Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ

Հոկտեմբեր 12,2005 00:00

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ԳՈՐԾԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵ՞Լ Է Ըստ փաստաբան Մարինա Ջանոյանի, չկա քննության արվեստ, կան արգելված մեթոդներ Այս տարվա սեպտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրությամբ՝ կալանավորվել էր Երեւան քաղաքի բնակիչ Սիլվա Ասատրյանը: Վերջինիս մեղսագրվել էր 2001թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի նկատմամբ սպանության պատվիրատու լինելը: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ սպանության փորձը կատարել էր Յուրի Վոլֆսոնը, որի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր երեք ինքնաձիգ, երկու ականանետ, երեք նռնականետ եւ այլ զինամթերք: Ս. Ասատրյանի պաշտպանությունը իրականացնում է փաստաբան Մարինա Ջանոյանը: Տեղեկացնենք, որ 2001թ. քրեական գործ էր հարուցվել սպանության փորձ կատարելու փաստի առթիվ եւ այդ օրը ձերբակալվել էր ինչպես Սիլվա Ասատրյանը, այնպես էլ նրա ընտանիքը՝ աղջիկը, որդին՝ Վարուժանը եւ ամուսինը՝ Արթուր Գյուրջինյանը: Ժամանակին «Առավոտն» անդրադարձել էր Մ. Գասպարյանի հետ Արթուրի գույքային վեճին: 2001թ. քրեական գործը 9 ամիս ձգվեց, գլխավոր դատախազությունում հարցաքննվեց մոտ 200 վկա, սակայն, ի վերջո, գործը կարճվեց՝ ապացույցների անբավարար լինելու պատճառով: Այս տարվա սեպտեմբերին, ինչպես տեղեկացրեց փաստաբանը, Սիլվային եւ Արթուրին հրավիրել էին գլխավոր դատախազություն՝ ինչ-որ հեռախոսազանգերի կապակցությամբ: Սակայն նույն օրը անմեղության կանխավարկածը խախտելով, ըստ տիկին Ջանոյանի, տարածվել էր հաղորդագրություն, որով Սիլվա Ասատրյանը մեղադրվում է նախկին պատգամավորի գործով: Երբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Պարգեւ Օհանյան) խափանման միջոց ընտրվեց կալանքը, պաշտպան Մարինա Ջանոյանը հարցրել էր գլխավոր դատախազության քննիչ Հակոբ Նադիրյանին, թե կա՞ն բավարար ապացույցներ, վերջինս դա հաստատել էր: Երեկ առերեսում էր տեղի ունեցել Յուրի Վոլֆսոնի եւ Սիլվա Ասատրյանի միջեւ եւ ցուցադրվել էր մի տեսաժապավեն, ուր օտարերկրացուն Ս. Ասատրյանը խնդրում է «Մելիք Գասպարյանին վախեցնել»: «Տեսաժապավենը դիտելով՝ իմ պաշտպանյալը եկել է այն համոզման, որ Վոլֆսոնի վրա աշխատում են, ազդում են»,- ասում է Ջանոյանը եւ նշում է, որ առերեսման միջնորդությունը պաշտպանական կողմն արել էր սեպտեմբերի 25-ին, սակայն դատախազությունը 16 օր ուշացումով էր այն իրականացրել: «Առավոտի» տեղեկություններով՝ օտարերկրացին տարիներ առաջ մեկուկես ամսով մեկուսացված է եղել ԿԳԲ-ի մեկուսարանում, Արթուր Գյուրջինյանի հետ նստել է նույն խցում եւ փոխադարձ կապը շարունակվել է մեկուսարանից դուրս գալուց հետո: Վոլֆսոնը 4 անգամ ուղեղի ցնցում է ստացել, 2002-ին ավտովթարի հետեւանքով՝ գլխուղեղի վնասվածք: Յուրի Վոլֆսոնը ազգային անվտանգության գործակալ է, որը գործել է Հայաստանի շահերից ելնելով եւ, ըստ Մարինա Ջանոյանի՝ «այս պետության ստեղծած մարդն է»: Սակայն փաստաբանը կասկածում է, թե ինչպես է այդ պրոֆեսիոնալը ինքնաշեն պայթուցիկ նյութ տեղադրել նախկին պատգամավորի ավտոմեքենայի տակ: Համոզեցուցիչ չէ նաեւ այդքան զինամթերք հայտնաբերելը նրա Նոր Արեշ թաղամասի բնակարանում, երբ հայտնի է, որ տարիներ շարունակ ԱՆ արդեն «վառված» գործակալը ապրել է «Դվին» հյուրանոցի լյուքս համարներում: Ուշադրության արժանի է նաեւ այն, որ 2001-ի դեկտեմբերին, երբ Գյուրջինյաններին ձերբակալեցին, գործով անցան այն վկաները, որոնց լուսանկարները հայտնաբերվել էր Գյուրջինյանների ընտանեկան ալբոմում: 10 հատորանոց գործում ոչ իբրեւ վկա, ոչ իբրեւ կասկածյալ՝ Վոլֆսոնը չի անցել: «Ուզում եմ իմանալ՝ մի՞թե մեր պետությունն այդքան թույլ է, որ մանկավարժ կնոջը, եթե անգամ ընդունենք, որ մեղադրանքը հիմնավոր է, ուզում է փակի տակ դնել,- շարունակում է Մ. Ջանոյանը:- Վերջինիս նկատմամբ որեւէ քննություն չի տարվում, քննության արվեստ չկա, կան արգելված մեթոդներ»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել