Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ճչացող քարերը»

Հոկտեմբեր 11,2005 00:00

Շարունակվում են հայ-իտալական բարեկամության օրերը

Ավարտվեց «Վենետիկյան ընթերցումներ» երկօրյա գիտաժողովը, որտեղ հետաքրքիր ու բովանդակալից զեկուցումներով հատկապես առանձնացան մեր իտալաբնակ հայրենակիցները: Շարունակվում է իտալական կինոյի հայտնի վարպետների 15 ֆիլմերի ցուցադրումը, որոնցից Տավիանի եղբայրների «Մարդ, որին պետք է այրել» եւ «Խռովարարները» ֆիլմերը ներկայացվեցին հանդիսատեսին: Ժամանակակից երիտասարդ իտալական կինոն շարքից «Այսպիսին է կյանքը» ֆիլմում պատմվում է մի կալանավորի մասին, որի դատը դեռ չի կայացել: Ալդոն եւ նրա հետ նաեւ ոստիկան Ջակոմոն ու գյուտարար Ջովանին փախչում են բանտից: Նրանց փախուստը Իտալիայի տարբեր վայրերում արկածներով լի է: Հանդիպած անհաջողություններին ու անակնկալներին մասնակից է նաեւ Մարինա անունով մի կին, որի օգնությամբ էլ հանգուցալուծվում է ֆիլմը: Այս շարքը շարունակեց ռեժիսոր Սերջո Ռուբինի «Եղած ողջ սերը» ֆիլմը: «Մեկ օր օպերայի հետ» ծրագրում Ազգային պատկերասրահում ցուցադրվեց (DVD) Ջ. Ռոսինիի «Մոխրոտը» եւ Բելինիի «Նորման»: Հայկական միջնադարյան շարականներ ներկայացրին մեր սփյուռքահայ բարեկամները: Օպերային արվեստին նվիրված երեկոյին օպերային թատրոնը ներկայացրեց մեծ իտալացու՝ Ջ. Վերդիի «Տրուբադուր» մելոդրաման: Պետկոնսերվատորիայում եւս ներկայացում կար. Ջ. Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը»: Ճարտարապետների միությունում հրավիրվել էր բանախոսություն եւ ցուցահանդես՝ Իտալիայում հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրմանը եւ վերականգնման աշխատանքներին առնչվող: Այն նվիրված էր հայ ժողովրդի բարեկամ, ճարտարապետ Ադրիանո Ալպագո Նովելլոյին, որը երկար տարիներ ղեկավարել է վերականգնման աշխատանքները: Ցուցահանդեսը բացեց միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ ներկայացնելով իտալահայ ճարտարապետ Արա Զարյանին, նախկին դեսպան Գագիկ Բաղդասարյանին եւ Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրման եւ վավերագրման կենտրոնի գլխավոր քարտուղար Մինաս Լուրյանին: 88-ի երկրաշարժից հետո Իտալիայի կառավարությունը իր հայ բարեկամների համար բազմաթիվ միջոցառումներ ձեռնարկեց: Վերականգնման ծրագիր մշակվեց այն պատմամշակութային հուշարձանների համար, որոնք առավել կարեւոր էին եւ շտապ միջամտության կարիք ունեին, ներդրվեցին զգալի ֆինանսական միջոցներ: Միլանի պոլիտեխնիկ ինստիտուտի հետ համատեղ նախագծվեցին վերականգնողական աշխատանքներ՝ Մարմաշենի վանական համալիրում, Երերույքի եկեղեցում եւ Ամբերդի ամրոցում:

«2002-03-ին եղավ Մարմաշենի համալիրի վերականգնման աշխատանքների առաջին փորձերից մեկը, որի հեղինակներն էին Գայանե Կանզատին եւ Մարիա Միրմոն: Երերույքը, որ շատ կարեւոր պատմական հուշարձան է՝ գտնվում է սեյսմիկ անկայուն գոտում: Այնտեղ հաճախ պայթյուններ են տեղի ունենում եւ այժմ պատերը ամրացվել են մետաղյա կոնստրուկցիաներով՝ մինչեւ հիմնական աշխատանքների ավարտը»,- ասաց ճարտարապետ Արա Զարյանը: Վերականգնման աշխատանքները ղեկավարել է հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա. Նովելլոն: Կան համատեղ բազմաթիվ ծրագրեր եւ ներկաները հույս հայտնեցին, որ վերականգնման աշխատանքները եւ հետագա համագործակցությունը շարունակվելու են, ինչպես շարունակվելու է հայ-իտալական բարեկամությունը: «Ես հպարտ եմ, որ իմ երկիրը կարող է իր նպաստը բերել հայկական իրոք արժեքավոր պատմական հուշարձանների վերականգնման աշխատանքներին»,- ասաց Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն: Մշակութային կյանքում իտալահայերի ձեռքբերումների մասին պատմեց Մինաս Լուրյանը: Հրատարակվել են հայ եւ հարեւան երկրների մշակույթը ներկայացնող 23 հատորներ, որոնք մեծ գնահատանքի են արժանացել Եվրոպայում: Խոսվեց նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի արտգործնախարարության օգնությամբ հրատարակվելիք 12 հատորների մասին, որոնք պարունակում են արժեքավոր բազմաթիվ փաստեր: Օրվա վերջում ցուցադրվեց Տավիանի եղբայրների «Կարիճի նշանի տակ» ֆիլմը, իսկ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ Ջ. Ռոսինիի «Իտալուհին Ալժիրում» կատակերգության տիկնիկային տարբերակը:

ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել