«ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒԺ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ Կուսակցության գաղափարախոսությունը եւ հիմնական նպատակը «Դաշինք» կուսակցությունը (այսուհետ՝ Կուսակցություն) կրողն է ազատական8211ժողովրդավարական գաղափարախոսության, որի հիմնական արժեքներն են՝ անհատի ազատությունն ու պատասխանատվությունը, իշխանական թեւերի տարանջատումը, տեղական մարմինների ինքնակառավարման սկզբունքի հիման վրա իշխանության ապակենտրոնացումը, օրենքի գերակայությունը, իշխանությունների նկատմամբ հասարակական վերահսկողությունը, խոսքի եւ խղճի ազատությունը, սեփականության անձեռնմխելիությունը, տնտեսության ազատականացումը, քաղաքացիների իրավահավասարության կիրառումը: Կուսակցությունը վճռական է վերոհիշյալ արժեքների եւ ազգային ավանդույթների հիման վրա կառուցելու իրապես ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական, բարգավաճ ու ազգային հզոր պետություն: Ազգային ժողով Կուսակցությունը համարում է, որ Ազգային Ժողովի ընտրությունները պետք է իրականացվեն համամասնական ընտրական համակարգով, որով ընտրություններում կխթանվի քաղաքական դաշտի կայացումը, կբարձրացվի կուսակցությունների պատասխանատվությունը, կստեղծվի նպաստավոր պայմաններ կուսակցությունների միավորման համար: Դատաիրավական համակարգ Կուսակցությունը առանցքային է համարում անկախ դատաիրավական համակարգը՝ մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, զարգացած տնտեսության ստեղծման, ընդհանրապես՝ ժողովրդավարության պահպանման տեսանկյունով: Դատական համակարգի հետագա զարգացման համար կարեւորվում է նրա ֆինանսական անկախության ապահովումը: Տեղական ինքնակառավարում Նկատի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը կառավարման համակարգում՝ Կուսակցությունը կարեւորում է համայնքներում մարդկային ներուժի արդյունավետ օգտագործումը, արհեստավարժ աշխատակազմի ձեւավորումը ու համայնքի զարգացման երկարաժամկետ ծրագրին համապատասխան նրանց վերապատրաստումը: Անհրաժեշտ է օրենսդրորեն ապահովել ինքնակառավարման մարմինների ֆինանսական անկախությունը, ինչպես նաեւ նրանց լիազորությունների շրջանակի ընդլայնումը: Հարկային եւ մաքսային քաղաքականություն Ազատականացված տնտեսություն հռչակած եւ միաժամանակ մասնակի շրջափակման մեջ գտնվող ՀՀ համար խիստ կարեւորվում է ճշգրիտ եւ խորը վերլուծությունների վրա խարսխված հարկային եւ մաքսային քաղաքականության իրականացումը: ՀՀ տնտեսական դաշտը տարածաշրջանի երկրների համեմատությամբ պետք է բնութագրվի գործարար ակտիվությունը խթանող հարկային քաղաքականությամբ: Պետական ծախսերի կոշտ նորմավորմամբ ստեղծել նախադրյալներ, որոնց շնորհիվ կառաջանան ֆինանսական հնարավորություններ՝ նվազեցնելու ձեռնարկատիրական գործունեության հարկային ծանրությունը: Հարկային եւ մաքսային քաղաքականությունը պետք է բխի երկրի տնտեսական երկարաժամկետ զարգացման նպատակներից, որոնցից գլխավորը ժողովրդագրական իրավիճակի բարելավումն է: Մաքսային սահմանին գանձվող հարկերի եւ հաստատագրված վճարների բաժինը պետական բյուջեի հարկային մուտքերում որոշիչ գործոններից է: Երկրի միջազգային տնտեսական ինտեգրման որոշակի ուղղության առարկայացումն ազատ առեւտրի գոտու՝ մաքսային միության միջոցով ապագայում հանգեցնելու է այդ գծով բյուջեի մուտքերի կրճատման, ուստի՝ մաքսային քաղաքականությունը պետք է ենթարկվի հարկման ներքին բազայի ընդլայնման նպատակին՝ արտահանման ներուժ ունեցող տնտեսական հատվածի կտրուկ զարգացմամբ: Այստեղ առաջնային են ներմուծման փոխարինումը տեղական արտադրությամբ, ապա, դրանց զարգացման հաշվին, արտահանման ծավալների ընդարձակումը: Արդյունաբերություն Հանրապետության էներգետիկ անկախությունը ՀՀ արդյունաբերության զարգացման կարեւորագույն պայմաններից է: Խնդիրը հնարավոր է լուծել նոր հէկերի կառուցմամբ, ինչպես նաեւ այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացմամբ: Որպես տարածաշրջանային համագործակցության ջատագով՝ անհրաժեշտ է, որ ՀՀ հանդես գա տարածաշրջանային միասնական էներգահամակարգ ստեղծելու առաջարկությամբ: Տնտեսության՝ ընտրված առաջնահերթ ճյուղերի զարգացմանն աջակցելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել Հիմնադրամ, որի միջոցներից երկարաժամկետ եւ բանկային վարկերի ձեւավորված մակարդակից նկատելիորեն ցածր տոկոսադրույքներով միջոցներ կտրամադրվեն այդ ճուղերը ներկայացնող փոքր ու միջին ձեռնարկատիրությանը: Սա հնարավորություն կտա բանկային համակարգում բարձր տոկոսադրույքով վարկերի տրամադրումը կանխել՝ ստեղծելով պահանջվող մրցակցային դաշտ, ինչն էլ կնպաստի բանկային համակարգի լիարժեք ներգրավվածությունը տնտեսական բնագավառ: Առանց վերանայելու մասնավորեցման արդյունքները՝ անհրաժեշտ է մշակել տնտեսական միջոցառումների համալիր ծրագիր՝ ուղղված մասնավորեցված արտադրական հզորությունների վերագործարկմանը: Սկզբունքային են մասնավորեցումից հետո այդ արտադրությունների չգործելու ժամկետը, ինչպես նաեւ հարկային այնպիսի ներգործության միջոցները, որոնց կիրառման հետեւանքով տնտեսապես աննպատակահարմար է դառնում չգործող արտադրությունների սեփականատեր մնալը: Արդյունաբերության զարգացմանը զուգընթաց պետք է ապահովել էկոլոգիական հավասարակշռությունը: Անհրաժեշտ է արդյունաբերական օբյեկտների նկատմամբ սահմանել բնապահպանական չափանիշների կիրառման խիստ վերահսկողություն: Միջազգային չափանիշներին համապատասխանող էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրումը կօժանդակի տեղական արտադրանքի արտահանմանը համաշխարհային շուկա: Գյուղատնտեսություն Կուսակցության համոզմամբ, պետությունն իր կարգավորիչ դերակատարմամբ պետք է ստեղծի նպաստավոր պայմաններ գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, արտադրանքի իրացման համար: Գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկվում է մշակել միջոցառումներ՝ ուղղված գյուղացիական տնտեսությունների կամավոր միավորումների ստեղծմանն աջակցելուն: Գյուղատնտեսության բնագավառում հարկային մեղմ քաղաքականության կիրառմամբ կբարձրացվի արտադրության արդյունավետությունը, ինչն էլ կնպաստի երկրի պարենային անվտանգության ապահովմանը: ՀՀ պարենային անվտանգության ապահովման, գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացման, աղքատության մակարդակի նվազեցման համար վճռորոշ նշանակություն ունի ոռոգելի երկրագործության զարգացումը: Գետահոսքերի առավել հարմար տեղամասերում հիդրոէլեկտրակայանների եւ ջրամբարների կառուցմամբ պետք է հասնել Հանրապետության ջրային պաշարների համալիր կառավարմանը: Էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով օգտագործված ջրերը հարկ է ինքնահոս համակարգով մատակարարել գյուղացիական տնտեսություններին, ինչը որոշակիորեն կլուծի անջրդի հողատարածքների յուրացման եւ ոռոգման հիմնախնդիրները: Նման համակարգի գործարկման դեպքում հնարավոր կլինի առավելագույնս արդյունավետ կառավարել ջրային պաշարները: Կարեւորվում են նաեւ՝ 1 գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական ընկերությունների ստեղծումը. 2 երկրագործության ապահովումը տեղական արտադրության պարարտանյութերով եւ թունաքիմիկատներով: Ենթակառուցվածքներ Հանրապետության մասնակի շրջափակման պայմաններում էական նշանակություն է ձեռք բերում այլընտրանքային մայրուղիների եւ երկաթուղիների կառուցումը, որը հնարավոր կլինի իրականացնել նաեւ մասնավոր ընկերությունների ներգրավմամբ: Նկատի ունենալով բարձր արագություն եւ փոխադրամիջոցների մեծ բեռնատարողություն ապահովող ճանապարհացանցի կարեւորությունը, ինչպես նաեւ պետական միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով հարկավոր է Հանրապետությունում ներդնել ճանապարհաշինության ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները: Նման ճանապարհները առավել երկարակյաց են, էկոլոգիապես մաքուր եւ ֆինանսապես արդարացված: Սոցիալական քաղաքականություն Կուսակցությունը վճռական է տրամադրված Հայաստանը դարձնելու իրապես սոցիալական պետություն: Առաջադրված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է. 1 Կենսաթոշակային համակարգը վերակառուցել սոցիալական արդարության սկզբունքով, վերագնահատել սպառողական զամբյուղի արժեքը եւ ինդեքսավորել թոշակները ըստ գների աճի, աջակցել կենսաթոշակային ապահովագրության համակարգի ներդրմանը: 2 Իրականացնել հասարակության մեջ հաշմանդամների լիարժեք ինտեգրմանը նպաստող քաղաքականություն եւ ապահովել սոցիալապես անապահով խավերի բնականոն կենսապայմաններ: 3 Գործազուրկներին հատկացվող սոցիալական նպաստը հավասարացնել նվազագույն աշխատավարձի դրույքաչափին: 4 Աշխատավարձերի նվազագույն չափը սահմանել իրական սպառողական զամբյուղից ոչ ցածր: 5 Մշակել եւ իրականացնել պետական ծրագրեր բնակչության բնական վերարտադրությունը խրախուսելու նպատակով: Գիտություն, կրթություն, մշակույթ Գիտության, կրթության եւ մշակույթի հաջողություններով է բնութագրվում երկրի զարգացածության մակարդակը: Պետության քաղաքականությունը պետք է ապահովի այդ բնագավառների առաջընթացի շարունակականությունը: Կուսակցությունը համարում է, որ այդ բնագավառների զարգացման առկա ուղիները պետք է վերագնահատվեն եւ արմատապես վերակառուցվեն, որը ենթադրում է համակարգային փոփոխություններ ֆինանսավորման, կրթության եւ գիտության ճյուղերի կազմակերպման, օրենսդրական դաշտի եւ մտածողության ոլորտներում: Անհրաժեշտ է նպաստել գիտակրթական համակարգի եւ տնտեսության իրական հատվածի փոխկապակցվածությանը: Կարեւոր ենք համարում ռազմաարդյունաբերական նոր համալիրի ձեւավորումը: Կրթության բնագավառում քաղաքականությունը պետք է միտված լինի նաեւ համակարգի ապակենտրոնացմանը, միջազգային չափանիշերի ներդրմանը, ավանդույթների պահպանմանը եւ զարգացմանը: Կարեւորում ենք դպրոցներում եւ նախադպրոցական հիմնարկներում, կրթամշակութային հաստատություններում ինքնավարության հաստատումը՝ մանկավարժական եւ ծնողական խորհուրդների կողմից տնօրենների ընտրության համակարգի կիրառմամբ: Օրենսդրորեն պետության կողմից հստակ մոտեցում պետք է ցուցաբերվի մշակույթի նկատմամբ: Մշակույթի մասին օրենքում հարկ է ամրագրել ազգային-մշակութային արժեքների արտահանումը հնարավորինս սահմանափակող դրույթներ: Հարկ է վերանայել նաեւ պատմամշակութային թանգարանների, մշակութային այլեւայլ օջախների նկատմամբ պետական հոգածության հանգամանքը՝ ամրագրելով օրենսդրական ակտերով: Զինված ուժեր Անհրաժեշտ է բանակն աստիճանաբար համալրել պրոֆեսիոնալ ստորաբաժանումներով, ապահովել բանակի սպառազինության եւ նյութատեխնիկական հագեցվածության բարձր աստիճան, կրճատել ժամկետային պարտադրի զինվորական ծառայության տեւողությունը՝ պայմաններ ստեղծելով զորակոչիկներին՝ տիրապետելու ռազմական տեխնիկային եւ արդի ռազմարվեստին: Առողջապահություն եւ սպորտ Առողջապահության բնագավառում պետությունն առանձնացնում է անվճար բուժսպասարկման իրավունք ունեցող խավերին, որոնք այդ իրավունքից օգտվելու են պետականորեն նախատեսված ծրագրի շրջանակներում, ըստ որի՝ պետական միջոցները պետք է հատկացվեն ուղղակիորեն բնակչությանը՝ հնարավորություն տալով, որ քաղաքացին որոշի, թե որ բուժհիմնարկում ստանա բուժօգնություն: Նման մոտեցումը թույլ կտա ապահովելու օրենքով նախատեսված անվճար բուժսպասարկման լիարժեք իրականացումը: Պետության մշտական հոգածության եւ ուշադրության կենտրոնում պետք է լինեն հասարակության ֆիզիկական առողջության խնդիրները: Պետք է շարունակական բնույթ կրի առողջ ապրելակերպի քարոզչությունը եւ սպորտի նպատակային ֆինանսավորումը: Արտաքին քաղաքականություն ՀՀ արտաքին քաղաքականության հիմնախնդիրները մշակելիս Կուսակցությունը համարում է, որ պետք է ելնել աշխարհաքաղաքական ընթացիկ ինտեգրացիոն գործընթացներից, քաղաքակրթական պատկանելությունից եւ այլ գործոններից: Հարավկովկասյան պետությունները պետք է համաձայնության գան տարածաշրջանում օտարերկրյա ռազմակայաններ չտեղակայելու մասին, ինչի հետեւանքով շահագրգիռ պետությունները հետաքրքրություններ կսկսեն փնտրել տնտեսական դաշտում: Տարածաշրջանային համագործակցությունը նախադրյալներ կստեղծի Եվրամիությանը հարավկովկասյան ընտանիքի ինտեգրման համար: Եվրամիությանն անդամակցելը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից: Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն հակամարտող կողմերի ժողովրդավարացման, փոխզիջման դեպքում: Կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն որեւէ միջազգային հեղինակավոր կազմակերպության հովանու ներքո միջանկյալ ինքնիշխանության, փախստականների եւ ներքին տեղահանված անձանց կամավոր վերաբնակեցման, Արցախում տնտեսության զարգացման նախադրյալներ ստեղծելու եւ Արցախի կարգավիճակը նոր հանրաքվեի միջոցով որոշելու սկզբունքները: «Դաշինք» կուսակցության Կանոնադրության հիմնական դրույթները 1. Ընդհանուր դրույթներ 1. «Դաշինք» կուսակցությունը (այսուհետեւ՝ Կուսակցություն) անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որը կամավորության, իրավահավասարության եւ հրապարակայնության սկզբունքներով համախմբում է ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ քաղաքական կյանքին մասնակցելու նպատակով: 2. Կուսակցությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ գործող օրենսդրությանը եւ սույն կանոնադրությանը համապատասխան: 3. Կուսակցությունը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ, ունի կլոր կնիք: 4. Կուսակցությունը ունի իր խորհրդանիշը եւ դրոշը: 2. Կուսակցության նպատակներն ու խնդիրները 1. Կուսակցության գլխավոր նպատակն է ժողովրդավարական, իրավական, սոցիալական, բարգավաճ ու հզոր ազգային պետության կերտումը: 2. Կուսակցության խնդիրներն են. ա. Իրականացնել ազատական արժեքների քարոզչություն: բ. Նպաստել, որ ՀՀ Սահմանադրությունում ամրագրված՝ մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգվեն, որ յուրաքանչյուր անձ իրեն պաշտպանված զգա: գ. Օժանդակել ազատ շուկայական տնտեսության զարգացմանը, սոցիալական կողմնորոշմամբ տնտեսական քաղաքականության իրականացմանը, հայրենական մրցունակ արտադրության ընդլայնմանը, ՀՀ պարենային անվտանգության ապահովմանը եւ պետության կարգավորիչ դերի բարձրացմանը: դ. Օժանդակել հայրենիքի պաշտպանության ամրապնդմանը, հայոց բանակի մարտունակության եւ մարտական ոգու բարձրացմանը, ազգային պրոֆեսիոնալ զորամիավորումների կազմավորմանը եւ ազգային անվտանգության հայեցակարգի մշակմանը: ե. Օժանդակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: 3. Կուսակցության գործելակերպը 1. Կուսակցությունը իր գործելակերպի հիմքում դնում է ազատական արժեքները: 2. Կուսակցությունը մասնակցում է ՀՀ տարածքում անցկացվող նախագահական, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին, օրենքով չարգելվող զանգվածային եւ այլ միջոցառումների: 3. Ժողովրդական լայն զանգվածների հետ հաղորդակցվելու համար Կուսակցությունը կարող է օգտագործել զանգվածային լրատվական միջոցներ: 4. Կուսակցության անդամակցությունը, կուսակցության անդամների իրավունքներն ու պարտականությունները 1. Կուսակցության անդամ կարող են լինել Հայաստանի Հանրապետության՝ 18 տարին լրացած այն քաղաքացիները, ովքեր ընդունում են Կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը, իրենց գործունեությամբ նպաստում են Կուսակցության ծրագրի իրականացմանը, սահմանված կարգով մուծում են անդամավճար, չեն հանդիսանում այլ կուսակցության անդամ: 2. Կուսակցության անդամն իրավունք ունի ընտրել եւ ընտրվել Կուսակցության բոլոր ընտրովի մարմիններում, մասնակցել Կուսակցությանը վերաբերող բոլոր հարցերի քննարկմանը, ազատ արտահայտել իր տեսակետները Կուսակցության ցանկացած միջոցառման ժամանակ, ստանալ տեղեկություն Կուսակցության բոլոր մարմինների գործունեության վերաբերյալ, հարցերով, առաջարկություններով եւ հայտարարություններով դիմել Կուսակցության ցանկացած մարմնին, Կուսակցության ղեկավար մարմինների հանձնարարությամբ հանդես գալ Կուսակցության անունից, բողոքարկել Կուսակցության ղեկավար մարմինների որոշումներն ու գործողությունները Կուսակցության վերադաս մարմիններում՝ ընդհուպ մինչեւ Կուսակցության համագումար, ներկա գտնվել այդ բողոքների քննարկման ժամանակ, սեփական դիմումի համաձայն՝ դուրս գալ Կուսակցության շարքերից: 3. Կուսակցության անդամը պարտավոր է կատարել Կուսակցության կանոնադրության պահանջները, աջակցել Կուսակցության ծրագրի կատարմանը, մասնակցել համապատասխան սկզբնական, տեղական, տարածքային կազմակերպությունների կամ ղեկավար մարմինների գործունեությանը, պարտաճանաչ կատարել Կուսակցության ղեկավար մարմինների կողմից իրեն տրված հանձնարարությունները: 4. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու դեպքում մտնել Կուսակցության խմբակցության մեջ եւ գործել Կուսակցության ղեկավար մարմինների եւ համագումարի որոշումների համաձայն: 5. Կուսակցության կառուցվածքը 1. Կուսակցության կառուցվածքը կազմում են Կուսակցության տարածքային, տեղական եւ սկզբնական կազմակերպությունները: 2. Սկզբնական կազմակերպությունները ստեղծվում են ըստ Կուսակցության անդամների բնակության վայրի ՀՀ համայնքների շրջանակներում: 3. Համայնքի շրջանակներում ստեղծված սկզբնական կազմակերպությունները մտնում են համապատասխան տեղական կազմակերպության մեջ: Մեկ համայնքում կարող է ստեղծվել միայն մեկ տեղական կազմակերպություն: 4. Տեղական կազմակերպությունները մտնում են համապատասխան տարածքային կազմակերպության մեջ: 5. Երեւան քաղաքի համայնքային կազմակերպությունները ունեն տարածքային կազմակերպության կարգավիճակ: 6. Տվյալ մարզում մեկից ավելի տարածքային կազմակերպությունների առկայության դեպքում Կուսակցության նախագահը կարող է նշանակել պատասխանատու՝ մարզում Կուսակցության աշխատանքները կոորդինացնելու նպատակով: 6. Կուսակցության համագումարը 1. Կուսակցության համագումարը հանդիսանում է Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը եւ անց է կացվում առնվազն երկու տարին մեկ անգամ: 2. Համագումարն իրավասու է, եթե նրա աշխատանքներին մասնակցում են պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: 3. Որոշում է Կուսակցության գործունեության հիմնական ուղղությունները: 4. Ընտրում է Կուսակցության նախագահին, Կուսակցության քաղաքական խորհրդի, կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամներին: Հաստատում է գլխավոր խորհրդի կազմը: 5. Որոշում է կայացնում Կուսակցության նախագահի, քաղաքական խորհրդի, կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: 7. Կուսակցության գլխավոր խորհուրդը 1. Կուսակցության գլխավոր խորհուրդը հանդիսանում է Կուսակցության բարձրագույն քաղաքական ղեկավար մարմինը համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածներում: 2. Կուսակցության գլխավոր խորհրդի կազմի մեջ են մտնում տարածքային կազմակերպությունների քարտուղարները, Կուսակցության նախագահը, քաղաքական խորհրդի անդամները: Գլխավոր խորհրդի կազմը հաստատվում է համագումարում: 3. Կուսակցության գլխավոր խորհրդի նիստերն անցկացվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Դրանք հրավիրվում են Կուսակցության նախագահի, քաղաքական խորհրդի որոշմամբ կամ գլխավոր խորհրդի մեկ երրորդի պահանջով: 4. Որոշումներ է կայացնում Կուսակցության գործունեությանը վերաբերող բոլոր հարցերի շուրջ, բացի այն հարցերից, որոնք սույն կանոնադրության համաձայն՝ բացառապես համագումարին են վերապահվում: 8. Կուսակցության քաղաքական խորհուրդը 1. Կուսակցության քաղաքական խորհրդի թվակազմը հաստատում է համագումարը: Քաղաքական խորհուրդը հանդիսանում է Կուսակցության մշտական գործող ղեկավար քաղաքական մարմին՝ գլխավոր խորհրդի նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում: 2. Օպերատիվ կարգով լուծում է Կուսակցության գործունեությանն առնչվող քաղաքական խնդիրները: Ղեկավարում է Կուսակցության քաղաքական գործունեությունը: 3. Քաղաքական խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ՝ Կուսակցության նախագահի կամ քաղաքական խորհրդի անդամների մեծամասնության որոշմամբ: 4. Հաշվետու է համագումարին եւ գլխավոր խորհրդին: 9. Կուսակցության նախագահը 1. Համագումարի, գլխավոր խորհրդի եւ քաղաքական խորհրդի որոշումներն իրականացնելու, տարածքային կազմակերպությունների աշխատանքները ղեկավարելու համար համագումարը ընտրում է Կուսակցության նախագահ, որը Կուսակցության բարձրագույն պաշտոնատար անձն է եւ հանդես է գալիս նրա անունից: Ներկայացնում է Կուսակցությունը պետական եւ հասարակական կազմակերպություններում: 2. Ղեկավարում է Կուսակցության գլխավոր եւ քաղաքական խորհուրդները: Անհրաժեշտության դեպքում իր նախաձեռնությամբ հրավիրում է խորհուրդների ընդլայնված նիստ, անձամբ ներկայացնելով հրավիրվածների ցուցակը: 3. Նշանակում է գործադիր կոմիտեի ղեկավարին, որոշում գործադիր կոմիտեի կառուցվածքը, իրականացնում է գործադիր կոմիտեի ընդհանուր ղեկավարությունը: 10. Կուսակցության գործադիր կոմիտեն 1.Կուսակցության գործադիր կոմիտեն Կուսակցության մշտական գործող մարմին է, որի կազմը եւ կառուցվածքը հաստատվում է նախագահի կողմից: 2. Գործադիր կոմիտեն ապահովում է Կուսակցության համագումարի, նախագահի, գլխավոր եւ քաղաքական խորհուրդների որոշումների կատարումը: 3. Կազմակերպում է տարածքային կազմակերպություններից ինֆորմացիայի ստացում եւ մշակում: Գործադիր կոմիտեի պահանջով, սկզբնական եւ տարածքային կազմակերպությունները պետք է տրամադրեն Կուսակցության գործունեությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը կամ տրվեն բանավոր բացատրություններ: 4. Կազմակերպում է Կուսակցության առանձին միջոցառումների իրականացումը, մշակում է ծրագրերի, փաստաթղթերի նախագծերը եւ ներկայացնում նախագահին: 5. Ենթակա եւ հաշվետու է նախագահին: 11. Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովը 1. Վերստուգիչ հանձնաժողովը հանդիսանում է Կուսակցության կենտրոնական մարմին, իրականացնում է հսկողություն Կուսակցության կանոնադրության պահպանման, Կուսակցության ղեկավար մարմինների որոշումների կատարման, ինչպես նաեւ Կուսակցության ղեկավար մարմինների, տարածքային, տեղական եւ սկզբնական կազմակերպությունների ֆինանսական գործունեության նկատմամբ: 2. Առնվազն տարին մեկ անգամ անցկացնում է Կուսակցության գործունեության ֆինանսատնտեսական ստուգումներ եւ աուդիտ: 12. Կուսակցության կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը 1. Կուսակցության կանոնադրությունում փոփոխությունների ու լրացումների մասին որոշումը ընդունվում է Կուսակցության համագումարում, եթե դրա օգտին քվեարկել է համագումարի մասնակիցների կեսից ավելին: 2. Կուսակցության կանոնադրությունում կատարված փոփոխություններն ու լրացումները ենթակա են գրանցման պետական լիազոր մարմնում՝ ՀՀ «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված ժամկետում: 13. Կուսակցության գույքը եւ դրամական միջոցները, գույքի կառավարումը 1. Կուսակցության կանոնադրությամբ եւ ծրագրով նախատեսված խնդիրները լուծելու եւ նպատակներն իրականացնելու համար Կուսակցությունը կարող է ունենալ ՀՀ օրենսդրությամբ եւ սույն կանոնադրությամբ նախատեսված սեփականության բոլոր տեսակները, ինչպես նաեւ ֆինանսական միջոցներ: 2. Կուսակցության գույքի սեփականատերը հանդիսանում է Կուսակցությունն ամբողջությամբ: Կուսակցության անդամները Կուսակցության գույքի նկատմամբ իրավունք չունեն: Կուսակցության տարածքային կազմակերպությունները իրավունք ունեն օգտագործել Կուսակցության կողմից հատկացված գույքը: 14. Կուսակցության վերակազմակերպումը, լուծարումը եւ գործունեության դադարեցումը 1. Կուսակցությունը համագումարի որոշմամբ կարող է վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել, առանձնանալ) միայն այլ կուսակցության (կուսակցությունների): Կուսակցության վերակազմակերպման մասին որոշումն ընդունվում է, եթե դրա օգտին քվեարկել է համագումարի պատգամավորների 2/3-ից ավելին: 2. Կուսակցության գործունեությունը դադարեցվում է, եթե համագումարը որոշում է կայացրել Կուսակցությունը լուծարելու վերաբերյալ: Լուծարման վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե դրա օգտին քվեարկել են համագումարի պատգամավորների 2/3-ից ավելին: 3. Կուսակցությունը լուծարվում է նաեւ ՀՀ «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ Սահմանադրական դատարանի կողմից Կուսակցության գործունեության արգելման մասին որոշում կայացնելու դեպքում: «Դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա 2005 թ. նոյեմբերի 10-ին՝ կառավարության նիստերի մեծ դահլիճում (հասցե՝ Մելիք-Ադամյան 1):R