Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ

Հոկտեմբեր 11,2005 00:00

ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հոկտեմբերի 9-ին Արարատի մարզի 68 համայնքներ ընտրեցին իրենց ղեկավարներին: Ընդդիմադիր գրեթե ոչ մի թեկնածու չէր մասնակցում այս ընտրություններին: Այդ «գրեթե»-ն Քաղցրաշեն գյուղի համայնքապետ, ՀՀՇ-ական Ղուկաս Մկրտչյանն է, որը վերընտրվեց, թեեւ ուներ 3 մրցակիցներ: Եթե չափավոր ընդդիմություն համարենք նաեւ ՄԱԿ-ին՝ պիտի նշենք, որ բացառություն էր նաեւ նրա ներկայացուցիչ Հակոբ Դալլաքյանը, որը վերընտրվեց Գետափի գյուղապետի պաշտոնում: Համայնքապետերի մնացած թեկնածուները եթե անկուսակցական չէին, ապա բացառապես կոալիցիայի կուսակցությունների ներկայացուցիչ էին: ՕԵԿ անդամ թեկնածուները 8-ն էին: Համայնքապետ ընտրվեցին 3-ը, որոնք բոլորն էլ գործող գյուղապետեր են: ՀՅԴ-ն առաջադրել էր 7 թեկնածուներ: Համայնքապետ վերընտրվեցին 4-ը, ընդ որում՝ նրանցից մեկը Բերքանուշի գյուղապետ Մանվել Հայրապետյանն առաջադրված էր միայնակ: Իսկ Դեղձուտ գյուղում գործող գյուղապետի դեմ, որ դաշնակցական է, թեկնածություն էր առաջադրել ՀՅԴ մեկ այլ անդամ: Փոքր Վեդի գյուղի չվերընտրված գյուղապետ Գառնիկ Մանուկյանը բողոքարկել է արդյունքները՝ պահանջելով վերահաշվարկ: Նրա եւ մրցակցի՝ հանրապետական Նորիկ Ոսկանյանի (նախկին գյուղապետն է եւ մարզպետարանի աշխատակից) ձայների տարբերությունն ընդամենը 20-ն է: Մենք ընտրության օրն այցելել ենք Փոքր Վեդի գյուղի 18/22 տեղամասը, որտեղ ժամը 13-ին կուտակումներ կային ու հերթեր: Սակայն Գառնիկ Մանուկյանի վստահված անձը՝ Կորյուն Կիրակոսյանը, վստահեցրեց, թե նորմալ է ընթանում քվեարկությունը: Ընդգծենք, որ Փոքր Վեդու գյուղապետից ստացվածը միակ բողոքն է՝ Արարատի մարզի 16, 17 եւ 18 ընտրատարածքային հանձնաժողովներից եւ ոչ մեկում երեկ սահմանված ժամկետում չէին ստացվել այլ բողոքներ: Ամենաշատ թեկնածուներն ուներ ՀՀԿ-ն: Այս ընտրություններին մասնակցում էին 31 հանրապետականներ, եւ 19-ը հաղթանակեցին: ՀՀԿ Արարատի մարզային խորհրդի ղեկավար, ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասաց. «Ձգտել ենք ՀՀԿ անդամ թեկնածուներ առաջադրել այն բոլոր համայնքներում, որտեղ գյուղապետերն այլ կուսակցության անդամ են: Բայց այն տեղերում, որտեղ գյուղապետի աշխատանքից դժգոհություն չկա՝ պաշտպանել ենք նրան՝ անկախ կուսակցականությունից»: Զանգակատուն եւ Այնթափ գյուղերում իրար հետ մրցակցում էին երկուական հանրապետականներ: Այնթափում վերընտրվեց գործող գյուղապետ ՀՀԿ անդամը, իսկ Զանգակատուն գյուղում գործող համայնքապետ հանրապետականի դեմ իր թեկնածությունն առաջադրած Արմենակ Սիմոնյանը դուրս եկավ ՀՀԿ-ից եւ ինքնաբացարկ հայտարարեց ընտրություններից մեկ օր առաջ, թեեւ նրա անունը մնաց քվեաթերթիկում: «Մենք նրան մեր կարծիքն ասել էինք, որ ճիշտ չէ քո առաջադրվելը»,- պատմեց Լեռնիկ Ալեքսանյանը: Եթե նույն կուսակցության անդամներն էին իրար հետ մրցակցում, բնական է, որ կոալիցիայի անդամ տարբեր կուսակցության ներկայացուցիչներ էլ էին թեկնածուներ առաջադրել իրար դեմ: Ասենք, Մարմարաշենում գործող գյուղապետի դեմ, որ ՕԵԿ անդամ է, թեկնածություն էր առաջադրել ՀՀԿ անդամը եւ պարտվեց: Բարձրաշենում ՕԵԿ անդամը պարտվեց դաշնակցական գյուղապետին: Արաքսավանում գործող գյուղապետը, որ հանրապետական է, իր տեղը չզիջեց ՕԵԿ-ի թեկնածուին: Ոսկետափ գյուղում ՀՀԿ-ի թեկնածուն՝ Վաչիկ Ղազարյանը, չկարողացավ հաղթել դաշնակցական Սարգիս Աբրահամյանին, որ գործող գյուղապետն է: Մեկ էլ Լուսաշող գյուղում հանրապետականները պարտություն կրեցին իրենց կոալիցիոն գործընկերոջից՝ այս անգամ, ՕԵԿ անդամից, որ գործող գյուղապետն է: Սա բացահայտ ընտրապայքարն է, մինչդեռ կար նաեւ փոքր-ինչ քողարկված մրցակցություն: Ասենք, Արարատ գյուղում վերընտրվեց գործող գյուղապետ Գրիգոր Մելքոնյանը, որ Վազգեն Սարգսյանի քեռին է: Նրա թեկնածությունը պաշտպանում էր ՀՀԿ-ն: Մինչդեռ ՀՅԴ խմբակցության անդամ, Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահ Արայիկ Գրիգորյանն այս գյուղում ուներ իր պաշտպանյալ թեկնածուն՝ Արամայիս Գրիգորյանը: Ընդհանուր առմամբ, գործող գյուղապետերի գերակշիռ մեծամասնությունը վերահաստատել են իրենց դիրքերը: 68 համայնքներից միայն 15-ում է, որ ընտրվել է նոր ղեկավար: Տեղին է նշել, որ հոկտեմբերի 9-ին վերընտրվեցին նաեւ Մասիսի եւ Վեդու քաղաքապետերը, որոնք 2-ն էլ հանրապետական են: Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը միայնակ էր մասնակցում ընտրությանը՝ մրցակիցը հայտարարել էր ինքնաբացարկ: Արարատի ընտրությունների եւս մի առանձն ահատկություն. Բյուրավանի համայնքապետ դարձավ կին թեկնածու՝ Անուշ Սեդրակյանը, հաղթելով գործող գյուղապետին, որ դաշնակցական է: Խիստ ուրախալի է կնոջ հաղթանակը, բայց այն թերեւս անհնար լիներ, եթե Անուշ Սեդրակյանը բարեկամական կապեր չունենար տարածքային կառավարման նախարարի հետ: Թեեւ գուցե սխալվում ենք, եւ պատճառը միայն Անուշ Սեդրակյանի աշխատանքն է՝ 1996-ից Բյուրավանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար քարտուղարն է: Ազատավանի համայնքը ղեկավարելու հայտ էր ներկայացրել մեկ այլ կին՝ Արուս Հովհաննիսյանը, որը սահմանված ժամկետում ներկայացրել էր ինքնաբացարկ: Այս կինն, իմիջիայլոց, Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցության» միակ ներկայացուցիչն էր, որ փորձել էր մասնակցել մարզային ընտրությանը: Բնականաբար, զուտ ներիշխանական այս ընտրությունները շատ խաղաղ ընթացք ունեցան՝ տեղ-տեղ անգամ տոնական (բազմաթիվ ընտրատեղամասերում բարձր հնչում էին հարսանիքային մեղեդիներ): Թեեւ նկատելի էր, որ շատ համայնքներում անգամ բաց քվեարկություն է ընթանում՝ քվեաթերթիկները քառապատիկ ծալված չէին եւ անզեն աչքով իսկ երեւում էին ընտրության արդյունքները, սակայն վստահված անձինք մեր հարցերին ի պատասխան բոլոր վայրերում պատասխանում էին, թե չունեն եւ ոչ մի բողոք: Կային նաեւ անճշտություններ ցուցակներում, ու Արարատի մարզում դատական կարգով իրենց ընտրության իրավունքը վերականգնեցին 271 հոգի: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել