Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իտալական

Հոկտեմբեր 08,2005 00:00

Իտալական մշակույթին նվիրված օր Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում հայ-իտալական օրերի շարքում բացվեց երկու երկրների պատմամշակութային առնչություններին վերաբերող երկօրյա գիտաժողովը: Այն նվիրված էր Հայաստանի եւ Իտալիայի դարավոր եւ հարուստ պատմական, մշակութային կապերին, շփումներին, ինչպես նաեւ Իտալիայում հայերի ներկայությանն ու գործունեությանը, իտալական մշակույթում նրանց բերած նպաստին: Գիտաժողովը բացեցին ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, Մխիթարյան միաբանության աբբահայր Եղիա վարդապետ Քիլաղբյանը: «Դժբախտաբար, Սովետ Միությունում գտնվող Հայաստանը, վարվող քաղաքականության համաձայն, չէր կարող կապեր պահպանել Սուրբ Ղազարի հետ: Սակայն Մխիթարյան միաբանությունը միշտ էլ Իտալիայում եւ համայն հայության համար իրականացրել է հայանպաստ գործունեություն»,- ասաց հայր Եղիան: Գիտաժողովի առաջին օրվա զեկույցները նվիրված էին հայ-իտալական պատմամշակութային կապերին, գեղարվեստական առնչություններին, Մխիթար Սեբաստացու եւ Մխիթարյանների ստեղծագործ ոգուն, մշակութային, բանասիրական վաստակին, Ղեւոնդ Ալիշանի եւ Լեւոն Չորրորդի կողմից սիցիլիացիներին շնորհված արտոնություններին (բանախոս՝ Մարկո Բաիս), Վահրամ Փափազյանի իտալական դպրոցին (Հենրիկ Հովհաննիսյան) եւ այլ լուրջ ու հետաքրքիր զեկույցներ՝ իտալացի եւ հայ մտավորականների մասնակցությամբ: Գիտաժողովը իր աշխատանքները կշարունակի նաեւ այսօր: Օրվա երկրորդ կեսը մշակութային էր: Այն նվիրված էր կինոարվեստին: «Տավիանի եղբայրների արվեստը» խորագրով ֆիլմերի հետահայաց ցուցադրման բացման կապակցությամբ Ազգային պատկերասրահում հանդիպման էին եկել Պաոլո եւ Վիտտորիո Տավիանիները: Նրանք պատմեցին իրենց արվեստի մասին. «Մենք սովորաբար ֆիլմի մասին չենք խոսում՝ մինչեւ պատրաստ լինելը: Ո՞վ գիտե՝ ինչ դուրս կգա: Այժմ Անտոնինա Արսլանի «Արտույտների ագարակը» գրքի հիման վրա նկարահանում ենք ֆիլմ, որն ընթացքի մեջ է»: Հարցին, թե գլխավոր դերում կխաղա՞ արդյոք Արսինե Խանջյանը, Վիտտորիո Տավիանին պատասխանեց. «Դերասանների ընտրության հարցը եւս ընթացքի մեջ է: Արսինեն՝ մեր կողմից շատ սիրված անձնավորություն, ընտրվելիք դերասանների ցուցակում է: Սակայն չենք ուզում շտապել: Կարծում եմ, որ ֆիլմ նկարահանելը նման է եկեղեցի կառուցելուն»: Խոսվեց նաեւ համաշխարհային կինոշուկայի, ֆիլմերի պահանջարկի եւ առաջարկի մասին: «Այսօր աշխարհն այնպիսին է, որ Ֆրանսիայում կարող են չիմանալ իտալական ֆիլմերը եւ հակառակը: Խոսքն, իհարկե, ժամանակակից կինոյի մասին է: Ամբողջ կինոաշխարհը հեղեղված է ամերիկյան կինոֆիլմերով եւ կարծես տեղ չի մնում ֆրանսիական, գերմանական, ուր մնաց թե՝ հայկական ֆիլմերի համար»,- հանդիպման մասնակիցներին պատմեցին Տավիանի եղբայրները: Երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի նրանց «Հայրը՝ տիրակալ» ֆիլմը, որին ներկա կլինեն նաեւ հեղինակները: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել