Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆ

Հոկտեմբեր 08,2005 00:00

ՆՈՒՅՆ ԶԱՄԲՅՈՒՂԸ՝~ ՏԱՐԲԵՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐՈՎ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ ելույթ ունեցավ «Ռոուզ-Ռոթ» սեմինարում «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը չի նպաստում տարածաշրջանի զարգացմանը, դա հակամարտության չլուծված լինելու հետեւանք է, այդ պատճառով պետական շինարարության մեջ մեծ դեր ունի ռազմական գործոնը: Մեր հարեւան երկրի ռազմատենչ հայտարարությունները խոչընդոտում են Հայաստանի համապարփակ զարգացմանը»,- ՆԱՏՕ-ի «Ռոուզ-Ռոթ» սեմինարում երեկ հայտարարեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Այս պարագայում Հայաստանը չի կարող պաշտպանական բարեփոխումներ իրականացնել, քանի որ բարեփոխումը ենթադրում է զինված ուժերի թվաքանակի կրճատում կամ պրոֆեսիոնալ բանակ. «Այսօր մեծաթիվ զինված ուժեր ունենալը առաջնահերթություն է դառնում, ազգային շահի եւ բնակչության անվտանգության հարցը ամենակարեւոր առաջնահերթությունն է»,- ասաց պարոն Սարգսյանը եւ ավելացրեց, որ երբ Ադրբեջանը կրկնապատկում է իր ռազմական ծախսերն ու տեխնիկական հնարավորությունները, Հայաստանը չի կարող ձեռնպահ մնալ: Այդ պատճառով Հայաստանը սերտ դաշինք ունի ՌԴ-ի հետ, ՀԱՊԿ-ի անդամ է, համագործակցում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Քննարկման ժամանակ ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Օզերովը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է արդյունավետ, որ Հայաստանը իր անվտանգությունը փորձում է դնել միաժամանակ մի քանի զամբյուղներում: «Հայաստանը իր անվտանգությունը տարբեր զամբյուղներում չի դնում, Հայաստանը իր զամբյուղը համալրում է տարբեր բաղադրիչներով»,- հակադարձեց Սերժ Սարգսյանը: «Հարավային Կովկասը եղել է գերտերությունների շահերի բախման շրջան, ինչն իր դրսեւորումը թողել է տարածաշրջանի պետությունների վրա»,- նկատեց ՀՀ պաշտպանության նախարարը: Նա ակնարկեց, որ գերտերություններն իրենց կայսերական շահերը իրականացնելու նպատակով երբեմն թշնամանք ու ատելություն են սերմանում, եւ այսօր Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը հենց դրա արդյունքն է եւ կրում է շահերի մրցակցության ազդեցությունը: Նախարարը տարածաշրջանի սպառնալիքները բաժանեց երկու մասի՝ համաչափ եւ անհամաչափ. համաչափ սպառնալիքներն են միջազգային ահաբեկչությունը, անհամաչափ՝ հակամարտությունները, փակ ճանապարհները, անհանդուրժողականության սերմանումը, ազգամիջյան բախումները եւ այլն: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մենք առաջնորդվում ենք «Համագործակցություն հանուն խաղաղության» սկզբունքով՝ առաջարկելով համագործակցությամբ հասնել փոխվստահության մթնոլորտի եւ կայունության հաստատման, ինչը հակամարտության կարգավորման առաջնային նախապայմանն է: Ադրբեջանը, ընդհակառակը, համագործակցության սկզբնավորումը պայմանավորում է հակամարտության կարգավորմամբ եւ մերժում համագործակցության ցանկացած առաջարկ՝ մինչեւ հակամարտության կարգավորումը»,- ասաց պաշտպանության նախարարը: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյոք նախարարը չնկատե՞ց, որ Ռուսաստանի ներկայացուցիչը կարծես «նեղացել է», որ Հայաստանը փորձում է իր անվտանգության հարցերը լուծել մի քանի ճակատում, նախարարը ասաց. «Ոչ, ես այդպիսի բան չեմ նկատել, որովհետեւ բարեփոխումները, ՆԱՏՕ-ի կառույցների հետ փոխգործակցելիությունը որեւէ չափով ոչ վնասում են եւ ոչ էլ խոչընդոտում մեր համագործակցությանը «Հավաքական անվտանգության պայմանագրի» շրջանակներում: Այդ կազմակերպությունը ունի ռազմական բաղադրիչ, իսկ այդպիսի բաղադրիչ ունեցող կազմակերպության անդամ երկրների համար շատ էական է, որ իրենց գործընկերները լինեն մարտունակ: Եթե մենք կլինենք ավելի մարտունակ, ուրեմն՝ ավելի օգտակար կլինենք, ինչո՞ւ պետք է նեղացածության որեւէ աստիճան լինի»: Մենք նկատեցինք նաեւ, որ «Ճգնաժամերի միջազգային խմբի» ներկայացուցիչը նախորդ օրը հաստատապես պնդում էր, թե բոլոր հարցերը լուծելուց հետո միայն կքննարկվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ ամենակարեւոր հարցը մնալու է չլուծված, եւ որ այսօր քննարկվում է ոչ հայանպաստ լուծում: Սերժ Սարգսյանը ի պատասխան հակադարձեց. «Եթե ձեզ թվում է, թե այդ «Ճգնաժամերի միջազգային կենտրոնը» ամբողջովին ինֆորմացված է կամ ինքն է հարցեր լուծում, ուղղակի մի քիչ սխալվում եք։ Երկրորդ՝ եթե ձեզ դուր է գալիս, որպեսզի մենք պարբերաբար ասենք, որ գնալու ենք լուծման, որը մեզ համար շահավետ է եւ ձեռնտու, ապա հիմա էլ հայտարարում եմ՝ այո, մենք գնալու ենք մի այնպիսի լուծման, որը մեր ժողովրդին ձեռնտու է եւ շահավետ, եւ որը լուծում է այն խնդիրը, որը բարձրացվել է 88 թվականին»: Սերժ Սարգսյանը պատասխանելով նաեւ այն հարցին, թե վերջինս տեղյա՞կ է՝ որտեղից են առաջանում բանակի սպայական կազմի կարողությունները, ասաց. «Ես չգիտեմ զինված ուժերում որեւէ մեկին, որ շատ մեծ ֆինանսական կարողություններ ունի, դուք կարող եք այսպես, օդի մեջ կրակել ու ասել, ես չեմ կարող հենց այնպես ասել»: Անմիջապես ավելացրեց. «Ես չեմ ասում, որ զինված ուժերի բոլոր սպաները ապրում են զուտ միայն աշխատավարձով. իհարկե, տարիների ընթացքում նրանց ընտանիքի անդամները, տարբեր մարդիկ տարբեր գործունեություն են ծավալում: Այսինքն՝ եթե մարդ մայոր, փոխգնդապետ կամ գեներալ է, տաբո՞ւ պետք է լինի նրա ընտանիքի անդամների կամ բարեկամների վրա՝ բիզնեսով զբաղվելու»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել