Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱԲՐՈ»

Հոկտեմբեր 12,2005 00:00

«ԴԱԲՐՈ» ԵՆ ՏՎԵԼ «Շատ լուրջ հանդիպումներ եղան եւ մի բան հստակ կարող եմ ասել՝ Հայաստանում ինչ փոփոխություն էլ լինի՝ բոլորը կընդունեն: Բոլորը, ոչ միայն Մոսկվայում»,- իր մոսկովյան հանդիպումների մասին ասաց Արամ Կարապետյանը: Նա այդ հանդիպումները չտարբերակեց, քանի որ հանդիպել է «Հայաստանով եւ Անդրկովկասով զբաղվող բոլոր մարմինների հետ» եւ խոսել են տարածաշրջանային զարգացումներից: Վկայակոչելով Ուզբեկստանի նկատմամբ ԵԽ-ի կիրառած սանկցիաները եւ դրանց շարունակականությունը, ադրբեջանական հնարավոր զարգացումները, վրացական շարժերը՝ սկսած Ջավախքում իրավիճակի սրմամբ, ավարտած Իգոր Գեորգաձեի ակտիվացմամբ, հայաստանյան ներքաղաքական աշխուժությունները, մեր զրուցակիցը փաստում է, որ այս դինամիկան գնալով թափ է ստանալու: «Խնդիրը, որը քննարկվում է բոլոր մայրաքաղաքներում, մեկն է՝ կհաջողվի՞ Հայաստանում հիմա՛ իշխանափոխություն կատարել: Ստրատեգիապես հասկանալի է, որ ներկա իշխանությունները Հայաստանի համար արդեն արգելակ են: Այս որակումն օգտագործվել է մոսկովյան հանդիպումների ժամանակ: Տեսակետը, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները սերտ են՝ թվացյալ է, գործող իշխանությունն այդ հարաբերություններում էլ է արգելակ: Երկրի նախագահը, որը նույնիսկ եթե իշխանությունը հանձնում է՝ չի կարող մի քանի լարի վրա խաղալ: Ռոբերտ Քոչարյանը Կուչմայի ճակատագրին է արժանանալու: Հիմա հաշվարկը չի գնում՝ Քոչարյանին պահե՞լ, թե՞ ոչ: Բոլոր հանդիպումների ընթացքում միայն քննարկվել է՝ կհաջողվի՞ ընդդիմությանն այնպիսի ալիք բարձրացնել, որ Քոչարյանը հեռանա»,- ասում է պարոն Կարապետյանը: Միակ մտահոգությունն ըստ նրա այն է, որ ամեն ինչ ընթանա հնարավորինս հանդարտ, քանի որ հատկապես ՌԴ-ին ձեռնտու չէ Հայաստանում անկայուն իրավիճակ: Բայց դա բնավ էլ չի նշանակում, որ որեւէ գերտերություն պատրաստվում է խանգարել հայաստանյան ընդդիմությանը. «Եթե հայ ժողովուրդը որոշում ընդունեց եւ քայլ կատարեց, բոլորը դա կընդունեն այնպես՝ ինչպես կա»,- ասել են պարոն Կարապետյանին: Ստեղծված իրավիճակում Ա. Կարապետյանը նույնիսկ որեւէ մեկի օգնության կարիքը չի տեսնում եւ ի պատասխան Գառնիկ Իսագուլյանի՝ ինչ-որ խոսակցությունների հրապարակումների մասին ակնարկների, ասում է. «Չեմ կարծում, թե որեւէ մեկն օգնության է դիմել, որ ինչ-որ մեկն էլ ասի, թե ինչ են խնդրել»: Քարիմովի իշխանության գլխին պտտվող սեւ ամպերը նկատի ունենալով, «ՆԺ» ղեկավարը փաստում է, որ աշխարհն արդեն չի ընկալում կլանային համակարգն արյան միջոցով պահելը: «Եթե անգամ ինչ-ինչ պատճառներով դա ներկայիս իշխանությանը հիմա հաջողվի էլ, ապա մինչեւ գարուն բավականին լուրջ զարգացումներ կլինեն: Եթե Ջավախքում մի բան պատահի՝ ղարաբաղյան դեպքերը, այսպես ասած, նորից հետ կգան: Վարշավայում Ալիեւի եւ Քոչարյանի միջեւ տեղի ունեցած գիշերային խոսակցությունը մի օր հանգելու է խոստումը կատարելուն»,- ասում է նա: Ընդ որում, իշխանափոխության ուշացումը, մեր զրուցակցի կարծիքով, ոչ մի լավ բանի չի հանգեցնի. «Եթե հիմա գալիս են մարդիկ, ովքեր կոստյում հագնել գիտեն, ապա ապագան բավականաչափ արմատական, ազգայնական ուժերինն է, որոնք հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ կտանեն Հայաստանը»: Այս համատեքստում «ՆԺ» ղեկավարն ուրախ է, որ ընդդիմությանը հաջողվեց հաղթահարել ամբիցիաները եւ միավորվել: Իսկ «ԱՄ»-ի կեցվածքի առումով խորհուրդ է տալիս ոչինչ չփնտրել. «Կարեւորն այն է, որ ընդդիմության բոլոր թեւերը համակարծիք գնում են մի նպատակի՝ «ոչի» միջոցով այս իշխանությանը հրաժեշտ տալուն: Միասին, թե զուգահեռ՝ այդքան էլ էական չէ, էականը ճանապարհն է՝ խաղաղ: Ոչ խաղաղ յուրաքանչյուր գործողության համար իշխանությունը պատասխան է տալու աշխարհի բոլոր մայրաքաղաքներին»: Հակադարձելով պաշտպանության նախարարին, որը «նեղ կռուգում» ասել է, թե ինքը «ՆԺ»-ում «պազիցիաներ ունի եւ կարող է ուղղորդել կուսակցությանն ու նրա ղեկավարին», Արամ Կարապետյանն ասաց. «Դա հարիր չէ լուրջ մարդու համբավ ունեցողին, տղամարդուն, բարձրաստիճան չինովնիկին: Դա սուտ է»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել