Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔՈՒՄ ՇՐՋՈՒՄ ԵՆ ԹՈՔԱԽՏԱՎՈՐՆԵՐ

Հոկտեմբեր 11,2005 00:00

Թոքախտով
տառապողին առողջապահները գցել են դռնեդուռ՝ շտապ մեկուսացնելու փոխարեն Քառասունչորսամյա
Ռոբերտ Ղուկասյանը տառապում է թոքախտով, ունի դրա ապացույց՝ ախտորոշման պատասխանը,
բայց նրան չեն ընդունում բուժման՝ անձնագիր ու գրանցում չունենալու պատճառով: «Ես
անօթեւան դարձա 1991-ից, երբ ստիպված վաճառեցի տունս: Անձնագիրս էլ կորցրել եմ մի
քանի ամիս առաջ: Մինչեւ հիմա կամ վարձով եմ ապրել, կամ փողոցում եմ գիշերել: Ընտանիք-բարեկամ՝
բոլորն ինձնից երես են թեքել: Այս ձմեռ էլ էի դրսում ու երեւի այդ ժամանակ էլ մրսեցի:
Զգում էի, որ գնալով թուլանում եմ: Խմում էի՝ խմելն էլ թողեցի, բայց էլի թուլությունս
կար ու ավելի էր ուժեղանում: Երեք ամիս առաջ պատահաբար հանդիպեցի ծանոթ բժշկի՝ մոսկվացի
Ստանիսլավ Պետրոսովին, օգոստոսին նա ինձ տարավ Ղարաբաղ, որ տուն-տեղ ստեղծեմ, կյանքս
դասավորեմ: Բայց ճանապարհին նկատելով, որ հազում եմ՝ հենց տեղ հասանք, տարավ ստուգման:
Պարզվեց, որ թոքախտ ունեմ: Բուժման չվերցրին, ասացին՝ փաստաթուղթ չունես, երեւանցի
ես, պիտի Երեւանում բուժվես: Վերադարձա ու գնացի Աբովյանի դիսպանսեր, նրանք էլ ուղարկեցին
Երեւան՝ Զեյթունի դիսպանսեր: Այստեղ էլ չընդունեցին, ուղարկեցին Քանաքեռի հիվանդանոց,
սրանք էլ՝ նորից հետ ուղարկեցին: Դիմեցի առողջապահության նախարարություն ու նրանց
զանգից հետո նոր Զեյթունի դիսպանսերում ստուգեցին, տեղեկանք տվեցին, որ հիվանդ եմ,
որպեսզի գնամ՝ անձնագիր հանեմ»,- այսքանը թոքախտով տառապողի վազքի սկիզբն է միայն:
Քաշքշուկի շարունակությունը այլ ոլորտում է՝ անձնագրային բաժիններ. Կենտրոնի
եւ Աջափնյակի: Առաջինում Ռոբերտը ստացել է խորհրդային, երկրորդում՝ Հայաստանի Հանրապետության
անձնագիր: Երկու բաժիններում էլ նույն պատասխանն են տվել՝ «գրանցում չունես, անձնագիր
չենք կարող տալ, գոնե պետք է մեկի տանը ժամանակավոր գրանցվես»: Հիվանդի պատճառաբանությանը,
թե՝ «որեւէ մեկը չունեմ, որ ինձ թույլ տա գրանցվեմ», նրանց չի հետաքրքրել: Վերջապես,
կրկին պատահական մի ծանոթի միջնորդությամբ, Աջափնյակի անձնագրային բաժնից հաջողվել
է «պոկել» կորցրած անձնագրի՝ բաժնում պահվող օրինակի պատճենը, եւ այն ներկայացնել
Զեյթունի՝ Երեւանի քաղաքապետարանի հակատուբերկուլյոզային դիսպանսեր: «Բայց գլխավոր
բժիշկը դա փաստաթուղթ չհամարեց, ասաց՝ իսկական անձնագիր է պետք, ես ստուգողներին
ո՞նց բացատրեմ, թե ում վրա եմ ծախսել այդքան դեղորայքն ու փողը: Էլի գնացի առողջապահության
նախարարություն, բայց հիմա էլ այստեղ առաջին հարկից վերեւ չթողեցին, անձնագիր ուզեցին:
Ես էլ եկա խմբագրություն»,- ոդիսականն ավարտեց Ռոբերտը: Նկատենք, որ ողջ այս
ճանապարհը նա անցել է, ունենալով ծանր ախտորոշում՝ թոքախտ, ինչը վտանգավոր է նրա
հետ շփված ցանկացած մեկի համար: Նույն՝ Զեյթունի հակատուբերկուլյոզային դիսպանսերը
նրան ստուգել ու տվել է տեղեկանք այսպիսի եզրակացությամբ. «Աջ թոքի վ/բ ինֆեկցիոն
տուբերկուլյոզ, քայքայման փուլում: Կարիք ունի ստացիոնար բուժման»: Տվել է ու մոռացել
«կարիքի» մասին: «Կառավարության որոշմամբ մենք անվճար կարող ենք բուժել միայն ՀՀ
քաղաքացիներին: Քաղաքացին պետք է փաստաթուղթ ներկայացնի անձնագրային վարչությունից,
որ նա կորցրել է անձնագիրը, հասցե չունի, եւ ՀՀ քաղաքացի է: Թող դրանով ու մնացած
փաստաթղթերով գա նախարարության մեր ընդունարան՝ մենք նրան կվերցնենք բուժման»,- «Առավոտին»
պարզաբանեց նախարարության բուժօգնության բաժնի պետ Կարինե Սիմոնյանը: Իսկ որ հիվանդը
վտանգավոր է հասարակության համա՞ր. «Քաղաքում այդպիսիք շատ կան, երբեմն նրանց մասին
պատկերացում էլ չենք ունենում, հասկանում եմ՝ վտանգ կա, բայց ի՞նչ կարող ենք անել,
պետք է իրենք լրիվ փաստաթղթերով գան, որ ձեւակերպենք»: Իսկ նախարարության տվյալներով,
տուբերկուլյոզով հիվանդների թիվը վերջին 10 տարիներին աճել է 2,5 անգամ, հիվանդությունն
առողջապահության ոլորտում ընդունվել է որպես պայքարի գերակա ճյուղ, կառավարությունն
ընդունել է նաեւ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիր, որը ֆինանսավորվում
է ոչ միայն պետբյուջեից, այլեւ՝ միջազգային կազմակերպություններից: Ինչ վերաբերում
է անձնագրի վերականգնման համար գրանցում պահանջելուն, ապա այստեղ նույնպես անօրինակություն
է թույլ տրվել՝ ՀՀ քաղաքացին իրավունք ունի անձնագիր ստանալ առանց հիմնական կամ ժամանակավոր
հաշվառման վայր ունենալու: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել