Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակելի տներ՝ «ռումբի վրա»

Հոկտեմբեր 11,2005 00:00

Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն իրենց աշխատավայրում բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ քաղաքապետարանի:

Արդեն երկու տարի ինստիտուտի տարածքները Երեւանի քաղաքապետարանը փոքր հողակտորներով աճուրդի է հանում ու վաճառում անհատների: Հիմա էլ հերթը հասել է ինստիտուտի 0.42 քմ տարածքով անվտանգության գոտուն, որտեղ, քաղաքապետարանի մրցույթի արդյունքներով, կառուցվելու են բնակելի տներ: Նախ այդ տարածքով անցնում է բարձր ճնշման Դ-729 մմ տրամագծով ստորգետնյա գազատար, որի վրա բնակելի շենք կառուցելն արդեն իսկ դուրս է անվտանգության կանոններից: Սա հաստատել է նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը՝ հավելելով, թե անվտանգության կանոններից ելնելով շենքերի հիմքերը պետք է լինեն գազատարից առնվազն 7 մետր հեռավորության վրա:

Բացի այդ, անվտանգության գոտում քիմիական մի շարք հետազոտություններ են անցկացվում, որի ընթացքում անջատվում են թունավոր գազեր: Այսինքն, եթե անգամ գազատարը չլիներ, միեւնույն է, մասնագետների հավաստմամբ, այդ օդը տարիների ընթացքում խիստ վնասակար ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության վրա: Բայց ինստիտուտի տնօրեն Սեւան Դավթյանի խոսքերով՝ քաղաքապետարանի դիրքորոշումը մեկն է՝ «եթե մարդիկ ուզում են բոմբի վրա ապրել՝ թող ապրեն»: Իհարկե, ինստիտուտի աշխատակիցներին միայն ուրիշի կյանքի անվտանգությունը չի մտահոգել, պարզապես, ամեն ինչից զատ, այդ տարածքը պատկանում է իրենց ինստիտուտին, որի համար կա կադաստրի վկայական: Եվ հետո՝ օտարված տարածքով են անցնում ինստիտուտի ջրագծերը, կոյուղին, որոնք վնասվելու դեպքում որեւէ փորձարկում կամ հետազոտություն անել չի լինի:

Վարչապետի վերահսկողական ծառայությանը հասցեագրված ինստիտուտի տնօրենի դիմումին ի պատասխան՝ ծառայության պետը, նշելով այդ տարածքում կառուցապատման աշխատանքների անթույլատրելիությունը, հայտնել էր, որ անհրաժեշտ է դատական կարգով անվավեր համարել աճուրդների արդյունքները: Խորհրդին հետեւելով՝ ինստիտուտի անձնակազմը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, Վերաքննիչ ու Վճռաբեկ, բայց՝ ապարդյուն. բոլոր դատավորներն էլ որոշում են կայացրել քաղաքապետարանի օգտին՝ ինստիտուտի պահանջը համարելով անհիմն: Նշենք, որ քաղաքապետարանի առաջին աճուրդով վաճառված ինստիտուտի հողակտորների վրա այժմ կառուցվել են հյուրանոցներ, ռեստորաններ ու առանձնատներ: Երկրորդ աճուրդով վաճառված տարածքներում դեռ շինարարություն չի սկսվել. ինստիտուտի պահակն ու աշխատակիցները, իրենց հավաստմամբ, օրուգիշեր հսկում են ու անծանոթների ներս չեն թողնում: Աշխատակիցներից մեկի պատմելով՝ «3 օր առաջ մեկը կռան էր բերել, ուզում էր մեր պարիսպներն ու դարպասները քանդել, կռվեցինք, չթողեցինք»:

Ուշագրավ մի հանգամանք եւս. անվտանգության գոտին ընդամենը մի քանի օր առաջ կանաչապատ է եղել: Այդ մասին կա նաեւ Երեւանի էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոնի եզրակացությունը, ըստ որի՝ տարածքը բուսածածկ է, բազմաթիվ կանաչ տնկարկներով, եւ նախատեսվող շինարարությունը կարող է վնասել տնկարկները: Սակայն կանաչ տարածքների պահպանման «ծեծված խնդիրը» չշահարկելու համար ուրբաթ գիշերը ինչ-որ անհայտ անձինք ներս են մտել ու վառել տարածքի ծառերը: Երեկ մեր այցելության ժամանակ դրանք չորացած էին, խոտերն էլ՝ մոխրացած: Ինստիտուտի աշխատակիցների մեկնաբանությամբ՝ «այդ ծառերը ձեւի համար չէին տնկել, այստեղ թունավոր գազեր են անջատվում, իսկ դրանք քայքայելու համար թթվածին է պետք»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել