Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր

Հոկտեմբեր 12,2005 00:00

«Մեր կերածը ճանապարհի վրա է ծախսվում» Բարեգործական ճաշն ուտելու համար բարեգործական ավտոբուս էլ է պետք Ամեն անգամ, երբ անապահով ծերերի համար բարեգործական նոր ճաշարան է բացվում, բարեգործներն ու իշխանությունների ներկայացուցիչներն իրենց բացման խոսքը սկսում կամ ավարտում են մոտավորապես այսպես՝ «պետք է ձգտենք հասնել նրան, որ բարեգործական ճաշարանների կարիքը վերանա»: Սակայն այդ կարիքը դեռ կա եւ ճաշարանների թիվը շարունակում է ավելանալ: Իսկ բացողներն էլ բացման ցուցադրական արարողություն են կազմակերպում, նկարահանում եւ խոշոր պլանով հեռուստաեթերում ցուցադրում են ծերուկների սովահար աչքերը, ագահությամբ ծամող անատամ բերաններն ու սովորական օրերի համեմատ՝ ճոխ սեղանների պարունակությունը: Բարեգործների դեմքին նայելիս երբեք չես ասի, որ նման ճաշարանների շարունակվող կարիքն իրենց տրամադրության վրա «փի՜ս» ազդել է: Ավելին, ամեն անգամ, երբ ճաշարանների մենյուն փոքր-ինչ տոնական է լինում՝ կապված որեւէ առիթի հետ, ծերուկները կրկին արժանանում են խոշոր պլանով ցուցադրվելու «պատվին»: Մինչդեռ կարելի էր աննկատ կազմակերպել այդ ճաշկերույթները՝ չվիրավորելով այն մարդկանց արժանապատվությունը, ում կառուցած երկրում են ապրում կամ աշխատում նույն այդ բարերարներն ու իշխանավորները: Այնուամենայնիվ, չժխտենք, որ անապահով թոշակառուներին օրվա մեջ մեկ անգամ կուշտ կերակրելը շնորհակալ ու բարի գործ է: Բայց մի խնդիր կա՝ ճաշարանից հեռու ապրող ծերուկներն իրենց դողդոջուն ոտքերով դժվարանում են հասնել տեղ, իսկ կերածն էլ «ծախսվում» է հետդարձի ճանապարհի վրա: Այդ խնդիրը բարդանում է հատկապես մարզկենտրոններում, որտեղ հիմնականում մեկ ճաշարան է գործում (եթե ընդհանրապես կա), եւ քաղաքի բոլոր ծայրերից տարեց մարդիկ ամեն օր պետք է ոտքով տեղ հասնեն: Խմբագրության ստացած բողոքը, սակայն, Երեւանից է, Դավիթաշեն համայնքի մի խումբ ծերերից: Նրանց ասելով՝ իրենց ճաշարանին հասնելու համար ամեն օր երկար սպասում են թիվ 12 երթուղու ավտոբուսին: Մինչեւ ճաշարան՝ 6-7 կանգառ է, եւ պապիկները դժվարանում են ոտքով գնալ: «Մեր գնալու ժամը համընկնում է 3246 համարանիշով «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի երթուղուն: Ուղեվարձը հիմնականում վճարել ենք, բայց մի քանի դեպք եղավ, որ թոշակի ուշացման պատճառով չկարողացանք վճարել վարորդին: Դրանից հետո, երբ մեզ տեսնում է՝ նա կանգառ չի անում: Ստիպված ոտքով ենք գնում, տեղ ենք հասնում ուշացումով, իսկ երբեմն էլ՝ չենք գնում, այդքան ուժ չունենք, եղանակից էլ է կախված»,- նեղվեցին մեր բողոքարկուները: Սակայն նրանք դժգոհելու նպատակով չէին զանգահարել խմբագրություն, այլ՝ բարերարներին ուղղված խնդրանքով. բարի գործը մինչեւ վերջ անել, այսինքն՝ ավտոբուս տրամադրել իրենց: Հանրապետությունում 30 բարեգործական ճաշարան ունեցող «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանն այս խնդրանքին ի պատասխան ասաց, որ «դա մեծ ծախսերի հետ է կապված, դժվար թե՝ կարողանանք»: Թաղապետարանների եւ անհատ բարեգործների պատասխանը, կարծում ենք, նույնը կլինի: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել