Լրահոս
Օրվա լրահոսը

Գործողությունների ծրագիրը պատրաստ է

Հոկտեմբեր 12,2005 00:00

Ընդդիմությունը կմեկնի մարզեր Մտավորականների
ֆորումի ավագանու նախաձեռնությամբ միավորված 17 ընդդիմադիր կուսակցությունների համագործակցությունը
երեկ քաղաքական հայտարարություն է ընդունել։ Հայտարարության պաշտոնական տեքստը կհրապարակվի
այսօր, քանի որ որոշ կուսակցություններ դեռեւս չէին հասցրել ստորագրել։ Մինչ այդ
«Առավոտին» հայտնի դարձան որոշ մանրամասներ։ 17 կուսակցությունների առաջին դեմքերից
կազմավորվել է համագործակցության քաղաքական խորհուրդ։ Խորհրդի գործադիր մարմինը բաղկացած
է 5 մարդուց: Ովքեր են ներկայացնում այս կառույցը` առայժմ չհաջողվեց հստակեցնել։
Գործադիր մարմինը երկու ֆունկցիա է իրագործելու` քարոզչական եւ վերահսկողական։ Անդրանիկ
նիստը տեղի կունենա 2 օրից, որի ժամանակ կհստակեցվի, թե որ կուսակցությունը որ շրջանում
է հանդիպումներ ունենալու, հանդիպումները բաց թե փակ բնույթի են լինելու եւ ով ինչ
է ասելու հանդիպումների ժամանակ։ Համագործակցության հիմնական խնդիրն այս փուլում
լինելու է իշխանության կողմից ներկայացվող սահմանադրական բարեփոխումների իրավական
գործընթացը հօդս ցնդեցնելը։ Նրանք սին են համարում գործող իշխանության հույսերը,
թե անգամ ժողովրդի «ոչ»-ը ստանալուց հետո կհաջողվի պահպանել իշխանությունը՝ «ոչ ոք
եւ ոչ մի րոպե չի հանդուրժի ժողովրդի կողմից մերժված ռեժիմը։ Թող սահմանադրական բարեփոխումները
հանգիստ թողնեն, ժողովուրդը ոչ թե դրանց է «ոչ» ասելու, այլ ռեժիմին»,- «Առավոտի»
հետ զրույցում վստահություն հայտնեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ
Մարգարյանը։ Առավել մանրամասներ հրապարակելուց առայժմ ձեռնպահ մնալով` մեր զրուցակիցը
միայն ընդգծեց, որ երեկվա հայտարարությամբ նախանշված ճանապարհով երկրում օրինականություն
հաստատելու նպատակով համագործակցությունը օրերս կմշակի հատուկ գործողությունների
համակարգ, որը կներկայացվի Մտավորականների ֆորումի ավագանու կողմից առաջարկված երկրի
քաղաքացիների ժողովում։ Թե ինչպես է երկիրը կառավարվելու ռեժիմին «ոչ» ասելուց հետո`
կորոշի ժողովը։ «17-ը կայացած է, իշխանության տարբեր թեւերի գնահատականները,
որ ընդդիմությունը ոչինչ չի անում, կորցրել է բարոյականությունը, քայքայվել է` հերյուրանք
է։ Թող իրենց հերյուրանքները իրենց պահեն եւ մտածեն պատասխանատվության մասին։ Օրենքի
առաջ բոլորն են պատասխան տալու»,- ասաց Գառնիկ Մարգարյանը։ Անդրադառնալով աշխարհաքաղաքական
զարգացումների կոնտեքստում Հայաստանի ներկայիս տեղին եւ դերին` մեր զրուցակիցը ընդգծեց
նաեւ Ջավախքում հասունացող խնդիրները. «Ջավախքը մեր պատմական տարածքն է։ Վրացական
իշխանությունների պադաչկաներով զբաղվելով` մենք կլռեցնենք Ջավախքը, դուք մեր բեռներին
մի կպեք, ոչինչ չի ստացվի։ Այդ հարցը պետք է վերջնական լուծում ստանա։ Ջավախահայերը
վճռական են տրամադրված, մենք ոչ թե պետք է խանգարենք նրանց, այլ նեցուկ լինենք»,-
կարծում է մեր զրուցակիցը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել