Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔՈՒՄ

Հոկտեմբեր 11,2005 00:00

ՔԱՂԱՔՈՒՄ ՇՐՋՈՒՄ ԵՆ ԹՈՔԱԽՏԱՎՈՐՆԵՐ Թոքախտով տառապողին առողջապահները գցել են դռնեդուռ՝ շտապ մեկուսացնելու փոխարեն Քառասունչորսամյա Ռոբերտ Ղուկասյանը տառապում է թոքախտով, ունի դրա ապացույց՝ ախտորոշման պատասխանը, բայց նրան չեն ընդունում բուժման՝ անձնագիր ու գրանցում չունենալու պատճառով: «Ես անօթեւան դարձա 1991-ից, երբ ստիպված վաճառեցի տունս: Անձնագիրս էլ կորցրել եմ մի քանի ամիս առաջ: Մինչեւ հիմա կամ վարձով եմ ապրել, կամ փողոցում եմ գիշերել: Ընտանիք-բարեկամ՝ բոլորն ինձնից երես են թեքել: Այս ձմեռ էլ էի դրսում ու երեւի այդ ժամանակ էլ մրսեցի: Զգում էի, որ գնալով թուլանում եմ: Խմում էի՝ խմելն էլ թողեցի, բայց էլի թուլությունս կար ու ավելի էր ուժեղանում: Երեք ամիս առաջ պատահաբար հանդիպեցի ծանոթ բժշկի՝ մոսկվացի Ստանիսլավ Պետրոսովին, օգոստոսին նա ինձ տարավ Ղարաբաղ, որ տուն-տեղ ստեղծեմ, կյանքս դասավորեմ: Բայց ճանապարհին նկատելով, որ հազում եմ՝ հենց տեղ հասանք, տարավ ստուգման: Պարզվեց, որ թոքախտ ունեմ: Բուժման չվերցրին, ասացին՝ փաստաթուղթ չունես, երեւանցի ես, պիտի Երեւանում բուժվես: Վերադարձա ու գնացի Աբովյանի դիսպանսեր, նրանք էլ ուղարկեցին Երեւան՝ Զեյթունի դիսպանսեր: Այստեղ էլ չընդունեցին, ուղարկեցին Քանաքեռի հիվանդանոց, սրանք էլ՝ նորից հետ ուղարկեցին: Դիմեցի առողջապահության նախարարություն ու նրանց զանգից հետո նոր Զեյթունի դիսպանսերում ստուգեցին, տեղեկանք տվեցին, որ հիվանդ եմ, որպեսզի գնամ՝ անձնագիր հանեմ»,- այսքանը թոքախտով տառապողի վազքի սկիզբն է միայն: Քաշքշուկի շարունակությունը այլ ոլորտում է՝ անձնագրային բաժիններ. Կենտրոնի եւ Աջափնյակի: Առաջինում Ռոբերտը ստացել է խորհրդային, երկրորդում՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր: Երկու բաժիններում էլ նույն պատասխանն են տվել՝ «գրանցում չունես, անձնագիր չենք կարող տալ, գոնե պետք է մեկի տանը ժամանակավոր գրանցվես»: Հիվանդի պատճառաբանությանը, թե՝ «որեւէ մեկը չունեմ, որ ինձ թույլ տա գրանցվեմ», նրանց չի հետաքրքրել: Վերջապես, կրկին պատահական մի ծանոթի միջնորդությամբ, Աջափնյակի անձնագրային բաժնից հաջողվել է «պոկել» կորցրած անձնագրի՝ բաժնում պահվող օրինակի պատճենը, եւ այն ներկայացնել Զեյթունի՝ Երեւանի քաղաքապետարանի հակատուբերկուլյոզային դիսպանսեր: «Բայց գլխավոր բժիշկը դա փաստաթուղթ չհամարեց, ասաց՝ իսկական անձնագիր է պետք, ես ստուգողներին ո՞նց բացատրեմ, թե ում վրա եմ ծախսել այդքան դեղորայքն ու փողը: Էլի գնացի առողջապահության նախարարություն, բայց հիմա էլ այստեղ առաջին հարկից վերեւ չթողեցին, անձնագիր ուզեցին: Ես էլ եկա խմբագրություն»,- ոդիսականն ավարտեց Ռոբերտը: Նկատենք, որ ողջ այս ճանապարհը նա անցել է, ունենալով ծանր ախտորոշում՝ թոքախտ, ինչը վտանգավոր է նրա հետ շփված ցանկացած մեկի համար: Նույն՝ Զեյթունի հակատուբերկուլյոզային դիսպանսերը նրան ստուգել ու տվել է տեղեկանք այսպիսի եզրակացությամբ. «Աջ թոքի վ/բ ինֆեկցիոն տուբերկուլյոզ, քայքայման փուլում: Կարիք ունի ստացիոնար բուժման»: Տվել է ու մոռացել «կարիքի» մասին: «Կառավարության որոշմամբ մենք անվճար կարող ենք բուժել միայն ՀՀ քաղաքացիներին: Քաղաքացին պետք է փաստաթուղթ ներկայացնի անձնագրային վարչությունից, որ նա կորցրել է անձնագիրը, հասցե չունի, եւ ՀՀ քաղաքացի է: Թող դրանով ու մնացած փաստաթղթերով գա նախարարության մեր ընդունարան՝ մենք նրան կվերցնենք բուժման»,- «Առավոտին» պարզաբանեց նախարարության բուժօգնության բաժնի պետ Կարինե Սիմոնյանը: Իսկ որ հիվանդը վտանգավոր է հասարակության համա՞ր. «Քաղաքում այդպիսիք շատ կան, երբեմն նրանց մասին պատկերացում էլ չենք ունենում, հասկանում եմ՝ վտանգ կա, բայց ի՞նչ կարող ենք անել, պետք է իրենք լրիվ փաստաթղթերով գան, որ ձեւակերպենք»: Իսկ նախարարության տվյալներով, տուբերկուլյոզով հիվանդների թիվը վերջին 10 տարիներին աճել է 2,5 անգամ, հիվանդությունն առողջապահության ոլորտում ընդունվել է որպես պայքարի գերակա ճյուղ, կառավարությունն ընդունել է նաեւ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիր, որը ֆինանսավորվում է ոչ միայն պետբյուջեից, այլեւ՝ միջազգային կազմակերպություններից: Ինչ վերաբերում է անձնագրի վերականգնման համար գրանցում պահանջելուն, ապա այստեղ նույնպես անօրինակություն է թույլ տրվել՝ ՀՀ քաղաքացին իրավունք ունի անձնագիր ստանալ առանց հիմնական կամ ժամանակավոր հաշվառման վայր ունենալու: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել