի դուրսբերումը Քելբաջարից՝ Մռավի լեռնանցքում «անվտանգության ադեկվատ միջոցներ ձեռնարկելուց հետո», եւ Լաչինի շրջանից՝ այն բանից հետո, երբ կողմերը կհասնեն Լաչինի միջանցքով անվտանգ երթեւեկության համաձայնությանը: Ծրագրի հաջորդ քայլն է մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժը, ներառյալ բոլոր շրջափակումների վերացումը եւ տրանսպորտային ու առեւտրական ճանապարհների բացումը: ICG-ի ծրագրի առանցքը 6-րդ կետն է, որը նվիրված է Ղարաբաղի կարգավիճակին: Փորձեմ այն մեջբերել ամբողջությամբ՝ վերապահելով, որ դա իմ ազատ թարգմանությունն է (բնագրին կարելի է ծանոթանալ www.icg. org կայքից). «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ինքնորոշման հանրաքվեով, որը ա) անց է կացվելու ադրբեջանցիների վերադարձից հետո՝ Լեռնային Ղարաբաղի այն տեղերում, որտեղ նրանք առաջ մեծամասնություն էին կազմում, եւ այն բանից հետո, երբ միջազգային կոնֆերանսը կհաստատի, որ Լեռնային Ղարաբաղը համապատասխանում է պետականություն ձեռք բերելու միջազգային չափանիշներին, այդ թվում՝ փոքրամասնության իրավունքների պատշաճ պաշտպանությունը: Այդպիսի գնահատում առաջին անգամ է անցկացվելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից 5 տարի հետո, բ) ընտրելու հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղին լուծումների ողջամիտ սպեկտրից, որը ներառում է թե Ադրբեջանի հետ միավորումը, թե նրանից անջատումը, գ) կանցկացվի միմիայն ղարաբաղցի հայերի եւ ադրբեջանցիների մասնակցությամբ, եւ դ) կանցկացվի ԵԱՀԿ նախագահությամբ իրականացվող բանակցությունների պայմաններով եւ պահպանելով այն սկզբունքը, որ հանրաքվեի արդյունքները ճանաչելու են բոլոր կողմերը»: Մենք խնդրեցինք փաստաթղթից առաջին տպավորությունները կիսել ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանին, որը երկար տարիներ մասնակցել է ԼՂ կարգավորման բանակցություններին: Ահա նրա պատասխանը. «Փաստաթուղթը իրատեսական է եւ հավասարակշռված՝ ի տարբերություն ICG-ի նախորդ զեկույցի: Դա մի փաստաթուղթ է, որում նշված է Լեռնային Ղարաբաղի ճանապարհը դեպի անկախություն, հստակորեն ճանաչվում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ հաստատվում է նրա՝ ինքնուրույն գործոն լինելը: Դրական է նաեւ, որ ըստ այդ ծրագրի՝ մինչեւ հանրաքվեն Ղարաբաղն ունենալու է միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ: Կարծում եմ, այնուամենայնիվ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում այդ փաստաթուղթը խիստ քննադատության է արժանանալու՝ մանավանդ իշխանական եւ իշխանամետ շրջանակներում։ Այստեղ իսկապես կան անընդունելի կամ պարզաբանման կարոտ կետեր, բայց ընդհանուր գաղափարը գտնվում է real policy-ի շրջանակներում: Ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները հակված են լուծել այդ խնդիրը, բայց եթե փորձեն լուծել, ապա կգնան այդ՝ վաղուց հայտնի փուլային ճանապարհով, որն այլընտրանք չունի: Իսկ փաթեթային տարբերակը զուրկ է կարգավորման որեւէ հեռանկարից: Եթե, այնուամենայնիվ, մեր իշխանությունները գնան կարգավորման, ես կպաշտպանեմ այդ դիրքորոշումը»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել