Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՆԵՑԱԾ

Հոկտեմբեր 12,2005 00:00

«ՈՒՆԵՑԱԾ ՓՈՐՁՈՎ, ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾՈՎ» Գրեթե ամեն օր ենք նոր տեղեկություններ ստանում, թե ինչ միջոցներ են միմյանց դեմ կիրառում Վանաձորի քաղաքապետի թեկնածուները: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը hetq.am-ին հայտնել է, որ իրենց անցկացրած ուսումնասիրությունները վկայում են, թե քաղաքապետի երկու թեկնածուների շտաբներն էլ զբաղված են ընտրակաշառքների առաջարկմամբ, քաղաքացիների անձնագրային տվյալների ցուցակագրմամբ, օգնության դիմումների հավաքագրմամբ. «Թե՛ Սամվել Դարբինյանի, թե՛ Գագիկ Հովսեփյանի շտաբներն ընդունում են քաղաքացիների դիմումներն ու ընթացք տալիս դրանց»: Երկու թեկնածուներն էլ միմյանց դեմ բողոքներով դիմում են ընտրատարածքային հանձնաժողովին: Եվ ոչ միայն. Գագիկ Հովսեփյանի նախընտրական շտաբի ղեկավար Ֆելիքս Մովսիսյանը դիմել է Լոռու մարզի 1-ին ատյանի դատարան՝ նշելով, թե գործող քաղաքապետ-թեկնածուն խախտել է «Ընտրական օրենսգրքի» հոդված 22.1-ը, ըստ որի՝ արգելվում է «պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար»: Եվս մի արտառոց փաստ է նշվում՝ քարոզչությանը մասնակցում է նաեւ թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Մինաս Սայադյանը: Վերջինս Սամվել Դարբինյանի եւ մարզպետի հետ միասին Վանաձորի մանկավարժական ինստիտուտում հանդիպում է ունեցել ուսանողների եւ մանկավարժական կոլեկտիվի հետ, որտեղ կոչ է արվել քվեարկել Դարբինյանի օգտին: Մինչդեռ Գագիկ Հովսեփյանը հեռուստատեսությամբ է հայտարարել, թե ինչ խոչընդոտներ են հարուցվում իր հանդիպումների կազմակերպման ժամանակ. բուժհիմնարկի տնօրենն իր նախընտրական շտաբի անդամին ասել է, թե դեմ չէ հանդիպմանը, «բայց միայն մարզպետի թույլտվության դեպքում»։ Վիճարկվում է նաեւ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի գործունեության արդյունավետությունը: Վերջինս քարոզարշավին մասնակցում է «Ունեցած փորձով, կատարած գործով, ապագայի հավատով» կարգախոսով: Իսկ թե նաեւ ինչ գործեր են արվել՝ վկայում են ներկայացված այս փաստերը, որոնք ունեն փաստաթղթային հիմնավորումներ: 2004-ին համայնքի բյուջեով մի շարք աշխատանքների կատարման համար նախատեսված էր շուրջ 147 մլն դրամ, եւ ահա թե ինչպես են բաշխվել դրանք: Մանկապարտեզների համար հացի մատակարարմանը հատկացվել է շուրջ 12,5 մլն դրամ. գումարը հատկացվել է «Պլուտոն» ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն են քաղաքապետի եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, քաղաքապետի կինը՝ Անահիտ Մայիլյանը, եւ քաղաքապետի քրոջ ամուսինը՝ քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Պապանյանը: Փողոցների ընթացիկ նորոգմանը հատկացվել էր շուրջ 28 մլն դրամ. գումարը հատկացվել էր «Լափի ՃՇՇ» ընկերությանը, որի հիմնադիրներն են քաղաքապետն ու նրա եղբայրը: Լողավազանի կառուցումը, որին հատկացվել է շուրջ 57 մլն դրամ, դարձյալ իրականացրել է այս ընկերությունը: Տնակների տեղահանության եւ տարածքի բարեկարգման նպատակով քաղաքի բյուջեից հատկացվել է շուրջ 3 մլն դրամ. գումարը հատկացվել է «Պագամի» ընկերությանը, որը պատկանում է քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանին: Կանաչ տարածքների սպասարկման համար հատկացվել է շուրջ 15 մլն դրամ, գետերի հուների մաքրմանը՝ շուրջ 12 մլն դրամ, փողոցների նշագծմանը՝ 5 մլն դրամ, անձրեւաջրատար դիտահորերի եւ կոյուղագծերի սպասարկմանը՝ շուրջ 15 մլն դրամ: Այս բոլոր գումարները հատկացվել են «Կոմունսերվ» ընկերությանը, որը պատկանում է Ազատ Ոսկանյանին՝ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետի տեղակալի եղբորը: Մինչդեռ «Գնումների մասին» օրենքի 7 հոդվածի համաձայն՝ գնումներին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնց հիմնադիրներից որեւէ մեկը մրցույթի հանձնաժողովի անդամ, պատվիրատուի պաշտոնատար անձ կամ մերձավոր ազգական է։ Այսինքն՝ վերոթվարկյալ կազմակերպություններն ընդհանրապես իրավունք չունեին մասնակցելու նշված աշխատանքների կատարման համար հայտարարված մրցույթներին։ Ուշագրավը նաեւ այն է, որ մրցութային հանձնաժողովները մեծ մասամբ գլխավորել է ինքը՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Ստացվում է, որ ե՛ւ պատվիրատուն է ինքը, ե՛ւ մեծ մասամբ՝ կատարողը, ե՛ւ գումարը վճարողը, ե՛ւ երբեմն նաեւ՝ ստացողը, ե՛ւ միշտ էլ՝ վերահսկողը: Ուշագրավ են նաեւ համայնքի գույքի օտարմանը վերաբերող ներկայացված փաստերը: 1999-ից մինչ օրս համայնքի սեփականություն համարվող ոչ մի գույք չի օտարվել աճուրդով (մինչդեռ դա «Հողային օրենսգրքի» ուղղակի պահանջն է)։ Բյուջեների կատարողականների համաձայն՝ 2003-ից մինչեւ 2005-ի հուլիսի 1-ն օտարված համայնքային գույքի արժեքր կազմում է շուրջ 203 մլն դրամ։ Այդ գումարը կարող էր առնվազն մի քանի անգամ մեծ լինել, եթե գույքն օտարվեր աճուրդով եւ ոչ թե վաճառվեր ծիծաղելի էժան գներով։ Օրինակ՝ քաղաքի կենտրոնն ընդգրկող փողոցների վրա գտնվող բնակելի շենքերի առաջին հարկերի ոչ բնակելի տարածքների (բացվածքների) օտարման վերաբերյալ 2003-ից մինչ օրս ընդունված որոշումների համաձայն՝ օտարված բացվածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2900 քմ, իսկ ընդհանուր գումարը՝ մոտ 33,5 մլն դրամ։ Այսինքն՝ քաղաքի կենտրոնական մասում գտնվող օտարված բացվածքների 1 քմ արժեքը կազմում է մոտ 11.500 դրամ կամ 25 դոլար։ Սա իրական արժեքից մոտ 10 անգամ պակաս է (կենտրոնում գտնվող շենքերի առաջին հարկի մոտ 40 քմ մակերես ունեցող բնակարանները, որոնք կարող են ծառայել որպես խանութ կամ գրասենյակ, վաճառվում են նվազագույնը 10.000 դոլարով, այսինքն՝ 1 քմ-ը 250 դոլարով)։ Եվ այս դեպքում էլ դարձյալ օտարման որոշումները կայացվում են մեծ մասամբ հօգուտ քաղաքապետի մերձավորների: Օրինակ՝ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող նման մի տարածք վաճառվել է Գայանե Հովհաննիսյանին, որը քաղաքապետի խնամին է: Իսկ թե ինչպես է արձագանքում մարզպետը քաղաքապետի նման գործունեությանը՝ վաղվա համարում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Եվ ինչպես միշտ, պատրաստ ենք հրապարակել նաեւ հակառակ կողմի՝ Վանաձորի գործող քաղաքապետի հակափաստարկներն իր գործունեության վերաբերյալ մեղադրանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել