Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ

Հոկտեմբեր 11,2005 00:00

ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ՀՀԿ-ն ՕԵԿ-ի դեմ 1991թ. հետո այստեղ ոչ մի շենք չի կառուցվել: Նախկինում քաղաքում կար 16 արդյունաբերական ձեռնարկություն՝ ծխախոտի, ժամացույցի, գարեջրի, պանրի գործարաններ, մթերման կայաններ: Այսօր աշխատատեղ չկա, քաղաքն ունի «նվաստացուցիչ բյուջե»: Վարդենիսում գործում է 3 հանրակրթական դպրոց, 3 մանկապարտեզ, 2 երաժշտական դպրոց եւ գեղարվեստի դպրոց: Վարդենիսում շրջելիս «Առավոտին» տեղեկացրին, որ ուսուցչի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը պատվոգրեր է հանձնել այն ուսուցիչներին, որոնք իր եղբոր՝ քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Բարսեղյանի նախընտրական շտաբում են ընդգրկված: Վարդենիսում հոկտեմբերի 23-ին քաղաքապետի ընտրություններ են նշանակված: Գործող քաղաքապետը՝ Վոլոդյա Խլոյանը («Խլո» մականունով) ուներ մեկ շտաբ: Նա Հանրապետական կուսակցության անդամ է, եւ վարդենիսցիները նրա անվան հետ են կապում վարչապետի աջակցությամբ 196 մարդու անվարձահատույց տնամերձ հատկացնելը: Նա երրորդ անգամ է առաջադրվում: «Օրինաց երկիր» կուսակցության անդամ մարզպետի եղբայրը՝ բանկային ոլորտում աշխատող Վարդան Բարսեղյանը ուներ 3 նախընտրական շտաբ: Ասում էին, որ վերջին 1 տարում չի ապրել Վարդենիսում, իսկ մեր ձեռքի տակ գտնվող անձնագրի պատճենով, պարզվում է, որ նա գրանցված է Երեւանի Չարենցի 106 տանը՝ 13.12.80 թվականից: Թեկնածուներից երրորդը՝ Բաբկեն Էլոյանը կարծես շտաբ չուներ եւ քաղաքում շրջելու ժամանակ էլ ինձ հանդիպածները չէին ճանաչում նրան: Վարդենիսցիներից շատերի անձնագրերը հավաքվել էր 6-ին, 7-ին: Ընտրողներից նույնիսկ մեկը Վիկտոր Համբարձումյանի պուրակում նկարահանումներ անելիս, մոտենալով ինձ, հայտնեց, որ իրենց 15 հազարական դրամ են խոստացել, եթե «սոտըվիով մտնեմ ներս, նկարեմ՝ թե ում եմ խաչ դրել ու իրենց ցույց տամ»: Երբ զարմացա, թե այդքան բջջային հեռախոս որտեղից են հասցնելու, նա հպարտորեն ցույց տվեց տրակտորիստ իր ընկերոջը, որի ձեռքին հեռախոս կար: Վարդենիսում սուր են դրված սոցիալական խնդիրները: Վեմիր Շաբոյանը ազատամարտի վետերանների միության անդամ էր, եղել է ՊՆ զ/մ 142 ռադիոկայանի պետ: 3-րդ կարգի հաշմանդամ է եւ ծառայության ընթացքում ձեռք է բերել հիվանդություններ: Մինչեւ այս տարվա ապրիլ ամիսը 11 հազար դրամ հիվանդության թոշակ է ստացել, սակայն թե տարիքային, թե հիվանդության թոշակը չի ստանում: Այս օգոստոսի 2-ին ՊՆ ֆինանսաթոշակավորման բաժնի պետ Վ. Հակոբյանից գրություն է ստացվել՝ հետեւյալ «խուճուճ» ձեւակերպմամբ. «որոշումը կապված է զինծառայության հետ՝ չեղյալ հայտարարելու կապակցությամբ»: Նախկին զինծառայողը հայտնեց, որ գումար չունի, որպեսզի դիմի դատարան: Վեց անգամ պրոթեզավորման նպատակով Երեւան է եկել Լիպարիտ Հովհաննիսյանը: Երկու աղջիկ ուներ: Կինը չէր աշխատում: 6 հազար դրամ թոշակ է ստանում, իսկ աղջիկը սովորում է վճարովի ուսումնական հաստատությունում, որի համար տարեկան 45 հազար դրամ է մուծում: 183 ընտանիք ապրում են փախստականների ավանում: 22 զոհված ազատամարտիկների ընտանիքներ նույնպես օգնության կարիք ունեն: Այս սեպտեմբերին Վարդենիսի ծննդաբերական հիվանդանոցում, ուր նույնպես այցելեցի, 32 ծնունդ է եղել (14 տղա է ծնվել), իսկ հոկտեմբերի 1-8-ը 11 ծնունդ էր եղել, որից 8-ը՝ տղա: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Վարդենիս-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել