Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհներ

Հոկտեմբեր 11,2005 00:00

Ճանապարհներ Աբխազիայի տարածքով երկաթուղային կապի վերականգնման հարցերով Վրաստանի, Աբխազիայի եւ ՌԴ երկաթուղային փորձագետների հանդիպումը դարձյալ հետաձգվել է: Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարարի աշխատակազմից հաղորդել են, որ Սուխումում կայանալիք այդ հանդիպումը նախատեսված էր հոկտեմբերի 10-ին, սակայն «վրացական կողմին անհայտ պատճառներով» այն հետաձգվել է: Նշվում է, թե փորձագետները մտադիր էին ուսումնասիրել ճանապարհի տեխնիկական վիճակը եւ գնահատել 1992թ. ընդհատված «Սոչի-Սուխում-Թբիլիսի» երկաթուղով հաղորդակցության վերսկսման համար անհրաժեշտ աշխատանքների արժեքը: Նախնական գնահատումներով, Սուխում-Ինգուրի հատվածում երկաթուղու վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 100 միլիոն դոլար: Միեւնույն ժամանակ, տարածաշրջանի մեկ այլ՝ վերջին ժամանակներս քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում հայտնված «Կարս-Ախալքալաք» երկաթուղու շինարարության գործերը, կարծես, այնքան էլ վատ չեն ընթանում: Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին, որն օրեր առաջ գտնվելով Երեւանում՝ նրբանկատորեն շրջանցել էր այդ հարցը, Թուրքիայից վերադառնալուց հետո, ուր գտնվում էր պաշտոնական այցով, հայտարարել է, թե «Կարս-Ախալքալաք» երկաթուղու շինարարության նախապատրաստական աշխատանքները կավարտվեն արդեն եկող տարի: Վրաստանի վարչապետի խոսքերով՝ 98 կիլոմետրանոց երկաթուղագծի շինարարության ընդհանուր արժեքը կազմելու է 400 միլիոն դոլար: Ըստ «Կավկազպրեսի»՝ երկաթուղու կառուցման մանրամասները եւ ֆինանսավորման հետ կապված խնդիրները քննարկվել են Ստամբուլում՝ մի քանի օր առաջ: Ընդհանրապես, վաղուց ժամանակն է, որ ընթերցողի ուշադրությունը հատուկ հրավիրվի «Կարս-Գյումրիին» փոխարինելու եկող եւ այդպիսով՝ ՀՀ-ն շրջանցող «Կարս-Ախալքալաք» երկաթուղու շինարարության կամ այդ նախագծի հնարավոր կասեցման ոդիսականին: Վստահաբար կարելի է ասել, որ հայ հանրությունն առայսօր այդպես էլ չստացավ հետեւյալ հարցի սպառիչ պատասխանը՝ ի վերջո կառուցվելո՞ւ է այդ տխրահռչակ «Կարս-Ախալքալաքը», թե՞ ոչ: Մի կողմից ՀՀ ԱԳ նախարարը հրապարակավ երդվում է, որ Երեւանն իրենից կախված ամեն ինչ անելու է, որ թույլ չտա դրա կառուցումը, հայոց պետայրերը միմյանց հերթ չտալով խոսում են այդ գծի տնտեսական չհիմնավորվածության եւ անտրամաբանական լինելու մասին, իսկ հայասեր կոնգրեսականները նամակներ են գրում Սպիտակ տուն՝ Բուշի վարչակազմին նախազգուշացնելով, որ չի կարելի Հարավային Կովկասում մեկուսացնել հայերին: Բայց մյուս կողմից՝ «Կարս-Ախալքալաքի» գործերը, ինչպես ասում են՝ «ղռռալով» առաջ են գնում: Թերեւս վատ չէր լինի, որ մեր իրավասուներն ի վերջո «մի թեթեւ» պարզաբանում տային: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել