Լրահոս
Օրվա լրահոսը

Էլենի թատրոնը վերադարձավ փառատոնից

Հոկտեմբեր 12,2005 00:00

Էլեն
Գրիգորյանի թատրոն-ստուդիան վերջերս մասնակցել է Իտալիայի Ալատրի քաղաքում կազմակերպված
միջազգային մանկական փառատոնին եւ արժանացել դափնեկրի կոչման: Փառատոնին
մասնակցել են 17 պարային խմբեր Հունաստանից, Գերմանիայից, Հնդկաստանից, Մեքսիկայից
եւ այլ երկրներից: Ստուդիայի գեղարվեստական ղեկավար Էլեն Գրիգորյանը նշեց, որ իրենց
ներկայացրած ծրագիրը լավագույնն է ճանաչվել. «Փառատոնի փակմանը հատուկ հայտարարվեց
այդ մասին: Փառատոնի բացմանը ներկա էին իտալական մի քանի քաղաքների քաղաքապետեր,
ովքեր մեզ հրավիրեցին նույն ծրագրով հանդես գալ եւս 5 քաղաքներում՝ Հռոմ, Ֆրոզինոն,
Նեապոլ եւ այլն: Ընդ որում, իտալական 2 քաղաքներում հայերս հանդես ենք եկել սլովակների
հետ: Հայ-սլովակյան պարային կոնտրաստը կարծես վատ չէր»: Փառատոնի մասնակից պարային
խմբերը ներկայացրել են իրենց երկրների ժողովրդական պարերից բաղկացած 10, 30, 45 րոպեանոց
ծրագիր: Ժյուրին նշել է, որ հայկական ծրագիրը խիստ տարբերվում էր մյուսներից, քանի
որ մերոնք ներկայացրել էին նաեւ հայկական մոդեռն ժողովրդական պար: Էլենը փաստեց,
որ հայկական պարը դուր է եկել թե՛ իտալացիներին, թե՛ փառատոնին մասնակից մյուս ազգերին:
«Մեզ հաճախ էին խնդրում սովորեցնել հայկական «Բերդ», «Վեր-վերի» եւ այլ պարերի շարժումները:
Իհարկե, մենք էլ ուրիշներից որոշ բաներ սովորեցինք: Իտալացի մանուկներին անչափ ուրախացնում
էին հայկական պարերի ընթացքում օգտագործվող մեր «հե՜յ»-երը»,- հիշեց Է. Գրիգորյանը:
Նա ավելացրեց. «Իտալացիների համար հայկական պարը նորություն չէր: Նրանք հայերի մասին
շատ բան գիտեին: Մեզ անընդհատ հարցնում էին ոչ միայն մեր երկրի ներկայի, այլեւ 1915-ի
եղեռնի մասին»: Իտալական փառատոնը 3-րդ անգամն է կազմակերպվում, սակայն Հայաստանն
առաջին անգամն է մասնակցել: Է. Գրիգորյանը նշեց, որ նոր հրավերներ են ստացել տարբեր
երկրներից, այդ թվում Մեքսիկայից. «Սակայն ամեն ինչ ֆինանսից է կախված»: Առաջիկայում
հնարավոր է «Տուրիզմ մենեջմենթ» տուրիստական գործակալության հետ համատեղ նմանատիպ
մի փառատոն էլ կազմակերպվի Հայաստանում: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել