Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞

Հոկտեմբեր 08,2005 00:00

Քանի՞ տարեկան է Բժշկական համալսարանը Տա՞սը, յոթանասունհի՞նգ, թե՞ ութսունչորս Այս տարի լրանում է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակը, որը նախատեսվում է աշնանը նշել մեծ շուքով։ Պաշտոնապես եւ բոլոր աղբյուրներում բուհի հիմնադրման տարեթիվը ընդունված է համարել 1930 թ.՝ սակայն: 1920թ. փետրվարի 15-ին բացվել է Երեւանի միջնակարգ բժշկական դպրոցը, որը ընդունել է իր առաջին 35 ուսանողներին։ 1920 թ. հոկտեմբերի 9-ին նույն տարում հիմնադրված Հայաստանի պետական համալսարանի ( ՀՊՀ) տեսուչ Յ. Ղամբարյանը զեկուցագիր է ներկայացնում ՀՀ հանրային կրթության նախարարին՝ բժշկական ֆակուլտետ բացելու անհրաժեշտության մասին։ ՀՀ հանրային կրթության եւ արվեստի նախարարի պաշտոնակատար Պ. Սոտնիկյանը գրություն է ներկայացնում նախարարների խորհուրդ՝ բժշկական ֆակուլտետ բացելու առաջարկով։ 1920 թ. հոկտեմբերի վերջին ընդունվում է «Համալսարանում բժշկական ֆակուլտետի բացման մասին օրենքը»։ Իսկ նոյեմբերի 29-ին Հայաստանում հռչակվում է խորհրդային իշխանություն, եւ քաղաքական անբարենպաստ պայմանների պատճառով բժշկական ֆակուլտետ բացելու խնդիրը հետաձգվում է։ 1921 թ. ՀԽՍՀ ժողկոմխորհի նոյեմբերի 3-ի որոշմամբ, Երեւանի քաղաքային հիվանդանոցին առընթեր հիմնադրվում է բարձրագույն բժշկական դպրոց: 1922թ. հունվարին դպրոցի առաջին կուրսում սովորելու ընդունվեց 74 ուսանող։ Դասախոսությունները կարդացվում էին Երեւանի համալսարանի շենքում։ Սա, ըստ էության, իրենից ներկայացնում էր ապագա բժշկական ինստիտուտը։ 1922 թ. առժողկոմ Ս. Լազարեւը Հայաստանի կառավարությանը, լուսժողկոմին եւ համալսարանի ղեկավարությանը առաջարկում է բարձրագույն բժշկական դպրոցը միացնել համալսարանին, որպես բժշկական ֆակուլտետ։ 1922 թ. մարտին Երեւանի բարձրագույն բժշկական դպրոցի հիմքի վրա ստեղծվում է ԵրՊՀ բժշկական ֆակուլտետը։ Հաշվի առնելով, որ բարձրագույն բժշկական դպրոցի սովորողների թիվը անհամեմատ քիչ է, համալսարանի խորհրդի որոշմամբ, 1922 թ. ամռանը բժշկական ֆակուլտետը կատարում է լրացուցիչ 122 դիմորդի ընդունելություն։ 1922-28 թթ. ընթացքում մեկը մյուսի հետեւից հիմնադրվում են բժշկական ֆակուլտետի մասնագիտական ամբիոնները։ 1922-30 թթ. ընթացքում ֆակուլտետի ուսանողների համար հրատարակվում է 17 դասագիրք։ Լինելով պետական համալսարանի կազմում, ֆակուլտետը գործում է միանգամայն սպեցիֆիկ, բժշկական բուհին բնորոշ սկզբունքներով։ 1930թ. դրությամբ բժշկական ֆակուլտետի բոլոր կուրսերում սովորում էր 270 ուսանող։ 1930 թ. ԵրՊՀ բժշկական ֆակուլտետի հիմքի վրա ստեղծվում է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը, որը 1989 թ. անվանակոչվում է Մխիթար Հերացու անվամբ։ 1995թ. ինստիտուտը վերակազմավորվում է Երեւանի պետական բժշկական համալսարանի։ Իսկ ահա թե ինչ է ասում հայ բժշկության պատմության նահապետ ակադեմիկոս Լ. Հովհաննիսյանը. «Երեւանի բժշկական ինստիտուտը հիմնադրվել է 1922թ. նոյեմբերին…»: Այսպիսով, ինչպես տեսանք, բժշկական ինստիտուտը, աշխարհի շատ այլ ուսումնական հաստատությունների պես, ապրել է իր ստեղծման ու զարգացման օրինաչափ էվոլյուցիան՝ 1921 թ. հիմնադրվել է որպես բարձրագույն բժշկական դպրոց (ըստ էության՝ ինստիտուտի կարգավիճակով), 1922 թ.՝ վերաճել բժշկական ֆակուլտետի (դարձյալ բարձրագույն դպրոցի կազմում), 1930 թ. առանձնացել է որպես բժշկական ինստիտուտ, 1995 թ.՝ դարձել բժշկական համալսարան։ Հետեւությունը մեկն է՝ Երեւանի բժշկական համալսարանը հիմնադրվել է 1921 թվականին։ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ ԵՊԲՀ 1976թ. շրջանավարտ, հոգեբույժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել