Հարցը սուր է դրված Վերջին շրջանում Սամցխե-Ջավախքում ծավալված իրադարձությունների շուրջ իր տեսակետներն է ներկայացնում «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը: «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով վերջերս մեծ աղմուկ հանած հասարակական կազմակերպությունների ֆորումին՝ մեր զրուցակիցը պատմեց, որ դրան մասնակցել է մոտ 700 մարդ եւ քննարկել են Վրաստանի պետության վարչական կառուցվածքի իրենց պատկերացումները: Արդյունքում հանգել են միասնական տեսակետի՝ «Վրաստանը պետք է ունենա ֆեդերալ կառուցվածք, որում Ջավախքը պետք է ներկայացված լինի որպես սուբյեկտ»: «Վրաստանի իշխանություններն այսօր Աբխազիային եւ Օսեթիային առաջարկում են լայն ինքնավարություն: Այդ երկու տարածքների բնակչությունը միասին վերցրած ջավախահայերի ե՛ւ քանակից են քիչ, ե՛ւ տարածքն է փոքր: Ինչո՞ւ պետք է հայերը չունենան այդ ինքնավարություն ասվածը, հատկապես, որ նրանք իրենց մշակույթով, հոգեւոր կյանքով, լեզվով ավելի շատ են վրացիներից տարբերվում, քան օսերը եւ աբխազները»,- հիմնավորում է պարոն Ռստակյանը: Ինչո՞ւ այս հարցը քննարկման առարկա դարձավ հիմա: Մեր զրուցակցի մեկնաբանմամբ՝ Վրաստանի խորհրդարանում շուտով սկսվելու են երկրի վարչատարածքային կառուցվածքի վերաբերյալ քննարկումներ: Հայտնի հավաքից մեկ ամիս առաջ ջավախահայերին այցելել է Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, որը զրույցի ընթացքում ասել է, թե կընդունվի այնպիսի օրենք, որ աբխազները եւ օսերը «ետողորմեայի» մասին կմտածեն: Այդ խոսակցությունը, պարոն Ռստակյանի բնորոշմամբ, նշանակում է, որ ինչ-որ բան նախատեսվում է նաեւ մյուս ազգային փոքրամասնությունների համար, ուստի իրենք հարկ են համարել ձեռքերը ծալած չնստել: Այն, որ Վրաստանի վարչապետը Հայաստանում այդ հավաքի առիթով որակումներ արեց, ժողովականներին հիմք է տվել հայտարարելու, որ չի բացառվում, թե կլինի ստորագրահավաք՝ իբրեւ ապացույց նրա, որ դա ջավախահայության ցանկությունն է, ոչ թե մի խումբ ծայրահեղականների: Ընդ որում, ստորագրահավաքն անց է կացվելու Վրաստանի օրենսդրության շրջանակներում: Հիշեցնենք, որ 1998 թվականին նմանատիպ ստորագրահավաք արդեն եղել է, եւ 30 հազար ստորագրություն է հավաքվել, բայց ինչ-ինչ պատճառներով այն ժամանակ գործընթացը դադարեցվեց: Վկայակոչելով այդ փաստը՝ մեր զրուցակիցը ընդգծում է, որ ջավախահայությունը դեռ այն ժամանակ է իր կամքն արտահայտել, այլապես վաղուց այդ «ծայրահեղականներին» վտարել էին Ջավախքից: «Հիմա հարցն ավելի սուր է դրված, որովհետեւ Վրաստանի իշխանություններն ավելի են դաժանացրել իրենց քաղաքականությունը: Այլ բան է, որ իրենք չեն ուզում աշխարհին ներկայացնել իրական վիճակը: Ինչքա՞ն կարելի է ջայլամի կեցվածք ընդունել եւ ասել, որ Ջավախքում խնդիր չկա: Սոցիալ-տնտեսականն՝ իր հերթին, լուրջ քաղաքական խնդիր կա՝ կոմպակտ ապրող մոտ 200 հազար հայերի ճակատագիրն անորոշ է: Մեր երեխաները, որպես էթնիկ հայեր, մնալո՞ւ են այդ տարածքում, ապրելո՞ւ են նորմալ: Ապագան չենք տեսնում: Մենք ագրեսիվություն չենք ցուցաբերել եւ չենք ցուցաբերելու, այլապես ՍՍՀՄ փլուզումից հետո հարցը լուծում կստանար: Վրաստանը քո բոստանը չէ, պարոն վարչապետ, որ ինքնավարություն տաս կամ չտաս: Դա քո իրավասության շրջանակից դուրս է: Էդ որոշում են Վրաստանի քաղաքացիները, իսկ մենք Վրաստանի քաղաքացի ենք: Սահմանադրություն կա ի վերջո: Կենտրոն-Ջավախք հարաբերություններն օրենքներով են կարգավորվելու, ոչ թե վարչապետի հայտարարությամբ»,- ի պատասխան Վրաստանի վարչապետի որակումների՝ ասում է Դավիթ Ռստակյանը: Պարոն Ռստակյանը վկայակոչելով վրաց հոգեւորականների «ոտնձգությունները» Ջավախքում գտնվող հայկական մշակութային արժեքների նկատմամբ՝ դպրոցներում վրացերենի պարտադիր ուսուցումը, մանկապարտեզների նախատեսվող «վրացականացումը», որն ըստ նրա՝ ոչ թե այդ երկրին ինտեգրվելու միջոց է, այլ նպատակ, հայտարարում է, որ անգամ տոտալ սովետական հասարակարգում տարանջատումը հստակ էր. «Փաստորեն, Վրաստանի ժողովրդավար կառավարությունները հետաճ են ապրում: Փոփոխվում է Ջավախքի ժողովրդագրական կազմը: Աշխատանքի են ընդունվում էթնիկ վրացիները: Վրացերենը չիմանալու պատրվակով հայերը զրկվում են աշխատատեղերից: Բայց իրենք ջանք չեն գործադրում իրենց լեզուն պարզապես ուսուցանելու: Շեւարդնաձեի կառավարությունը նույնն էր անում, Սահակաշվիլիինը՝ նույնպես, դրանից առաջ էլի նույնն էր: Կառավարությունների փոփոխությունը Ջավախքի վրա չի ազդում: Այդ հարցում նրանք «սուրբ» գաղափար են հետապնդում՝ Ջավախքի վերանվաճում: Այնպես որ, մեր գործողությունները բխում են իրենց վարքագծից: Մենք առաջարկում ենք Վրաստանի նախաձեռնությամբ պահպանել մեր մշակույթը, լեզուն, հոգեւոր արժեքները: Չեն ուզում՝ թող սահմանեն մեր կարգավիճակը: Ինքնավարություն չեն ուզում՝ տեղական ինքնակառավարման մեխանիզմներ թող գտնեն: Ձեր դժբախտության վրա մենք երջանկություն կառուցել չենք ուզում: Բանակցեք այն ուժերի հետ, որոնք ներկայացնում են ժողովրդին, ոչ թե անհատների»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ