Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՎԻՐԱԾԸ ՁԵՌԱԳԻՐ ՉԷՐ Պատասխան նամակ ՀԱԱԿ նախագահ Հ. Հովհաննիսյանին

Հոկտեմբեր 08,2005 00:00

ՆՎԻՐԱԾԸ ՁԵՌԱԳԻՐ ՉԷՐ Պատասխան նամակ ՀԱԱԿ նախագահ Հ. Հովհաննիսյանին Հարգարժան Հովհաննես Հովհաննիսյան, սեպտեմբերի 28-ի «Առավոտ» օրաթերթում ինձ հասցեագրված նամակում Դուք առաջ եք քաշում հարցադրումներ, որոնց մասին անգամ հեռավոր պատկերացում չունեք։ Նախ եւ առաջ, Շարժայի էմիր դոկտոր Մոհամմադ ալ Կասեմիին վերջերս Մատենադարան կատարած այցելության ժամանակ ընծայված գիրքը ոչ թե, ինչպես Դուք նշել էիք Ձեր նամակում, 13-րդ դարի ձեռագիր էր, այլ նույն՝ «Բժշկարան ձիոյ եւ առհասարակ գրաստնոյ» ձեռագրի հիման վրա 1980թ. (մ.թ. 20-րդ դար) Մատենադարանի կողմից հրատարակված աշխատությունն է, որը գերմաներեն թարգմանությամբ վերջերս լույս ընծայվեց նաեւ Ավստրիայում։ Այնպես որ, արաբական ցեղի չորս թարմ նժույգները «փոխարինվել» են հին ձեռագրի՝ թարմ (Խորհրդային Հայաստանում) եւ շատ թարմ (Ավստրիայում) հրատարակված երկու գրքերով։ Այդ որոշումը կայացվել է ոչ թե իշխանական բարձր շրջանակներում, որոնք, Ձեր իսկ խոսքերով, «մսխում եւ վատնում են մեր ազգային եւ հոգեւոր արժեքները», այլ իմ՝ Մատենադարանի տնօրենի կողմից։ Ինչ վերաբերում է «Հայոց պատմությանն ու Մատենադարանում տարիներով ժողովված մեր մատենագրական նմուշների՝ հատիկ-հատիկ հավաքված ու դժվարությամբ մեզ հասած անգին ձեռագրերի նշանակության» շուրջ Ձեր ոչ կոմպետենտ, լիրիկական զեղումներին, ինձ թվում է, որ առնվազն անարժան է նման քաղաքական գործչին վարել այդ բովանդակության բացատրական աշխատանք մի հաստատության հետ՝ ինչպիսին Մատենադարանն է, որը նույնիսկ Հայաստանի համար ամենածանր տարիներին շարունակել է ոչ միայն պահպանել եւ ուսումնասիրել, այլ նաեւ հետեւողականորեն ընդլայնել մատենագրական ժառանգությունը։ Ես համաձայն եմ Ձեզ հետ այն հարցում, որ մենք բոլորս անցողիկ ենք, իսկ պատմությունը՝ մնայուն։ Սակայն պետք է հիշեցնեմ, որ պատմությունը չի ստեղծվում նման մանրախնդիր, ստահոդ խեղաթյուրումների հիման վրա։ Հուսով եմ, որ նմանատիպ մոտեցումները եւ ազգային արժեքների անհարկի շահարկումը հատուկ չեն Ձեր քաղաքական գործունեությանը։ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Մատենադարանի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել