Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ
ԳՈՐԾԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵ՞Լ Է

Հոկտեմբեր 12,2005 00:00

Ըստ
փաստաբան Մարինա Ջանոյանի, չկա քննության արվեստ, կան արգելված մեթոդներ Այս
տարվա սեպտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրությամբ՝ կալանավորվել
էր Երեւան քաղաքի բնակիչ Սիլվա Ասատրյանը: Վերջինիս մեղսագրվել էր 2001թ. դեկտեմբերի
29-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի նկատմամբ սպանության պատվիրատու
լինելը: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ սպանության փորձը կատարել էր Յուրի Վոլֆսոնը, որի
բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր երեք ինքնաձիգ, երկու ականանետ,
երեք նռնականետ եւ այլ զինամթերք: Ս. Ասատրյանի պաշտպանությունը իրականացնում է փաստաբան
Մարինա Ջանոյանը: Տեղեկացնենք, որ 2001թ. քրեական գործ էր հարուցվել սպանության փորձ
կատարելու փաստի առթիվ եւ այդ օրը ձերբակալվել էր ինչպես Սիլվա Ասատրյանը, այնպես
էլ նրա ընտանիքը՝ աղջիկը, որդին՝ Վարուժանը եւ ամուսինը՝ Արթուր Գյուրջինյանը: Ժամանակին
«Առավոտն» անդրադարձել էր Մ. Գասպարյանի հետ Արթուրի գույքային վեճին: 2001թ. քրեական
գործը 9 ամիս ձգվեց, գլխավոր դատախազությունում հարցաքննվեց մոտ 200 վկա, սակայն,
ի վերջո, գործը կարճվեց՝ ապացույցների անբավարար լինելու պատճառով: Այս տարվա
սեպտեմբերին, ինչպես տեղեկացրեց փաստաբանը, Սիլվային եւ Արթուրին հրավիրել էին գլխավոր
դատախազություն՝ ինչ-որ հեռախոսազանգերի կապակցությամբ: Սակայն նույն օրը անմեղության
կանխավարկածը խախտելով, ըստ տիկին Ջանոյանի, տարածվել էր հաղորդագրություն, որով
Սիլվա Ասատրյանը մեղադրվում է նախկին պատգամավորի գործով: Երբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ
համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Պարգեւ Օհանյան) խափանման միջոց
ընտրվեց կալանքը, պաշտպան Մարինա Ջանոյանը հարցրել էր գլխավոր դատախազության քննիչ
Հակոբ Նադիրյանին, թե կա՞ն բավարար ապացույցներ, վերջինս դա հաստատել էր: Երեկ առերեսում
էր տեղի ունեցել Յուրի Վոլֆսոնի եւ Սիլվա Ասատրյանի միջեւ եւ ցուցադրվել էր մի տեսաժապավեն,
ուր օտարերկրացուն Ս. Ասատրյանը խնդրում է «Մելիք Գասպարյանին վախեցնել»: «Տեսաժապավենը
դիտելով՝ իմ պաշտպանյալը եկել է այն համոզման, որ Վոլֆսոնի վրա աշխատում են, ազդում
են»,- ասում է Ջանոյանը եւ նշում է, որ առերեսման միջնորդությունը պաշտպանական կողմն
արել էր սեպտեմբերի 25-ին, սակայն դատախազությունը 16 օր ուշացումով էր այն իրականացրել:
«Առավոտի» տեղեկություններով՝ օտարերկրացին տարիներ առաջ մեկուկես ամսով մեկուսացված
է եղել ԿԳԲ-ի մեկուսարանում, Արթուր Գյուրջինյանի հետ նստել է նույն խցում եւ փոխադարձ
կապը շարունակվել է մեկուսարանից դուրս գալուց հետո: Վոլֆսոնը 4 անգամ ուղեղի ցնցում
է ստացել, 2002-ին ավտովթարի հետեւանքով՝ գլխուղեղի վնասվածք: Յուրի Վոլֆսոնը
ազգային անվտանգության գործակալ է, որը գործել է Հայաստանի շահերից ելնելով եւ, ըստ
Մարինա Ջանոյանի՝ «այս պետության ստեղծած մարդն է»: Սակայն փաստաբանը կասկածում է,
թե ինչպես է այդ պրոֆեսիոնալը ինքնաշեն պայթուցիկ նյութ տեղադրել նախկին պատգամավորի
ավտոմեքենայի տակ: Համոզեցուցիչ չէ նաեւ այդքան զինամթերք հայտնաբերելը նրա Նոր Արեշ
թաղամասի բնակարանում, երբ հայտնի է, որ տարիներ շարունակ ԱՆ արդեն «վառված» գործակալը
ապրել է «Դվին» հյուրանոցի լյուքս համարներում: Ուշադրության արժանի է նաեւ այն,
որ 2001-ի դեկտեմբերին, երբ Գյուրջինյաններին ձերբակալեցին, գործով անցան այն վկաները,
որոնց լուսանկարները հայտնաբերվել էր Գյուրջինյանների ընտանեկան ալբոմում: 10 հատորանոց
գործում ոչ իբրեւ վկա, ոչ իբրեւ կասկածյալ՝ Վոլֆսոնը չի անցել: «Ուզում եմ իմանալ՝
մի՞թե մեր պետությունն այդքան թույլ է, որ մանկավարժ կնոջը, եթե անգամ ընդունենք,
որ մեղադրանքը հիմնավոր է, ուզում է փակի տակ դնել,- շարունակում է Մ. Ջանոյանը:-
Վերջինիս նկատմամբ որեւէ քննություն չի տարվում, քննության արվեստ չկա, կան արգելված
մեթոդներ»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել