Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՂԵՌՆԻ ԹԵՄԱՆ «ԱՆՑԱԹՈՒՂԹ» ՉԷ

Հոկտեմբեր 11,2005 00:00

Գրչի
մարդիկ դեմ են օտարագիր հայ գրականության՝ նման սկզբունքով արժեւորմանը Երեկ
Գիտությունների ազգային ակադեմիայում բացված օտարագիր հայ գրողների գիտաժողովի մասին
իրենք՝ գրողները տարաբնույթ կարծիքներ հայտնեցին: Ոմանք հիացած էին Հայաստանի գրողների
միության նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառմամբ, մյուսներն էլ գտնում էին,
որ այն տաղտկալի է ու միապաղաղ: Գրականագետ, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը
հայտարարեց, որ զուր ենք օտարագիր գրողների համար Եղեռնի թեման դարձնում անցաթուղթ,
ու նրանց ստեղծագործությունները արժեւորում այդ տեսանկյունից: Նրա համոզմամբ՝ կարելի
է չգրել եղեռնի մասին, բայց այնպիսի գործեր կերտել, որոնցով հնարավոր լինի ազգային
ինքնություն պարտադրել այն երկրին, որտեղ ստեղծագործում ես: «Մենք հաճախ մեր դիրքերը
զիջում ենք սփյուռքահայ գրականության մեջ… Այն, ինչ կարելի է գրել հայերեն՝ անհնար
է արտահայտել այլ լեզվով… բայց մյուս կողմից՝ ավելի լավ է գրել օտար լեզվով, քան՝
լռել հայերեն»,- ասաց պրն Թոփչյանը: Օշին Քեշիշյանի (ԱՄՆ) համոզմամբ՝ նման
գիտաժողովներն ու համաժողովները նախ միմյանց հետ ծանոթանալու լավ առիթ են. «Մանավանդ
հաճախ տարբեր երկիրներեն եկող անձերը մի քիչ ավելի են իմանում օտարալեզու գրականության
մասին, քան Հայաստանի որոշ մտավորականներ… Օտարալեզու գրողներ կան, որ այլ երկրի
մշակույթի մաս կկազմեն, ոմանք ամերիկյան բարձրագույն մրցանակներու ու գնահատականներու
արժանացած են՝ ինչպես Պիտեր Բալաքյանը, Պիտեր Նաջարյանը եւ ուրիշներ: Կան գրողներ
էլ, որոնք պարզապես հայերեն չեն իմանում եւ ուզում են արտահայտվել իրենց իմացած լեզվով,
բայց գեղարվեստական բարձր մակարդակ չունին, այլապես ճանաչված կըլլային»: Օշին Քեշիշյանը
ժամանակակից հայաստանցի գրողներից առանձնացրեց հատկապես Վահան Թամարյանին, Հրաչյա
Թամրազյանին, Արմեն Շեկոյանին՝ «օրիջինալ եւ իսկական մտահոգ գրող» լինելու համար
եւ Վիոլետ Գրիգորյանի որոշ ստեղծագործություններ, որոնցում «ավելի պակաս է ազատամտության
զեփյուռը»: Նա նաեւ դժգոհեց, որ «Հայաստանի անկախության շրջանի վերաբերյալ չկան լուրջ
գրական գործեր, որոնք անցումային շրջանը ներկայացնեն, մարդոց տառապանքը, հաջողածներու
հաջողության պատճառները, չէ՞ որ գրականության մեջ միայն դժբախտ պատահարներ չէ, որ
պիտի գրվին»: «Սփյուռք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանն էլ
գիտաժողովի մասին հետեւյալ մտահոգությունը հայտնեց. «Եթե մենք օտարագիր գրողներին
տալիս ենք ուղղությունը՝ թե եկեք դիմենք մեր անցյալին ու մեր հիշողության դասերին,
արդեն վտանգում ենք օտարագիր գրականության մեջ գեղարվեստական արմատը: Հաճախ գեղարվեստականության
հիմնական տարրերը տեսնում ենք աղետի համալիր քննության մեջ: Գուցե դա նաեւ պետական
քաղաքականությո՞ւն է՝ ամբողջության մեջ պատկերացնել, ներկայացնել 1915 թիվը եւ դա
պատշաճորեն տալ դրսի աշխարհին, բայց երբեմն նման նպատակադրումը ավերում է գեղարվեստական
տարրերը… Ես կուզենայի, որ այս հարցադրման տագնապը չընկալվեր իբրեւ ազգային ինքնությունից
նահանջի նախապայման»: Թորոս Թորանյանը (Հալեպ) եւս համոզված է, որ պարտադիր
չէ հայության մասին գրել հայ գրող համարվելու համար. «Եկած եմ տեսնելու սփյուռքահայ
մեր այն գրողները, որոնք օտար լեզվով կարտահայտվին: Եթե բոլոր գրողները իրար տեսնին,
ավելի կլիցքավորվին, իսկ եթե օտարագիր հայ գրողները իրար ճանչնան, իրենց փորձառությունները
կրնան փոխանցիլ… Երեւան գալով՝ օտար գրողներով կսպասենք, որ հայրենի հողի, պատմության
իրականությամբ պիտի կարողանանք լեցվիլ եւ ավելի լավ գործեր արծարծիլ: Օտար լեզուներով
արծարծվելը միջոց է, որ օտարները եւս իրազեկ դառնան մեր իրականությանը: Իհարկե, օտարագիր
գրող լինել՝ չի նշանակի անպայման հայության մասին գրել»: Հայաստանցի երիտասարդ
գրող Մարինե Պետրոսյանը հիացած չէ գիտաժողովի ընթացքով. «Տպավորությունս շատ տխուր
է: Օտարագիր հայ գրողները կարող են լավ իմպուլս տալ հայ գրականությանը եւ ընդհանրապես
հայ մտքին: Ցավոք, այստեղ մթնոլորտը բավականին միապաղաղ է, վեճ, նոր միտք հարուցող
ոչինչ չկա, մինչդեռ ես այլ բան էի ակնկալում: Այս միջոցառումը Գրողների միությունն
է կազմակերպել, բայց Հայաստանի գրականությունը միայն Գրողների միության շուրջ չի
ստեղծվում, ուրիշ տարածքներ կան, որտեղ հույս ունեմ դեռ կոնտակտներ կլինեն օտարագիր
հայ գրողների հետ»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել