Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԸ

Հոկտեմբեր 08,2005 00:00

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԸ Առանց ծրարի՝ շնորհակալական խոսքեր չեն լինում Դժվար էր հավատալ Ուսուցչի օրվա առթիվ Երեւանի ուսուցիչներին ուղղված քաղաքապետ Երվանդ Զախարյանի գնահատանքի ու երախտիքի խոսքերի անկեղծությանը. քաղաքապետն ինքն էլ գիտեր, որ այդ խոսքերը ոչինչ չարժեն, եթե ամրագրված չեն շնորհակալագրին կցված ծրարով (ենթադրում ենք՝ ոչ դատարկ): Նույնքան դժվար էր հավատալ քաղաքապետից պատիվներ ստացող ուսուցչուհիների հուզված վստահեցումներին, թե իրենց համար ամենաթանկ նվերները սեփական աշակերտների գիտելիքներն են: Ոմանց համար գուցեեւ դեռ այդպես է: Ասենք՝ հեռավոր գյուղերի ուսուցիչների համար, որոնց առաջին դասարան այս տարի դիմել է միայն մեկ երեխա, իսկ բարձր դասարաններում սովորող հատուկենտ աշակերտները հավասարապես չքավոր են: Ինչպես եւ իրենց ուսուցիչը: Սակայն Ուսուցչի օրվա նախաշեմին 2000 -ական դրամ հավաքող գոնե մայրաքաղաքի դպրոցների աշակերտները գիտեն, որ թանկարժեք կոսմետիկան, կենցաղային տեխնիկան ու տարբեր թանկության զարդերն իրենց ուսուցիչների համար աշակերտների գիտելիքներից ոչ պակաս էական արժեք են ներկայացնում: Քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ տիկին Աչոյանը թերեւս երիտասարդական հիշողություններով էր առաջնորդվում, երբ մեզ ասում էր. «Գտնում եմ, որ աշակերտը, այո՛, պետք է շնորհավորի իր ուսուցիչներին իր նկարած նկարներով, բացիկներով, բարեմաղթանքներով»: Աշակերտներին վաղուց արդեն որպես եկամտի միակ աղբյուր ընկալող ուսուցիչներն ամենեւին էլ նման սենտիմենտի կողմնակիցը չեն: Մայրաքաղաքի դպրոցներում եւ հատկապես կենտրոնական դպրոցներում աշակերտների եւ ուսուցիչների միջեւ հարաբերությունները վաղուց արդեն քաղքենիական հարթություն են թեւակոխել: Ոչ մի տոն չի անցնում առանց դրամ հավաքելու եւ նվերների: Եվ այս մասին ձանձրացնելու չափ շատ է խոսվել: Տիկին Աչոյանի վկայությամբ, սակայն, այն տնօրենները, ում հետ ինքը զրուցել է դրամահավաքության թեմաներով, պնդում են, որ Ուսուցչի օրն իրենք անգամ մի ծաղիկ տուն չեն տանում: Սակայն Նիկոլ Աղբալյանի, Չեխովի, Մայակովսկու, Պուշկինի անվան դպրոցներում (ինչպես նաեւ մայրաքաղաքի գրեթե բոլոր դպրոցներում) սովորող աշակերտների ծնողները այլ բան են վկայում: 2000 դրամն այն գումարն է, որ հավաքում են տառացիորեն բոլոր աշակերտներից: Վերոնշյալ դպրոցների աշակերտների թիվը մեծ է: Բազմապատկման գործողությունից հետո կարելի է վստահորեն պնդել, որ ուսուցիչներն այդ օրն իրենց տուն են տանում ամենեւին էլ ոչ՝ մի փունջ ծաղիկ կամ, ասենք, Մարտիրոս Սարյանի նկարների ալբոմը: Նվերների ցանկը մեծ է ու բազմազան՝ կենցաղային տեխնիկայից մինչեւ թանկարժեք կոսմետիկա: Ծնողներն ընդվզում են, սակայն այնպես, որ ուսուցիչները չիմանան: Շատ քչերը համարձակություն ունեն իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոց, ուր նման բան չկա (համեմատաբար մաքուր բարքեր են մասնավոր դպրոցներում, ուր ամեն ինչի համար վճարում ես նախապես եւ ծնողի համաձայնությամբ): Ծնողները պատմում էին, որ նման «հանդուգն» դեպք տեղի է ունեցել հինգ տարի առաջ, երբ երգահան Ռուբեն Հախվերդյանն իր երեխային, ընդամենը 15 օր սովորելուց հետո, Պուշկինի անվան դպրոցից տեղափոխել է: Հախվերդյանի տիկնոջ վկայությամբ, տարին դեռ չսկսած՝ սկսել են գումարներ հավաքել: Եվ իրենք ստիպված են եղել երեխային տեղափոխել այլ դպրոց, «ուր նման բաներ չկան»: Պուշկինի անվան դպրոցի տնօրինուհին մեզ հետ զրույցի ընթացքում իր զայրույթն արտահայտեց այն ծնողների հանդեպ, ովքեր անտեսելով իր հրահանգը՝ շարունակում են գումարներ հավաքել եւ ուսուցիչների համար նվերներ գնել: Ըստ նրա՝ ինքը հատուկ կարգադրություն է արել, որով արգելվում են նման երեւույթները: Հասկանալի է, որ այս հրահանգին չենթարկված ծնողների գնած նվերներից ուսուցիչները չեն հրաժարվում եւ չեն վերադարձնում: Ամեն դեպքում, այս մասին պատմությունը լռում է: Թեեւ դպրոցների դրամահավաքության դեմ պայքարում են բոլոր նրանք, ովքեր չեն ծուլանում՝ կոռուպցիայի դեմ պայքարի աննկուն մարտիկ Բագրատ Եսայանից մինչեւ քաղաքապետարանի կրթության հավերժ վարչության պետ Օնիկ Վաթյանը, ոչինչ չի փոխվում: Իսկ դպրոցի տնօրեններն իրենց դպրոցներում անսահմանափակ իրավունքներ են ձեռք բերել, քանի որ հատկապես ընտրություններին իրենք եւս քաղաքական լուրջ գործոն են դառնում: Եվ դա գիտեն երկրի բարձրաստիճան չինովնիկները, որոնք երախտիքի ու գնահատանքի բանավոր խոսքերին նրբանկատորեն ծրար են կցում: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել