Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբեր 11,2005 00:00

Հոկտեմբերի
9-ին Արարատի մարզի 68 համայնքներ ընտրեցին իրենց ղեկավարներին: Ընդդիմադիր գրեթե
ոչ մի թեկնածու չէր մասնակցում այս ընտրություններին: Այդ «գրեթե»-ն Քաղցրաշեն
գյուղի համայնքապետ, ՀՀՇ-ական Ղուկաս Մկրտչյանն է, որը վերընտրվեց, թեեւ ուներ 3
մրցակիցներ: Եթե չափավոր ընդդիմություն համարենք նաեւ ՄԱԿ-ին՝ պիտի նշենք, որ բացառություն
էր նաեւ նրա ներկայացուցիչ Հակոբ Դալլաքյանը, որը վերընտրվեց Գետափի գյուղապետի պաշտոնում:
Համայնքապետերի մնացած թեկնածուները եթե անկուսակցական չէին, ապա բացառապես
կոալիցիայի կուսակցությունների ներկայացուցիչ էին: ՕԵԿ անդամ թեկնածուները
8-ն էին: Համայնքապետ ընտրվեցին 3-ը, որոնք բոլորն էլ գործող գյուղապետեր են: ՀՅԴ-ն
առաջադրել էր 7 թեկնածուներ: Համայնքապետ վերընտրվեցին 4-ը, ընդ որում՝ նրանցից մեկը
Բերքանուշի գյուղապետ Մանվել Հայրապետյանն առաջադրված էր միայնակ: Իսկ Դեղձուտ գյուղում
գործող գյուղապետի դեմ, որ դաշնակցական է, թեկնածություն էր առաջադրել ՀՅԴ մեկ այլ
անդամ: Փոքր Վեդի գյուղի չվերընտրված գյուղապետ Գառնիկ Մանուկյանը բողոքարկել
է արդյունքները՝ պահանջելով վերահաշվարկ: Նրա եւ մրցակցի՝ հանրապետական Նորիկ Ոսկանյանի
(նախկին գյուղապետն է եւ մարզպետարանի աշխատակից) ձայների տարբերությունն ընդամենը
20-ն է: Մենք ընտրության օրն այցելել ենք Փոքր Վեդի գյուղի 18/22 տեղամասը, որտեղ
ժամը 13-ին կուտակումներ կային ու հերթեր: Սակայն Գառնիկ Մանուկյանի վստահված անձը՝
Կորյուն Կիրակոսյանը, վստահեցրեց, թե նորմալ է ընթանում քվեարկությունը: Ընդգծենք,
որ Փոքր Վեդու գյուղապետից ստացվածը միակ բողոքն է՝ Արարատի մարզի 16, 17 եւ 18 ընտրատարածքային
հանձնաժողովներից եւ ոչ մեկում երեկ սահմանված ժամկետում չէին ստացվել այլ բողոքներ:
Ամենաշատ թեկնածուներն ուներ ՀՀԿ-ն: Այս ընտրություններին մասնակցում էին
31 հանրապետականներ, եւ 19-ը հաղթանակեցին: ՀՀԿ Արարատի մարզային խորհրդի ղեկավար,
ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասաց. «Ձգտել ենք ՀՀԿ անդամ թեկնածուներ առաջադրել
այն բոլոր համայնքներում, որտեղ գյուղապետերն այլ կուսակցության անդամ են: Բայց այն
տեղերում, որտեղ գյուղապետի աշխատանքից դժգոհություն չկա՝ պաշտպանել ենք նրան՝ անկախ
կուսակցականությունից»: Զանգակատուն եւ Այնթափ գյուղերում իրար հետ մրցակցում
էին երկուական հանրապետականներ: Այնթափում վերընտրվեց գործող գյուղապետ ՀՀԿ անդամը,
իսկ Զանգակատուն գյուղում գործող համայնքապետ հանրապետականի դեմ իր թեկնածությունն
առաջադրած Արմենակ Սիմոնյանը դուրս եկավ ՀՀԿ-ից եւ ինքնաբացարկ հայտարարեց ընտրություններից
մեկ օր առաջ, թեեւ նրա անունը մնաց քվեաթերթիկում: «Մենք նրան մեր կարծիքն ասել էինք,
որ ճիշտ չէ քո առաջադրվելը»,- պատմեց Լեռնիկ Ալեքսանյանը: Եթե նույն կուսակցության
անդամներն էին իրար հետ մրցակցում, բնական է, որ կոալիցիայի անդամ տարբեր կուսակցության
ներկայացուցիչներ էլ էին թեկնածուներ առաջադրել իրար դեմ: Ասենք, Մարմարաշենում գործող
գյուղապետի դեմ, որ ՕԵԿ անդամ է, թեկնածություն էր առաջադրել ՀՀԿ անդամը եւ պարտվեց:
Բարձրաշենում ՕԵԿ անդամը պարտվեց դաշնակցական գյուղապետին: Արաքսավանում գործող գյուղապետը,
որ հանրապետական է, իր տեղը չզիջեց ՕԵԿ-ի թեկնածուին: Ոսկետափ գյուղում ՀՀԿ-ի թեկնածուն՝
Վաչիկ Ղազարյանը, չկարողացավ հաղթել դաշնակցական Սարգիս Աբրահամյանին, որ գործող
գյուղապետն է: Մեկ էլ Լուսաշող գյուղում հանրապետականները պարտություն կրեցին իրենց
կոալիցիոն գործընկերոջից՝ այս անգամ, ՕԵԿ անդամից, որ գործող գյուղապետն է: Սա
բացահայտ ընտրապայքարն է, մինչդեռ կար նաեւ փոքր-ինչ քողարկված մրցակցություն: Ասենք,
Արարատ գյուղում վերընտրվեց գործող գյուղապետ Գրիգոր Մելքոնյանը, որ Վազգեն Սարգսյանի
քեռին է: Նրա թեկնածությունը պաշտպանում էր ՀՀԿ-ն: Մինչդեռ ՀՅԴ խմբակցության անդամ,
Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահ Արայիկ Գրիգորյանն այս գյուղում ուներ իր
պաշտպանյալ թեկնածուն՝ Արամայիս Գրիգորյանը: Ընդհանուր առմամբ, գործող գյուղապետերի
գերակշիռ մեծամասնությունը վերահաստատել են իրենց դիրքերը: 68 համայնքներից միայն
15-ում է, որ ընտրվել է նոր ղեկավար: Տեղին է նշել, որ հոկտեմբերի 9-ին վերընտրվեցին
նաեւ Մասիսի եւ Վեդու քաղաքապետերը, որոնք 2-ն էլ հանրապետական են: Վեդու քաղաքապետ
Վարուժան Բարսեղյանը միայնակ էր մասնակցում ընտրությանը՝ մրցակիցը հայտարարել էր
ինքնաբացարկ: Արարատի ընտրությունների եւս մի առանձն ահատկություն. Բյուրավանի
համայնքապետ դարձավ կին թեկնածու՝ Անուշ Սեդրակյանը, հաղթելով գործող գյուղապետին,
որ դաշնակցական է: Խիստ ուրախալի է կնոջ հաղթանակը, բայց այն թերեւս անհնար լիներ,
եթե Անուշ Սեդրակյանը բարեկամական կապեր չունենար տարածքային կառավարման նախարարի
հետ: Թեեւ գուցե սխալվում ենք, եւ պատճառը միայն Անուշ Սեդրակյանի աշխատանքն է՝ 1996-ից
Բյուրավանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար քարտուղարն է: Ազատավանի համայնքը
ղեկավարելու հայտ էր ներկայացրել մեկ այլ կին՝ Արուս Հովհաննիսյանը, որը սահմանված
ժամկետում ներկայացրել էր ինքնաբացարկ: Այս կինն, իմիջիայլոց, Տիգրան Կարապետյանի
«Ժողովրդական կուսակցության» միակ ներկայացուցիչն էր, որ փորձել էր մասնակցել մարզային
ընտրությանը: Բնականաբար, զուտ ներիշխանական այս ընտրությունները շատ խաղաղ
ընթացք ունեցան՝ տեղ-տեղ անգամ տոնական (բազմաթիվ ընտրատեղամասերում բարձր հնչում
էին հարսանիքային մեղեդիներ): Թեեւ նկատելի էր, որ շատ համայնքներում անգամ բաց քվեարկություն
է ընթանում՝ քվեաթերթիկները քառապատիկ ծալված չէին եւ անզեն աչքով իսկ երեւում էին
ընտրության արդյունքները, սակայն վստահված անձինք մեր հարցերին ի պատասխան բոլոր
վայրերում պատասխանում էին, թե չունեն եւ ոչ մի բողոք: Կային նաեւ անճշտություններ
ցուցակներում, ու Արարատի մարզում դատական կարգով իրենց ընտրության իրավունքը վերականգնեցին
271 հոգի: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել