Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ մեղքով է ընկնում դպրոցի որակը

Հոկտեմբեր 08,2005 00:00

Ո՞ւմ մեղքով է ընկնում դպրոցի որակը Առօրյա խոսակցություններում շատ ենք հանդիպում քննադատությունների՝ դպրոցի հասցեին։ Ընդ որում՝ ավելի շատ ուսուցիչների հասցեին, քան աշակերտների։ Որ ուսուցիչն այսօր անշահախնդիր նվիրում չունի, որ դպրոցներում ծաղկում է դրամահավաքությունը, իսկ խեղճ աշակերտներն էլ դասախոսի մոտ են պարապում, եւ ստիպված են ամիսներով դպրոց չհաճախել։ Բայց այդպես չէր նախկինում եւ այլն։ Փորձենք այս ամենը ներկայացնել հին ու նոր սերնդի ուսուցիչների տեսանկյունից։ Շավարշ Մաթեւոսյանը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի միջնակարգ դպրոցում երկար տարիներ դասավանդել է քիմիա եւ կենսաբանություն։ Նա ունի 63 տարվա աշխատանքային ստաժ։ «Աշակերտների մեծ մասը չի սիրում դասագիրք բացել, տնային աշխատանք կատարել, թրեւ են գալիս։ Բայց, իհարկե, ուսուցչի մեղքն էլ կա։ Առաջ ուսուցիչը պատրաստվում էր դասին, կոնսպեկտ էր կազմում, դիդակտիկա էր նախապատրաստում։ Հիմա լաբորանտկայի շտատն էլ են կրճատել, դիդակտիկ նյութերը ոչ ոք չի օգտագործում։ Օպտիմալացումը քանդեց դպրոցները։ Շատ աշակերտներ դասի չեն գալիս, գնում են պարապմունքի ուրիշ տեղեր, որովհետեւ 40 րոպեում այդքան երեխայի հետ պարապելը դժվար է։ Առաջ մենք 10-12 աշակերտի հետ գործ ունեինք։ Հիմա մի աշակերտին մեկ րոպե անգամ չես կարող հատկացնել»։ «Մենք շատ նվիրված ենք աշխատել, բայց կյանքն էլ այն ժամանակ ավելի հեշտ էր, պատերազմ, երկրաշարժ չէր եղել։ Հիմա շատ դժվար է։ Կցանկանայի, որ գլոբալիզացիան այդքան էլ ուժեղ չլիներ, հնարավոր չէ 40 րոպեում այդքան երեխայի հետ պարապել։ Իսկ լրացուցիչ պարապելն էլ այդքան գեղեցիկ չէ»,- ասում է Մարգարիտ Դարպասյանը, որ 40 տարի դասավանդել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 60-ամյա մանկավարժական ստաժով Շողիկ Թադեւոսյանը կարծում է, որ մանկավարժի համար հին ու նոր սերունդ չկա. «Նայած՝ ով ինչպես է մոտենում իր մասնագիտությանը, մանկավարժությունը մի մասնագիտություն է, որ նվիրում է պահանջում։ Եթե մարդն իր հոգու մեջ չունի այդ կրակները, ինքը չի այրվում, այրել կարո՞ղ է։ Ուսուցիչն ամեն օր նոր խոսք պետք է ունենա իր սաներին ասելու։ Եթե նա պետք է դասարան մտնի իբրեւ լոկ աշխատանք՝ դա չեմ ընդունում։ Մանկավարժ պետք է ծնվել. իմ արմատներում մանկավարժությունը գալիս է դեռ 100 տարի առաջվանից։ Թե՞ հիմիկվա նվիրումի պակասը բացատրեմ քաղաքական վերիվարումների հետ… կարգերը փոխվեցին՝ նվիրումը պակասեց։ Իմ սաներից մեկը Կարմիր խաչի նախագահ Մխիթար Մնացականյանն է, որի մեջ մարդը մնացել է, նա չի խաբվել պարգեւներով, գումարներով, պաշտոններով։ Նրա մարդկայնությունից ես լիարժեքորեն օգտվում եմ՝ հաճախակի զանգ, այցելություն։ Հիմա էլ իմ աշխատություններից գիրք է հրատարակվում, եւ նա հովանավորում է, ամեն տարի իր սանատորիան է տանում, բուժում։ Մի՞թե սա չի խոսում մանկավարժի նվիրումի մասին։ Ես ամենասերտ կապերի մեջ եմ իմ արտագաղթած սաների հետ։ Հավատում եմ, որ նրանք կվերադառնան, մշտական նամակագրական կապերի մեջ եմ։ Նամակները հեղված են կարոտով, նույնիսկ ծրարի վրա գրում են՝ Հայաստան ջան, հոգուդ մեռնեմ»։ Վանաձորի թիվ 5 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անահիտ Մաճկալյանը տարբերություն չի տեսնում հին ու նոր սերունդների մեջ. «Որակյալ ուսուցիչներ միշտ էլ եղել են ու կան, պարզապես այսօր ժամանակն այնպիսին է, որ անընդհատ իրենց վրա պետք է աշխատեն: Այսօրվա սերունդն իր կարողություններով, իր հնարավորություններով, համարձակությամբ ու ձգտումներով գերազանցում է նախորդ սերունդներին: Այսօր աշակերտը կարող է վիճել ուսուցչի հետ, հանգիստ հաղորդակցվել, չվախենալ սխալվելուց»: Նոր Նորքի թիվ 24 մսուր-մանկապարտեզի դաստիարակ Փառանձեմ Շահմուրադյանը ճիշտ է համարում երեխայակենտրոն դաստիարակությունը. «Ուսուցչակենտրոն դաստիարակությունից անցել ենք երեխայակենտրոնին, այսինքն՝ երեխայի կյանքը, առօրյան կազմակերպում ենք ոչ թե ելնելով ուսուցչի նախասիրություններից, ինչպես առաջ էր, այլ՝ երեխայի կարիքներից, պահանջներից ելնելով»: Եղեգնաձորի թիվ 3 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Ռոզա Դանողյանը կարծում է, որ «հիմա ուսուցիչն ավելի պատվավոր տեղ է գրավում, հատկապես՝ ռուսաց լեզվի ուսուցիչը»։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել