Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԻ

Հոկտեմբեր 12,2005 00:00

Ասում
է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը – Պարոն Սարգսյան,
«Հանրապետություն» կուսակցությունից դուրս եկած Ալբերտ Բազեյանը եւ Վաղարշակ Հարությունյանը
հանրապետության տարբեր մարզերում ստեղծում են նոր կուսակցություն, ըստ էության՝ «Հանրապետություն»
կուսակցության տարածքային կազմակերպությունների հիմքի վրա. այդպես եղավ Գյումրիում,
Էջմիածնում եւ ասում են՝ էլի կլինի: Այս գործընթացը չի՞ ազդում «Հանրապետություն»
կուսակցության վրա: – Իհարկե՝ բացարձակապես չի ազդում: Ոչ միայն չի ազդում,
այլեւ ի սկզբանե էլ չէր կարող ազդել: Եվ հետո՝ մի կուսակցություն մյուսի հիմքի վրա
չի կարող ստեղծվել: Իսկ եթե իսկապես «հիմքի» խնդիր է առաջանում՝ դա արդեն այլ, լուրջ
մտորումների եւ, անկեղծ ասեմ ձեզ, բավականին խորը գնացող հետեւությունների տեղիք
է տալիս: Իսկ կուսակցությունը իր օրակարգում դրված խնդիրներն է հետեւողականորեն լուծում,
որի՝ այսօր երեւացող մասը Սահմանադրության բարեփոխումներ կոչվածին «ոչ» ասելն է,
որովհետեւ «ոչ» ասելը նշանակում է «ոչ» ասել Քոչարյանին: Քարոզարշավի շրջանակներում
նաեւ տեղերից նոր սկզբնական կազմակերպություններ ստեղծելու հրամայական պահանջներ
են առաջադրվում, որոնք աշխատում ենք առավելագույնս բավարարել, քանզի նշված գործընթացն
ինքնաբավ եւ ինքնանպատակ չէ: – Ինչպե՞ս եք պատրաստվում սահմանադրական հակաքարոզչությանը,
կարծես դաշինքը մտադիր է հանդես գալ հայտարարությամբ եւ կոչով, դրանց միանալո՞ւ է
«Հանրապետությունը»: – Այն բոլոր 17 կուսակցությունները, որոնք օրերս համատեղ
հայտարարություն ստորագրեցին՝ բոլորն էլ «ոչ» են ասում: Կարծեմ էլի «ոչ» ասողներ
կան: Էլի կլինեն: Եվ բոլորի հետ էլ նույն այդ խնդրով համագործակցելու ենք՝ հայտարարության,
համատեղ գործողությունների կամ էլ այլ համարժեք ձեւերով: Եվ անկախ այդ «ոչ»-ի՝ ասանկ
կամ անանկ լինելուց: Կներեք, բայց թե ինչն ինչպես ու երբ եւ ինչու ենք անելու՝ չեմ
ուզում մանրամասնել. նշեմ միայն, որ թե՛ «այո» ասողների, թե՛ իշխանությունների համար
անակնկալներ կլինեն: Արդեն իսկ ասել եմ, որ եթե հոկտեմբերի 27-ը իրենց օրն էր, ապա
նոյեմբերի 27-ը մեր օրն է դառնալու. ոչ թե էդ բարեփոխումներ կոչվածին «ոչ» ասելու,
այլ՝ Ռոբերտ Քոչարյանին: – Բայց երբ բացվում են փակագծերը, իշխանություններն
էլ իրենց հերթին են նախապատրաստվում, եւ եթե կրկին ուժ գործադրվի, ի՞նչ եք անելու:
– Ազդեցությունը հակազդեցություն է ենթադրում նաեւ: Ու՝ համարժեք: Դե, իսկ
եթե ազատ, թափանցիկ եւ արդար քվեարկություն կլինի՝ մենք կփոխենք մեր մարտավարությունը:
Չէ՞ որ՝ «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո»: – Ընդդիմությունը սիրում է միջազգային
կառույցներին, այլ երկրների դեսպաններին հղում անել եւ ասել, թե իրենք Հայաստանում
ժողովրդավարացման կողմնակից են եւ կաջակցեն, բայց հատկապես վերջին օրերին դեսպանները,
մասնավորապես՝ Ջոն Էվանսը հայտարարում է, թե հարկավոր է սպասել 15 ամիս, այսինքն՝
հերթական ընտրություններին, եւ որ իր համար պարզապես անհասկանալի կլինի, եթե հայաստանյան
ընդդիմությունը «ոչ» ասի Սահմանադրությանը: Կարծես ընդդիմությունը ակնկալում էր,
թե դրսի ուժերը կկանգնեն իրենց կողքին, սակայն հիմա կարծես թե ավելի իշխանությանը
ձեռնտու բաներ են ասում: – Չէի ասի, թե իրենք ասում են այն, ինչ ձեռնտու է
իշխանություններին. իրենք ասում են այն, ինչ մտածում են. երկիրը մերն է, իրենք կարող
են 15 ամիս սպասել, Հայաստանի քաղաքացիները չեն կարող այդ 15 ամիսը սպասել: Եվ հետո,
պատկերացրեք, որ սահմանադրական հանրաքվեն անցնում է այն կարգի խախտումներով, ինչ
որ մինչեւ հիմա է տեղի ունեցել. ես չեմ կարծում, որ այդ խախտումների պարագայում Ջոն
Էվանսը գովելու է այս իշխանություններին: Համոզված եմ, որ Էվանսը եւ բոլոր դեսպաններն
ու միջազգային կառույցները պնդելու են, որ հանրաքվեն պիտի անցկացվի արդար: –
Կուսակցության առաջիկա համագումարը ի՞նչ հարցեր է քննելու: – Երկրի կտրուկ
փոխված ներքաղաքական իրավիճակին եւ արտաքին բազում մարտահրավերների ահագնացմանը դիմակայելու
նոր առաջացած խնդիրը: – Իսկ ձեր կուսակցության համագումարին որպես հյուր հրավիրելո՞ւ
եք կուսակցությունից հեռացած եւ նոր կուսակցություն ստեղծող Ալբերտ Բազեյանին ու
Վաղարշակ Հարությունյանին: – Մենք հրավիրելու ենք միայն մեզ համախոհ կուսակցություններին
եւ նրանց առաջնորդներին: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել