«ՉՍՏԱՑՎԱԾ» ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ԹԱՏԵՐԱԳԵՏ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ» Դժգոհեց թատերագետ Լեւոն Մութաֆյանը Նա եկել էր խմբագրություն՝ իր զայրույթն արտահայտելու մեր թերթի համարներից մեկում հրապարակված «Թատերական քննադատները արթնանում են նիրհից» հոդվածի առնչությամբ: Հոդվածում տեղ էր գտել երիտասարդ թատերագետ, Թատերական գործիչների միությունում վերջերս ստեղծված թատերագիտական բաժանմունքի նախագահ Անուշ Ասլիբեկյանի քննադատական խոսքը՝ նորանկախ Հայաստանում իր կոլեգաների պասիվ գործունեության մասին: «Թեեւ Անուշի անձը ինձ համար համակրելի է, երիտասարդ թատերագետների մեջ նա քիչ թե շատ շնորհալի դեմք է, բայց ինձ զայրացրել էին նրա ուսուցողական մտքերը»,- ասաց մեր հյուրը: Լ Մութաֆյանը համոզված է, որ թատերագետների պասիվությունը գալիս է բուհից: Նա տեղեկացրեց, որ այսօր Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում թատերագիտական կուրսի ղեկավարները այլ մասնագետներ են. «Ինստիտուտի այդ բաժնում դասավանդում է թատերագիտական մասնագիտությամբ մի դասախոս՝ Դանիլովան: Իսկ ճանաչված արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը թատերագիտական ֆակուլտետից ոչ մի ասպիրանտ չի վերցնում»: Մեր հարցապնդմանը՝ նշել, օրինակ, այդ բաժնում ովքեր են այն ոչ մասնագետները, որ թատերագիտություն են դասավանդում բուհում, Լ. Մութաֆյանը թվարկեց՝ Նարինե Սարգսյան (մասնագիտությամբ՝ ռեժիսոր), Գրիշա Օրդոյան (դերասան) եւ այլք: «Արդեն որերորդ տարին է, որ այլ ֆակուլտետներից դուրս մնացածներին ինստիտուտի ղեկավարությունն առաջարկում է թատերագիտական ֆակուլտետը: Եվ նշեմ, որ ինստիտուտը ընդհանրապես կտրված է թատերական միջավայրից: Փաստորեն չստացված դերասանն ու ռեժիսորն են գնում գիտություն»,- ավելացրեց պրն Մութաֆյանը: Նա նշեց նաեւ, որ ինստիտուտի այս ոլորտի բացթողումներից մեկն էլ այն է, որ երբեք բուհում չեն կազմակերպվում ուսանողական գիտական նստաշրջաններ: Բացի այդ, ուսանողական «Արվեստ» թերթում ինքը երբեք չի հանդիպել թատերագիտական հոդվածների, քննադատության. «Եթե լինում են թատերագիտական նյութեր, դրանք ահավոր պրիմիտիվ են»: Մեր զրուցակիցը դժգոհեց նաեւ մամուլից. «Ես ինքս թերթերին առաջարկել եմ բազմաթիվ հոդվածներ, իսկ հրապարակվելուց հետո դրանք նմանվել են լուրերի»: Հարցին՝ «Վերջապես դուք կունենա՞ք մասնագիտական թերթ, թատերագետն ասաց. «Ամենամոտ ժամանակներում, ի վերջո, մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի աջակցությամբ լույս կտեսնի «Թատրոն» թերթը»: Բայց վերջինս էլ այնքան չի սփոփում մեր զրուցակցին, որովհետեւ լայն մասսաների համար աշխատող TV-ները եւ ռադիոկայանները այսօր կարծես ճանաչում են երկու թատերագետի՝ Վարսիկ Գրիգորյանին եւ Հայկազ Երանոսյանին: Լ. Մութաֆյանը հիշեց. վերջերս «Արմմոնո» փառատոնի շրջանակներում, «Լիր արքայից» հետո, երբ ինքը մոտեցել է Կարեն Ջանիբեկյանին ու ասել, որ նրա Լիր արքան վատն էր, դերասանին այդ պահին մոտեցել են տարբեր հեռուստաընկերությունների լրագրողուհիներ ու սկսել գովերգել վերջինիս, Կարեն Ջանիբեկյանն էլ շրջվել է իր կողմն ու ասել. «Ես ձեր՝ թատերագետների…»: Զրույցի ընթացքում կարեւորելով Թատերական գործիչների միության դերը թատերագետների ստեղծագործական կյանքում, Լ. Մութաֆյանը տեղեկացրեց, որ, օրինակ, «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հանձնախմբում ոչ մի թատերագետ չի ընդգրկվում կամ միության աշխատանքները կարծես սահմանափակվում են հուշ-երեկոներով: «Նախկինում կար բեմադրության հանձնում, փակ դիտումներ՝ մշակույթի նախարարության կողմից լիազորված մասնագետներով, լավ կլիներ այդ ամենը վերականգնեին, թե չէ՝ մեռանք նախանձելով ռուսներին, նրանք թատրոն են ծնում, մենք քայլում ենք թատրոնի հետեւից»,-ասաց թատերագետը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ