Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կերածը ճանապարհի վրա է ծախսվում»

Հոկտեմբեր 12,2005 00:00

Բարեգործական ճաշն ուտելու
համար բարեգործական ավտոբուս էլ է պետք Ամեն անգամ, երբ անապահով
ծերերի համար բարեգործական նոր ճաշարան է բացվում, բարեգործներն ու իշխանությունների
ներկայացուցիչներն իրենց բացման խոսքը սկսում կամ ավարտում են մոտավորապես այսպես՝
«պետք է ձգտենք հասնել նրան, որ բարեգործական ճաշարանների կարիքը վերանա»: Սակայն
այդ կարիքը դեռ կա եւ ճաշարանների թիվը շարունակում է ավելանալ: Իսկ բացողներն էլ
բացման ցուցադրական արարողություն են կազմակերպում, նկարահանում եւ խոշոր պլանով
հեռուստաեթերում ցուցադրում են ծերուկների սովահար աչքերը, ագահությամբ ծամող անատամ
բերաններն ու սովորական օրերի համեմատ՝ ճոխ սեղանների պարունակությունը: Բարեգործների
դեմքին նայելիս երբեք չես ասի, որ նման ճաշարանների շարունակվող կարիքն իրենց տրամադրության
վրա «փի՜ս» ազդել է: Ավելին, ամեն անգամ, երբ ճաշարանների մենյուն փոքր-ինչ տոնական
է լինում՝ կապված որեւէ առիթի հետ, ծերուկները կրկին արժանանում են խոշոր պլանով
ցուցադրվելու «պատվին»: Մինչդեռ կարելի էր աննկատ կազմակերպել այդ ճաշկերույթները՝
չվիրավորելով այն մարդկանց արժանապատվությունը, ում կառուցած երկրում են ապրում կամ
աշխատում նույն այդ բարերարներն ու իշխանավորները: Այնուամենայնիվ, չժխտենք,
որ անապահով թոշակառուներին օրվա մեջ մեկ անգամ կուշտ կերակրելը շնորհակալ ու բարի
գործ է: Բայց մի խնդիր կա՝ ճաշարանից հեռու ապրող ծերուկներն իրենց դողդոջուն ոտքերով
դժվարանում են հասնել տեղ, իսկ կերածն էլ «ծախսվում» է հետդարձի ճանապարհի վրա: Այդ
խնդիրը բարդանում է հատկապես մարզկենտրոններում, որտեղ հիմնականում մեկ ճաշարան է
գործում (եթե ընդհանրապես կա), եւ քաղաքի բոլոր ծայրերից տարեց մարդիկ ամեն օր պետք
է ոտքով տեղ հասնեն: Խմբագրության ստացած բողոքը, սակայն, Երեւանից է, Դավիթաշեն
համայնքի մի խումբ ծերերից: Նրանց ասելով՝ իրենց ճաշարանին հասնելու համար ամեն օր
երկար սպասում են թիվ 12 երթուղու ավտոբուսին: Մինչեւ ճաշարան՝ 6-7 կանգառ է, եւ
պապիկները դժվարանում են ոտքով գնալ: «Մեր գնալու ժամը համընկնում է 3246 համարանիշով
«ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի երթուղուն: Ուղեվարձը հիմնականում վճարել ենք, բայց մի քանի
դեպք եղավ, որ թոշակի ուշացման պատճառով չկարողացանք վճարել վարորդին: Դրանից հետո,
երբ մեզ տեսնում է՝ նա կանգառ չի անում: Ստիպված ոտքով ենք գնում, տեղ ենք հասնում
ուշացումով, իսկ երբեմն էլ՝ չենք գնում, այդքան ուժ չունենք, եղանակից էլ է կախված»,-
նեղվեցին մեր բողոքարկուները: Սակայն նրանք դժգոհելու նպատակով չէին զանգահարել խմբագրություն,
այլ՝ բարերարներին ուղղված խնդրանքով. բարի գործը մինչեւ վերջ անել, այսինքն՝ ավտոբուս
տրամադրել իրենց: Հանրապետությունում 30 բարեգործական ճաշարան ունեցող «Առաքելություն
Հայաստան» կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանն այս խնդրանքին ի պատասխան
ասաց, որ «դա մեծ ծախսերի հետ է կապված, դժվար թե՝ կարողանանք»: Թաղապետարանների
եւ անհատ բարեգործների պատասխանը, կարծում ենք, նույնը կլինի: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել