Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԱԾ ԵՆ

Հոկտեմբեր 11,2005 00:00

Սահմանադրական հանրաքվեի քարոզչությունն
արդեն մեկնարկել է, սակայն ոչ ընդդիմությունը եւ ոչ էլ իշխանությունն առանձնապես
աչքի չեն ընկնում ակտիվությամբ. վերջինս կարծես սպասում է Ռոբերտ Քոչարյանի «երեք-ույու-չորս»-ին,
սա ըստ իշխանական մի պատգամավորի, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում:
Թեպետ կոալիցիան վաղուց է հայտարարում, թե իր քարոզչությունը կսկսի սահմանադրական
շտաբի ձեւավորումից հետո, սակայն այն դեռեւս ձեւավորված չէ, կձեւավորվի առաջիկա օրերին:
Ըստ էության՝ կոալիցիան ինքն իրեն դժվարին դրության մեջ դրեց, երբ հայտարարեց, թե
շտաբը պետք է ղեկավարի հասարակության մեջ վստահություն եւ հեղինակություն վայելող,
չվարկաբեկված մարդ: Չգտնվեց այդպիսի մեկը ամբողջ իշխանական համակարգում եւ հասարակության
մեջ, ուստի կոալիցիան հիմա էլ որոշել է սահմանադրական քարոզչությունը իրականացնել
առանց շտաբի պետի, այսինքն՝ շտաբի պետի փոխարեն կլինի խորհրդակցական մարմին, որի
կազմում կընդգրկվեն ինչպես քաղաքական ուժեր, այնպես էլ հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ: «Ես գտնում եմ, որ ավելի ճիշտ կլինի ունենալ խորհրդակցական մարմին,
որը կկոորդինացնի աշխատանքները, որպեսզի բոլորի իրավունքներն ու պատասխանատվությունը
հավասարակշռված լինեն»,- երեկ մեզ բացատրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Քարոզչությունը լինելու է ավելի շատ թերթերի, հեռուստատեսության, սահմանադրական փոփոխությունների
տպագիր տարածման ձեւով, քարոզչական միջոցները շատ են լինելու. «Ե՛վ մամուլն է օգտագործվելու,
ե՛ւ հեռուստատեսությունը, կլինեն պլակատներ, մատչելի ձեւով վերլուծականներ, իսկ մարզեր
այցելությունների համար կձեւավորվի հատուկ քարոզչական խումբ. դրա մեջ կլինեն հասարակական,
քաղաքական կազմակերպություններ, եւ շտաբում կորոշվի, թե ով՝ ուր է գնում»: Կձեւավորվեն
նոր հանձնաժողովներ, նախընտրությունը կտրվի նրանց, ովքեր ավելի գիտակ են: Մեր դիտարկմամբ՝
ՏԻՄ ընտրություններում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանձնաժողովների
հիմնական կորիզն արդեն փորձարկվեց, եւ մոտավորապես պարզ է, թե սահմանադրական հանրաքվեի
ժամանակ ովքեր կլինեն տարածքային հանձնաժողովներում՝ նրանք, ովքեր ավելի գիտակ եւ
փորձառու գտնվեցին քաղաքապետերի, գյուղապետերի եւ ավագանու ընտրությունների արդյունքների
վրա իրենց ունեցած ազդեցություններում: «Արդարություն» դաշինքը պատրաստվում
է ակտիվ հակաքարոզչության, եւ Վիկտոր Դալլաքյանը արդեն գրել է մի կոչ, որը կհաստատվի
դաշինքի՝ չորեքշաբթի տեղի ունենալիք նիստում: Այդ կոչով կդիմեն ընտրողներին եւ կփորձեն
համոզել, որ պետք է գնալ քվեարկության եւ սահմանադրական փոփոխություններին ասել վճռական
«ոչ»: Կոչում նշվելու է. «Եթե պաշտոնանկությունից հետո «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության
կամ մասնավորեցման խայտառակ փաստերի հետ կապված պարզվի, որ Քոչարյանը դերակատարություն
ունի, ապա Սահմանադրության ուժով նա կլինի անձեռնմխելի, կկարողանա ձեռք բերել հանրապետության
նախագահ առաջադրվելու նոր հնարավորություն՝ Արցախի բանակցային գործընթացի ժամանակ
կփորձի այս կամ այն ձեւով սակարկությունների առարկա դարձնել Հայաստանի տարածքը. այդպիսի
հանցագործություն կատարելուն է միտված նախագծի 81 հոդվածը: Զանազան պատրվակներով
ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելու միջոցով անորոշ ժամանակով երկարաձգելու
իր պաշտոնավարությունը (դրան են միտված նախագծի 53/1, 55 հոդվածի 13 եւ 14 կետերը)»:
«Արդարությունը» պետք է համոզի հասարակությանը, որ «ոչ» ասելով Սահմանադրության
նախագծին, հասարակությունը «ոչ» է ասում «այն վարչախմբին, որը պատասխանատու է «Հոկտեմբերի
27»-ի քաղաքական ահաբեկչության համար, կեղծել է 98 եւ 2003-ի ընտրությունները, 2004-ի
ապրիլի 13-ին խաղաղ ժողովրդի հանդեպ վայրագություններ է իրականացրել, գործելաոճ է
դարձրել զանգվածային բռնությունները եւ մարդու իրավունքների ոտնահարումը, մասնավորեցման
անվան տակ թալանել է ժողովրդի ունեցվածքը» եւ այլն: «Ազգային միաբանություն»
կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին հարցրինք, թե իր գլխավորած կուսակցությունը
սահմանադրական հանրաքվեի հակաքարոզչության համար ինչպիսի՞ ձեւ է ընտրել. «Ձեւը լինելու
է շատ արդյունավետ»,- կարճ պատասխանեց Արտաշես Գեղամյանը, որը վստահ է, որ չի կարելի
բացել բոլոր փակագծերը: Այլապես, ըստ ԱՄ նախագահի, իշխանությունը հակաքայլերի հնարավորություն
կստանա: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել