2017 թվականին շրջանավարտ չենք ունենալու Նկատառումներ «Միջնակարգ կրթության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Մեր ձեռքի տակ է ՀՀ «Միջնակարգ կրթության մասին» օրենքի նախագիծը, որի անհրաժեշտությունը առկա օրենքների շարքում (Սահմանադրություն, «Կրթության մասին» օրենք, «2001-2005թթ. կրթության զարգացման պետական ծրագիր» օրենք, Կրթակարգ, Օրինակելի կանոնադրություն) կարծում ենք չկար, որովհետեւ կրկնությունները բազմաթիվ են: Միակ կարեւորն այստեղ 7-րդ գլուխն է, որը գրված է չիրականացված 11-ամյա կրթությունը կոծկելու նպատակով: Նախագծի 7-րդ՝ «Անցումային եւ եզրափակիչ դրույթներ» գլխի բովանդակությունը նվիրված է 10-ամյա կրթությունից 12-ամյա կրթությանը անցնելուն: ՀՀ «Կրթության զարգացման 2001-2005թթ. պետական ծրագիր» օրենքով նախատեսվում էր անցում 11-ամյա դպրոցին, ուր 8 կետով նախատեսվել էր հենքային ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի համապատասխանեցումը 11-ամյա ուսուցման պահանջներին: Նախատեսվել էր նոր առարկաների չափորոշիչների, ծրագրերի եւ դասագրքերի մշակում, անցման շրջանում նոր դասագրքերի ստեղծում (2002թ. 2-րդ եռամսյակ): Սակայն այդպես էլ դպրոցները չստացան 11-ամյա կրթությանը համապատասխանող ծրագրեր եւ դասագրքեր: «2001-2005թթ. կրթության զարգացման ծրագիրն» այս մասով չիրականացվեց: Իսկ «Միջնակարգ կրթության մասին օրենքի» նախագծի 7-րդ գլխի 2-րդ կետում գրված է. «2001-2002 ուստարվանից մինչեւ 2005-2006 ուստարին ներառյալ հանրակրթական դպրոցներ ընդունված սովորողները ուսումը շարունակում են տասնմեկամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով» (չեղած), ինչպես նաեւ վերոնշյալ օրենքի 7-րդ կետով առաջարկում են 11 տարին ավարտել 10 տարում՝ «2007-2008 ուստարվա սեպտեմբերի 1-ից չորրորդ եւ չորրորդից բարձր դասարանները վերանվանել մեկ տարով աճող համարակալմամբ»: Այսպիսով՝ «լուծվում է» 11-ամյա կրթության խնդիրը, առանց այդ նպատակի համար մեկ լումա ծախսելու եւ համապատասխան գերատեսչությունների կողմից ջանք թափելու: Այնուհետեւ, համաձայն «Միջնակարգ կրթության մասին» օրենքի նախագծի 7-րդ գլխի 5-րդ կետի՝ «2006-2007 ուստարում դպրոցներում ձեւավորված առաջին դասարաններում ուսուցումն իրականացվում է երկու տարբեր ուսումնական ծրագրերով՝ (6,5 եւ 6 տարեկաններ)։ Առաջին խումբը ավարտելուց հետո փոխադրվում է 3-րդ, իսկ երկրորդ խումբը՝ երկրորդ դասարան»: Այսինքն՝ մյուս տարի 6,5 տարեկանները սովորելու են 10 տարի, իսկ 6 տարեկանները՝ 12, եւ 2017 թվականին շրջանավարտ չենք ունենալու: Իսկ մինչեւ 2006-ի սեպտեմբեր մնաց ընդամենը 11 ամիս, որպեսզի անցնենք 12-ամյա կրթությանը: Արդյո՞ք ուսուցիչը մյուս սեպտեմբերին ձեռքի տակ կունենա քառամյա տարրական դպրոցին անհրաժեշտ ծրագրեր, դասագրքեր: Շատ ենք կասկածում, որովհետեւ ոչ մի տեղեկություն չունենք այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Այս տեսակետից առաջարկում եմ պատկան գերատեսչությունների գործունեությունը դարձնել առավել հրապարակային եւ թափանցիկ: Ցանկալի է, որ «Կրթություն» թերթը պարբերաբար ներկայացնի այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Հանրապետության մանկավարժները պետք է իմանան, թե ում է վստահված այս կամ այն առարկայի կրթակարգի պահանջների իրականացման ընթացքը, թե յուրաքանչյուր ուսումնական բնագավառի համար ովքեր են պատասխանատուները: Մեր աշակերտները դպրոցի ճակատին փակցրել են «Լավ դպրոց՝ հզոր պետություն» նշանաբանը: Կրթության պատասխանատուների սուրբ պարտականությունն է հուսախաբ չանել մեր երեխաներին, հակառակ դեպքում՝ բոլորս ենք հայտնվելու թշվառ վիճակում: ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԵրեւանի թիվ 27 դպրոցի տնօրեն 12-ամյա կրթության համար նախատեսված 4 առարկաների նոր ծրագրերի մշակման աշխատանքների, ինչպես նաեւ դպրոցներում համակարգչային ուսուցման արդյունավետության մասին կարդացեք 11-րդ էջում։