Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 11,2005 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԻՑ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵՑ Ավարտվեց ՏԻՄ ընտրությունների 2-րդ փուլը Հոկտեմբերի 9-ին Հայաստանի չորս մարզերում՝ Սյունիք, Կոտայք, Արարատ եւ Վայոց ձոր, տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սյունիքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել, այդ թվում՝ քաղաքապետերի, 98, Կոտայքում՝ 64, Արարատում՝ 85 եւ Վայոց ձորում 38 համայնքներում: Հիշյալ մարզերի թվով 13 քաղաքներում տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, վերընտրվել են գործող բոլոր քաղաքապետերը: Դատական կարգով իրենց ընտրության իրավունքը վերականգնել են Արարատի մարզում՝ 271, Վայոց ձորում՝ 112, Կոտայքում՝ 830 եւ Սյունիքում 343 քաղաքացիներ: Այս ընտրատարածքներում ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 15-ին: Նախնական արդյունքներով, Սյունիքի մարզի Կապան քաղաքում վերընտրվել է գործող քաղաքապետ Արմեն Կարապետյանը՝ ՀՀԿ-ից: Նրան, բացի Հանրապետականից, սատարում էր նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Ըստ նախնական եւ ոչ պաշտոնական տվյալների, Ա. Կարապետյանի օգտին քվեարկել է ավելի քան 9 հազար, իսկ նրա մրցակից, անկուսակցական Գագիկ Աթաջանյանը ստացել է ավելի քան 7 հազար քվե: Նրան այս ընտրապայքարում սատարում էին քաղաքի կուսակցական, այդ թվում՝ ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, նաեւ ընդդիմության տեղական կառույցները: Միջադեպեր, ըստ մեր ունեցած տեղեկությունների, հակառակ սպասվածի, բարեբախտաբար չեն եղել: Ընտրություններն անցել են հանգիստ եւ առանց բախումների ու կրակոցների, դիմում-բողոքներ չեն եղել: Սիսիանում էլ, հակառակ ՀՀԿ-ի եւ մարզպետ Ս. Խաչատրյանի գործադրած ջանքերի, քաղաքապետ է վերընտրվել անկուսակցական Լավրենտի Սարգսյանը, որին աջակցում էին քաղաքի բոլոր կուսակցական կառույցները, նաեւ ՀՀ ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը: Ավելին, Լ. Սարգսյանի տարած հաղթանակը իր մրցակից, ՀՀԿ անդամ Վահրամ Սարգսյանի հանդեպ, որին աջակցում էին նաեւ Սյունիքի մարզպետն ու նրա ողջ վարչական ու մարդկային ռեսուրսը, բավականին տպավորիչ էր՝ շուրջ 3000 ձայնի տարբերությամբ եւ ստացած քվեների 4777-1670 հարաբերակցությամբ: Որեւէ դիմում-բողոք քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ չի եղել: Հետաքրքիր եւս մի վիճակագրություն: Սրանք առաջին ՏԻՄ ընտրություններն էին, որոնցում ՀՀ ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը ակտիվ մասնակցություն ուներ եւ ՀՀ մարզերի շուրջ 25 համայնքներում սատարում էր քաղաքապետի կամ գյուղապետերի թեկնածուների: Նրանք բոլորն էլ, մեր տեղեկություններով, անցած կիրակի կայացած ընտրություններում հաղթանակ են տարել: Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, Ագարակում եւ Մեղրիում եւս ընտրվել են գործող քաղաքապետերը՝ համապատասխանաբար Վարդան Գեւորգյանը, Արմեն Սարգսյանը, Միշա Հովհաննիսյանը, բոլորն էլ ՀՀԿ-ից: Անցած կիրակի ՀՀ հիշյալ 4 մարզերում տեղի են ունեցել նաեւ 235 գյուղապետերի ընտրություններ: Մասնավորապես, Արարատի մարզի Լանջազատ (հին անունը՝ Զովաշեն) գյուղում գյուղապետ է ընտրվել 30-ամյա Հրայր Հակոբջանյանը: Հիշեցնենք, որ նրա մրցակիցը այդ գյուղում ավանդաբար ընտրվող Վրույր Խուդոյանն էր: Լարված մթնոլորտում են անցել Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղում տեղի ունեցած ընտրությունները: Երկու ընտրական տեղամաս ունեցող այս գյուղում առաջադրված երկու թեկնածու կար՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Մաթեւոս Ավագյանն ու անկուսակցական Սահակ Հովհաննիսյանը: Ընտրությունների օրն արդեն, ժամը 17-ին, գյուղի երկու տեղամասերի հանձնաժողովների «Արդարություն» դաշինքը ներկայացնող անդամները՝ Քաջիկ Մուրադյանն ու Ֆելիքս Առաքելյանը, նաեւ թեկնածու Ս. Հովհաննիսյանի վստահված անձինք դուրս էին եկել տեղամասերից՝ չկարողանալով վերահսկողություն սահմանել եւ խոչընդոտել զանգվածային բաց քվեարկության, հանձնաժողովների անդամների կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքերը: Նրանք, մեր տեղեկություններով, շուրջ 10 արձանագրություններ էին կազմել իրենց տեսած ընտրախախտումների վերաբերյալ, որոնցից եւ ոչ մեկը գրանցամատյաններում արձանագրել հանձնաժողովի ղեկավարները թույլ չէին տվել: Գյուղի դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում էլ հանձնաժողովի ՀՅԴ ներկայացուցիչը չէր ստորագրել ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունը: Հայաստանի մարզերում, նաեւ Երեւանի մի քանի համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հիմնական բնորոշիչն այն էր, որ իշխանությունը պայքարում էր, ըստ էության, ինքն իր դեմ, որովհետեւ մասնավորապես մարզերում քաղաքապետի թեկնածուները բոլորն էլ ներկայացնում էին իշխանության այս կամ այն թեւն ու կլանը: Նույն իրավիճակն էր, որոշ բացառությամբ, նաեւ գյուղական համայնքներում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել