Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասպանը վերընտրվեց քաղաքապետ

Հոկտեմբեր 11,2005 00:00

Նոր Հաճնի 2160 բնակիչներ իրենց քվեն տվել են քաղաքապետ Արմեն Քեշիշյանին, որ մարդ էր գնդակահարել սեպտեմբերի 24-ին:

Նոր Հաճնի 8553 ընտրողներից քվեարկությանը մասնակցեցին միայն կեսը՝ 4437-ը: 1840-ը քվեարկեցին մյուս թեկնածուի՝ Բաբկեն Մարգարյանի օգտին: Անգամ ընտրված ավագանիների 80%-ն էլ են մարդասպան քաղաքապետի կողմնակիցները: Պնդում են, թե Արմեն Քեշիշյանը կալանավայրից զանգահարել է եւ շնորհավորել իր շտաբի անդամներին:

Մարդ սպանած քաղաքապետի նախընտրական շտաբի պետ Մարտին Խառատյանը «Տարեգրի» թղթակցին մինչ ընտրություններն էր կոչ արել չխոչընդոտել, որ «քաղաքը այս քաոսային իրավիճակից դուրս գա, մեր բնակչությանը կարողանանք ազատել այս անառողջ մթնոլորտից…»: Կարծես իր պաշտպանյալի ջանքերով չէր ստեղծվել այդ մթնոլորտը:

Ըստ «Տարեգրի»՝ ողջ նախընտրական պայքարի ընթացքում քաղաքապետի պաշտոնակատարը կալանավորված Արմեն Քեշիշյանի տեղակալ եւ հորեղբայր Էդիկ Քեշիշյանն է: Թերեւս այս գործոնն էլ դեր ունեցավ:

Իսկ ընտրությունների նախօրեին Քեշիշյանի նախընտրական շտաբն ընտրողներին դիմել էր հետեւյալ հայտարարությամբ. «Հարգելի համաքաղաքացիներ: Նկատեցի՞ք արդյոք, որ ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց, Ձեր լուռ ու արժանապատիվ պահվածքը աստիճանաբար հունից հանեց բոլոր նրանց, ովքեր ուզում էին Ձեր լարված ու համբերատար անդորրը վերածել քաոսի։ Ժամանակի սղությունը նրանց խուճապի է մատնում, ստիպում շտապել եւ թույլ տալ սխալներ, որոնք վարկաբեկում են հենց իրենց, ցուցադրում նրանց անզորությունը Ձեր լուռ վճռականության հանդեպ։ Նրանք այլեւս ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնում։ Օգտագործում են հանրապետական մամուլի ծախու գրչակներին՝ մեր քաղաքի վրա ցեխ շպրտելու, հերյուրանքներ տարածելու, այնպիսի անլուր զրպարտանքներ իբրեւ հաստատ ճշմարտություններ ներկայացնելու, որ մարդու արյունը սառում է երակներում։ Եվ այդ ամենն արվում է խորամանկ հաշվենկատությամբ։ Նպատակը մեկն է. հունից հանել մարդկանց, ստիպել այդ հերյուրանքները դարձնել հրապարակային քննարկման առարկա, մարդկանց հանել իրար դեմ, հրահրել կոնֆլիկտներ, քաղաքը բաժանել երկու բանակի եւ պառակտել նրա միասնությունը, բարոյական ու արժանապատիվ պահվածքը։

Այս նպատակով օգտագործվում է նույնիսկ Ազգային ժողովի բարձր ամբիոնը։ Որոշ պատգամավորներ, իրենց քաղաքական չնչին շահերից ելնելով, չարաշահում են մեր ժողովրդի ցավը, կսկիծն ու ապրած ողբերգությունը։ Նման անպատասխանատու եւ անհարգալից միջամտությունները մեր քաղաքի գործերին ուղղակի անբարոյականություն են։

Չարախոսներին ու բանսարկուներին դուր չի գալիս, որ չնայած ստեղծվող լարված իրավիճակին՝ քաղաքային մեր կառույցները գործում են հստակ ու անխափան, նրանց բնականոն գործունեությունը լիովին վերահսկվում է քաղաքապետարանի կողմից… Խորին շնորհակալություն մեր ժողովրդին, որ առճակատման տանող այս բոլոր սադրանքներին իր հակահարվածը տալիս է միայն ու միայն լուռ, արժանապատիվ պահվածքով։ Եվ դա է երաշխիքը մեր խորին համոզմունքի, որ հոկտեմբերի 9-ին մեր համաքաղաքացիները, իրենց ներքին իմաստուն ձայնին ունկնդիր, մեկ մարդու պես ներկայանալու են իրենց ընտրատեղամասերը, եւ ամեն մարդ քաղաքացիական պարտքի խոր գիտակցությամբ եւ հետեւելով միայն իր խղճի ձայնին՝ քվեարկելու է իր թեկնածուի օգտին։ Մեր կողմից վստահեցնում ենք, որ ոչինչ եւ ոչ ոք չի կարող խանգարել Ձեզ՝ Ձեր կարծիքը քվեարկելու միջոցով արտահայտելու համար»:

Կարծում ենք՝ կարիք չկա որեւէ մեկնաբանության:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել