Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵ՞ՐՆ ԵՆ ԽԱԽՏՈՒՄ

Հոկտեմբեր 12,2005 00:00

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵ՞ՐՆ
ԵՆ ԽԱԽՏՈՒՄ Արարատ քաղաքում հոկտեմբերի 9-ին անցկացվում էին
միայն ավագանու ընտրություններ: Արտաքուստ չկար լարվածություն: Քվեարկության ընթացքում
խախտումների վերաբերյալ մեր հարցադրումներին ի պատասխան մատնանշում էին, թե մեքենաներով
ընտրողների են բերում տեղամասեր: Սակայն ի տարբերություն Երեւանի, որտեղ ընտրությունների
ժամանակ այդ նպատակին ծառայում են ավտոբուսները՝ այստեղ մարդկանց ընտրատեղամաս էին
բերում «Նիվա» մեքենաներով: Եվ որքան էլ տարօրինակ թվա, այս անգամ սա արվում էր ավագանու
մի թեկնածուի համար, որին պաշտպանում են ընդդիմադիրները՝ խոսքն Արարատի քաղաքապետի
նախկին թեկնածու Կարեն Խաչատրյանի մասին է: Գործող քաղաքապետ Հակոբ Թովմասյանն
«Առավոտին» ներկայացնելով նախընտրական քարոզարշավի ընթացքը՝ ասաց. «Խախտումներ նկատվել
են այն թեկնածուների կողմից, որոնք ոչ իշխանամետ թեւից էին, դրա համար էլ, որ սրացում
չլինի՝ մենք անտեսել ենք այդ խախտումները: «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ մինչեւ
առաջադրումը նրանք իրավունք չունեին շտաբներ ունենալ, սակայն արդեն իսկ ձեւավորել
էին: Փակեցինք՝ անցավ, քանի որ ուզում էինք, որ քաղաքում լինի հանգիստ ու բնականոն
ընտրություն»: Խոսքն էլի Կարեն Խաչատրյանի մասին էր, սակայն Արարատի քաղաքապետը չէր
տալիս իր նախկին մրցակցի անունը: Փորձեցինք պարզել, թե Կարեն Խաչատրյանը քաղաքական
ո՞ր ուժն է ներկայացնում, եւ Հակոբ Թովմասյանն ասաց. «Իրենք էլ չգիտեն, թե ինչ ուժ
են ներկայացնում. մինչեւ երեկ «Հանրապետություն» էին, հետո մտան ՀՀԿ ու դուրս եկան:
Հետո էլ կարծեմ մտան ՕԵԿ… Այսօր երեւի իրենք էլ չգիտեն, թե որտեղ են»: Արարատի
ավագանու 15 տեղի համար առաջադրվել էր ընդամենը 20 թեկնածու: Կարեն Խաչատրյանն էլ
է ընտրվել՝ ընդ որում, բավական շատ ձայներով: Հետաքրքիր է, թե նման տրամադրվածության
պայմաններում ինչպե՞ս են աշխատելու միասին քաղաքապետը եւ տվյալ ավագանին: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել