ՔԱՐ ՄԻ՛ ՆԵՏԻՐ Եթե ինքդ ապակե տան մեջ ես բնակվում «Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 30֊ի համարում տպագրված «Ահաբեկչական քարոզարշավ» հրապարակման մեջ նշվում է, թե իբր սեփականաշնորհված տարածքներում (տարբեր մարդկանց խանութներում) Գագիկ Հովսեփյանի նախընտրական շտաբներ տեղակայելու պատճառով Վանաձորի քաղաքապետարանի կամ Լոռու մարզպետարանի կողմից «ահաբեկչություն» է իրականացվում այդ տարածքների սեփականատերերի նկատմամբ։ Ուզում ենք հայտնել, որ նման բան ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ մարզպետարանը իրավասու չեն եւ չեն կարող կատարել, քանի որ տարածքը սեփականատիրոջն է, եւ վերջինս ինչպես կուզի՝ այնպես էլ կտնօրինի այն։ Հոդվածագիրն ինքը գրում է. «Գուցե եւ փոքր֊ինչ խտացված են գույները»։ Ասենք, որ ոչ թե խտացված են, այլ իսպառ նենգափոխված։ Համենայնդեպս, եթե նման փաստեր լինեին, ապա այդ սեփականատերերը կարող էին դիմել իրավապահ մարմիններին։ Իսկ գուցե նրանք պարզապես չե՞ն ցանկանում, որ իրենց խանութներում տեղակայվեն Գ. Հովսեփյանի նախընտրական շտաբները եւ այս կերպ խույս են տալիս՝ պատրվակ փնտրելով (ինչն, իհարկե, ազնիվ քայլ չէ)։ Բայց սա եւ մյուս հերյուրանքները թողնենք սեփականատերերի ու Գ. Հովսեփյանի կողմնակիցների խղճին։ «Առավոտ» օրաթերթը աչքի է ընկնում իր անաչառությամբ եւ յուրաքանչյուր խնդրի նկատմամբ նախանձելի հետեւողականությամբ։ Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ «Առավոտի» նույն՝ սեպտեմբերի 30֊ի համարում վճարովի տպագրված՝ Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Գագիկ Հովսեփյանի հետ Նաիրա Վանյանի վարած հարցազրույցում («Սոցիալիստական իներցիայով աշխատում են, կապիտալիստական իներցիայով՝ ուտում» ) Գ. Հովսեփյանը նշել է. «Ես կարող էի «Օազիս» ռեստորանը կառուցել մայրաքաղաքում եւ ավելի շատ եկամուտ ստանալ։ Բայց ստեղծեցի այստեղ, որ մեր քաղաքի երիտասարդներն էլ տեսնեն եւ օգտվեն ժամանակակից սպասարկման կետերից, որ ետ չմնան մայրաքաղաքից»։ Հարցազրույցում ներկայացված՝ Գ. Հովսեփյանի հեղինակային խոսքում բացահայտ փաստվում է «Օազիս» ռեստորանն իրեն պատկանելու եւ դրանից եկամուտ ստանալու հանգամանքը։ Հետեւաբար, համաձայն ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 123 հոդվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների՝ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի եւ եկամուտների հայտարարագրում պետք է նշված լինեն տվյալ թեկնածուի բոլոր եկամուտներն անխտիր։ Սակայն համայնքի ղեկավարի թեկնածու Գ. Հովսեփյանի կողմից թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով ներկայացված հայտարարագրում չի նշված ո՛չ «Օազիս» ռեստորանի սեփականատեր լինելու, ո՛չ էլ այդ ռեստորանից եկամուտ ստանալու մասին։ Մենք արդեն համապատասխան դիմումով դիմել ենք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ ի հայտ եկած նոր փաստերը քննարկելու համար։ Տվյալ պարագայում առկա է երկու հնարավոր տարբերակ. 1. Համայնքի ղեկավարի թեկնածու Գ. Հովսեփյանը միանշանակ խախտել է ՀՀ «Ընտրական օրենսգրքի» հիշյալ ենթակետի պահանջները, իր հայտարարագրում չի ներկայացրել «Օազիս» ռեստորանի սեփականատեր լինելը եւ դրանից ստացված եկամուտի չափը։ 2.Համայնքի ղեկավարի թեկնածու Գ. Հովսեփյանը միանշանակ խախտել է ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 21 հոդվածի 7-րդ կետի պահանջները, իրեն է վերագրել ուրիշի ունեցվածքը եւ դրանով թյուրիմացության մեջ գցել ընտրողներին, այն է՝ տարածել է կեղծ քարոզչական վճարովի տպագիր նյութ։ Այսքանից հետո մի բան կարող ենք ասել՝ կա այսպիսի մի ասացվածք. «Քար մի՛ նետիր, եթե ինքդ ապակե տան մեջ ես բնակվում»։ Ինչ վերաբերում է Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբին՝ հավաստիացնում ենք, որ մեր քարոզարշավը կատարվում է օրենքի տառին համապատասխան եւ երաշխավորում ենք՝ մինչեւ ընտրությունների ավարտը «Ընտրական օրենսգրքի» որեւէ խախտում մեր կողմից կբացառվի։ Տ. ՊԱՊՅԱՆ Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբ