Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵԼԻ ԷՐ ԱՎԵԼԻՆ ԱՆԵԼ

Հոկտեմբեր 12,2005 00:00

Հայաստանի
երիտասարդ ծանրորդները հաջող հանդես եկան Սլովակիայի Տրենչին քաղաքում անցկացված
տարիքային այս խմբի Եվրոպայի առաջնությունում: Մասնակցելով
թերի կազմերով՝ մեր հավաքականը, այնուամենայնիվ, թիմային հաշվարկով տեղ զբաղեցրեց
առաջատարների շարքում: Արայիկ Միրզոյանը՝ 62 կգ քաշային կարգ եւ Հռիփսիմե Խուրշուդյանը՝
75 կգ, նվաճեցին արծաթե, իսկ Տիգրան Մարտիրոսյանը՝ 69կգ, բրոնզե մեդալ: Մեր աշխատակիցը
զրուցեց Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Մխիթարյանի հետ, որը թիմին
ուղեկցել էր մրցավայր: – Ովքե՞ր էին հավաքականներին նախապատրաստել այս առաջնությանը:
– Տղաներին՝ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Վիլասյանն ու ես,
աղջիկներին՝ Արտաշես Ներսիսյանը: Սակայն հանգամանքների բերումով տղաների թիմը Տրենչինում
ես գլխավորեցի: – Մարզիկների ընդհանուր մրցելույթները ձեզ գոհացնո՞ւմ են:
– Անշուշտ: Չնայած կարելի էր ավելի ազնիվ մետաղից ձուլված մեդալներ բերել:
– Ի՞նչը նկատի ունեք: – Սկսեմ սկզբից: 62 կգ քաշային Արայիկ Միրզոյանը
մրցահարթակ էր մտնում միայն հաղթալու նպատակով: Նա դրա համար ամեն բան արեց: Հաջող
իրացնելով բոլոր վեց մոտեցումները՝ նա ի վերջո ցույց տվեց 123+147=270 կգ: Դա բավականին
բարձր ցուցանիշ է: Սակայն հիմնական մրցակիցն ավելի հաջողակ գտնվեց: Պատկերացրեք,
որ Արայիկը երկամարտում նրան զիջեց ընդամենը մեկ կիլոգրամով: 69 կգ քաշային
Տիգրան Մարտիրոսյանը, որ մեկ ամիս առաջ 62 կգ-ում դարձել էր Եվրոպայի պատանիների
չեմպիոն, իր համար նոր քաշում 142+167=309 կգ ցուցանիշով արժանացավ բրոնզե մեդալի:
Ընդ որում, նա պոկումում ու երկամարտում սահմանեց Եվրոպայի պատանեկան նոր ռեկորդներ:
Մեր մարզիկը կարող էր նաեւ հաղթող դառնալ, եթե երկրորդ վարժության վերջին փորձը ստացվեր:
Պատվիրված 171 կգ ծանրաձողը նա հանեց կրծքին, սակայն վեր բարձրացնել չկարողացավ:
4-րդը ճանաչված Աղվան Մելիքյանը նույնպես Եվրոպայի պատանեկան երկու ռեկորդ
սահմանեց, սակայն դա բավարար չեղավ մրցանակային տեղ զբաղեցնելու համար: Ասեմ, որ
Աղվանն այստեղ 18 կգ-ով բարելավեց մեկ ամիս առաջ իր իսկ ցույց տված արդյունքները:
Ես պրոֆեսիոնալ մարզիչ եմ, բայց իմ աշխատանքի ընթացքում չեմ տեսել, որ ծանրորդն այդքան
կարճ ժամանակահատվածում այսքան մեծ առաջընթաց գրանցի: Իսկ +105 կգ քաշային
Արեն Հակոբյանի 6-րդ տեղը (166+195=361) նման կարգի մրցումների համար վատ ցուցանիշ
չէ: Ինչ վերաբերում է Եվրոպայի պատանիների գործող չեմպիոնուհի (69 կգ-ում)
Հռիփսիմե Խուրշուդյանին՝ նա հանդես եկավ ավելի բարձր՝ 75 կգ քաշային կարգում: Հռիփսիմեն
էլ մինչեւ վերջին պահը հաղթելու գերազանց շանսեր ուներ: Հրում վարժությունում երկրորդ
մոտեցմամբ նա սանձեց 123 կիլոգրամը, ռուս մրցակցուհին՝ 124-ը: Մեր ծանրորդուհին գնաց
125-ի ու թվում էր, թե հաղթանակն ապահովված է: Սակայն մրցակիցը ռիսկի գնաց՝ պատվիրելով
129 կգ ու թեեւ շատ մեծ դժվարությամբ, բայց հաղթահարեց: Վստահեցնում եմ, որ
Հայաստանում պատանի ու երիտասարդ ծանրորդների լավ սերունդ է աճում, նրանք վստահելի
են ու իրենց ծանրակշիռ խոսքն անպայման դեռ կասեն: Մնում է, որ կարողանանք կարգավորել
մոտեցումներն առավելագույն արդյունավետությամբ իրացնելու խնդիրը: Ծանրորդները մոտենում
են այն քաշերին, իսկ դրանք բավականին լուրջ կիլոգրամներ են, որոնց հետ ի վիճակի են
ճակատամարտ տալ: Մնում է, որ հոգեբանորեն ավելի պատրաստ լինեն դրան, ավելի հավատան
իրենց ուժերին: – Դոպինգային խնդիրներ չե՞ն լինի: – Հավաքին մասնակցած
հավաքականի բոլոր թեկնածուները պարտադիր դոպինգ-ստուգում են անցել: Ստուգումներն
անցկացվել են Քյոլնի լաբորատորիայում: Ես հավատում եմ մարզիկներին, նրանց անձնական
մարզիչներին: Խնդիրներ, գրեթե վստահ եմ, չեն լինի: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել