Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇ

Հոկտեմբեր 08,2005 00:00

ՈՐՈՇ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԽԵՂԴՈՑ Է Որոշ բուհերում էլ պահպանվում են բոլոր նորմերը, ընդհուպ՝ մինչեւ զուգարանային հերթափոխ Մեր պետական բուհերի առանձին մասնաշենքերում սովորող ուսանողների թիվը, պարզվում է, ավելի շատ է, քան թույլ են տալիս շենքային պայմանները: Լսարան չլինելու պատճառով ուսանողները 150 հոգանոց խմբերով են դաս պարապում, ավելին՝ երբեմն էլ ստիպված են լինում դասը սրճարաններում անցկացնել: Սա՝ ուսանողների հավաստմամբ: Օրինակ՝ Ալեք Մանուկյան փողոցի՝ ուսանողներին հայտնի «Սմաք», «Աքվա» սրճարաններում կարելի է հանդիպել ԵՊՀ-ի, մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի, տնտեսագիտականի ուսանողներին՝ իրենց դասախոսի հետ զրույց-դաս անցկացնելիս: Մեզ հետ զրույցում ուսանողները պատմում էին, որ եղել են դեպքեր, երբ լսարանի մոտ տարբեր կուրսերի ուսանողների հերթեր են գոյացել՝ դաս պարապելու համար: Եվ այդ դեպքերում օգնության են հասնում սրճարանները: Ուսանողները, սակայն, չէին դժգոհում այդ անսովոր պայմաններից եւ չէին ցանկանում ներկայանալ, որպեսզի ասվածն իբրեւ բողոք չհնչի: Նույն պատկերն է դասամիջոցներին: Ուսանողներն այնքան շատ են, որ խեղդոց է եւ շնչել չի լինում: Սակայն բուհերի ղեկավարներին ավելի շատ մտահոգում է վարձավճարի հետ կապված հարցը. նրանք առիթը բաց չեն թողնում վճարովի համակարգում կրկին ու կրկին ընդունելություններ անել: Իսկ նման մի առիթի վերջերս ականատես եղանք, երբ առանց տարկետման իրավունքի, տեղերի լրացուցիչ մրցույթով եւս 700 հոգի բուհ ընդունվեց: Այս առնչությամբ «Առավոտը» մի քանի բուհերից հետաքրքրվեց՝ պահպանվո՞ւմ են ուսանողին հասանելիք տարածքի նորմատիվները, թե՞ ոչ: Բուհերի ներկայացուցիչների պաշտոնական պատասխանները խիստ տարբերվում էին ուսանողների ներկայացրածից: Երեւանի պետական բժշկական համալսարանում, սովորողների պատմելով, իրենք երբեմն միջանցքներում են դաս պարապում: Խոսքը մասնավորապես վերաբերում է արտասահմանցի ուսանողների ռուսերենի դասերին: Սակայն այս բուհի ուսխորհրդի նախագահ Կարեն Ավագյանի հավաստմամբ՝ բժշկականը լսարանի խնդիր չունի. «Մեզ մոտ լսարաններն այնքան մեծ են, որ 200-300 հոգով էլ կարող են դաս պարապել եւ միայն դասախոսություններ լսելու ժամանակ է այդպես: Մնացած ժամերը տասը հոգանոց խմբերով են անցկացվում: Բացի այդ, բարձր կուրսեցիները հիմնականում լինում են կլինիկաներում: 1991-92 թթ. 1900 ուսանող լրացուցիչ ընդունվեց բժշկական, այնպես որ ինչքան էլ ընդունվեն՝ տեղ կա»: Ուսանողներով ծանրաբեռնված է նաեւ Երեւանի պետական համալսարանը, հատկապես բանասիրականի մասնաշենքը: Այստեղ են գտնվում բանասիրական, ժուռնալիստիկայի, ռոմանագերմանական եւ արեւելագիտության ֆակուլտետները: Չնայած այս մասնաշենքում դասերը երկու հերթով են, բայց նորից լսարանների պակաս կա: ԵՊՀ լրատվական ծառայության ղեկավար Ժաննա Մխիթարյանն էլ բացառեց, որ մայր բուհը շենքային պայմաններից «խեղճանում» է: Նրա ներկայացմամբ՝ «Դասաժամերին յուրաքանչյուր նստարանին երկու-երկու են նստում եւ այնպես չի լինում, որ երեքով նստեն»: Համալսարանի ռեկտորատը մասնաշենքի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար նախատեսել է մի քանի ֆակուլտետներ տեղափոխել նոր շենք, որ գտնվում է Աբովյան փողոցում, սեւ շենքի հարեւանությամբ: Սակայն, մեր տեղեկություններով, շենքի դիրքը (4 կողմից շրջափակված է շինություններով) դասախոսների եւ ուսանողների սրտով չէ: Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց բուհում բոլոր տեսակի նորմերը պահպանվում են, նույնիսկ զուգարանի մոտ հերթապահություն է նշանակված. «Մեր լսարանները այնպես են նախատեսված, որ իրար գլխի չնստեն»: Լիցենզավորման եւ հավատարմագրման վարչության տրամադրած տվյալներով՝ ուսանողներին հատկացվող տարածքի նորմատիվները մշակվում են ըստ մասնագիտությունների եւ ոչ թե՝ ըստ բուհերի: Օրինակ, արվեստի բուհերի համար՝ մինչեւ 33 քմ, մյուսներում՝ լսարանային տարածքը յուրաքանչյուրին 2.2 քմ, իսկ ընդհանուր հաշվով՝ միջանցքների, ուսումնալաբորատոր տարածքների, սանհանգույցի հետ միասին՝ յուրաքանչյուրին 8 քմ: Ըստ նախնական լիցենզավորման՝ բոլոր բուհերը համապատասխանում են պահանջվող չափանիշներին: Լիցենզավորում չի անցել միայն Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Լիցենզավորումից հետո էլ վարչությունն ամեն տարի պետք է վերստուգի պայմանները, ինչը դեռ չի արել այս տարի: Բայց դա էլ չի փրկի. ստուգումն առանձին մասնաշենքերով չի արվում, այլ՝ ուսանողների թիվը համեմատվում է բուհի ողջ տարածքի հետ: Այնպես որ՝ վերոնշյալ խնդիրն առանձին մասնաշենքերում ոչ մեկի կողմից, ըստ էության, չի վերահսկվում եւ մնում է առկախ: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել