ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Գլուխ երրորդ
ՄԻ ԾԵԾԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Յոթանասունվեց թվականի օգոստոսի վերջերին արդեն աշխատանքի էի անցել Բժշկական ինստիտուտի «Ապագա բժիշկ» թերթում, բայց էս փաստն էսպես ձեռի հետ նշելն ու անցնելը շատ անարդար կլինի, ու անարդար կլինի հենց ի՛մ առումով, որովհետեւ նախ՝ իմ աշխատանքի ընդունվելն էնքան էլ հեշտ ու հանգիստ չստացվեց, եւ երկրորդ՝ իմ չաշխատելն արդեն, կարելի է ասել, թանկ էր նստում ծնողներիս վրա, ու չնայած հայրս իմ հանապազօրյա երեքանոցը շարունակում էր բարձիս տակ դնել, բայց մեկումեջ առավոտները երեքանոցի փոխարեն արդեն մանեթանոց էի հայտնաբերում, որովհետեւ արդեն ոչ միայն հորս տարիքն ու առողջականն էին զգացնել տալիս, այլեւ մայրաքաղաքում կենդանագրական արհեստանոցներն էին բազմանում, ու չնայած դրանց բոլորի ճակատներին «Կենդանագրական»-ի փոխարեն «Գեղագրական» էր գրված, բայց ես գիտեի, որ դրանք բոլորն էլ մեր կոնկուրենտներն են:
Երբ ինձ հարցնում էին՝ հայրդ ի՞նչ է աշխատում, ես ասում էի՝ կենդանագիր, եւ երբ հարցնում էին՝ դա ի՞նչ է, ես մանրակրկիտ բացատրում էի հորս արհեստի բովանդակությունն ու էությունը, եւ երբ բոլոր էդ արհեստանոցների ճակատների «Կենդանագրական»-ները դարձան «Գեղագրական», ես արդեն դժվարանում էի հորս արհեստը բնութագրող որեւէ հարմար բառ գտնել:
Ռաֆայել Իշխանյանի քննադատական մի հոդվածից հետո հայրս առաջինն էր իր արհեստանոցի ճակատի գիրը փոխել՝ չսպասելով Կենցաղսպասարկման իր ջոջերի ու Տերմինաբանական կոմիտեի հատուկ որոշմանը, եւ երբ ջոջերն ու տերմինաբանականը յոթանասունվեցին վերջնականապես կողմնորոշվեցին, հորս Շիլաչու արհեստանոցի ճակատին վաղուց արդեն բրոնզե սիրուն տառերով գրված էր՝ «Գեղագրական»:
Երբ հորս երեքանոցներն աստիճանաբար ու վերջնականապես վերածվեցին մանեթանոցների, ես վերջնականապես հասկացա, որ անպայման պիտի որեւէ տեղ աշխատանքի անցնեմ: Մանկավարժությունը բացառվում էր, որովհետեւ ես մասամբ նաեւ մանկավարժությունից էի բանակ փախել: Աշխատանքի հարցով Արշակյանին դիմելը նույնպես բացառվում էր, որովհետեւ նույն մարդուց երկու բան խնդրելը հորս սկզբունքներից դուրս էր, էլ չասած, որ մեն մի բան խնդրելն էլ հորս սկզբունքներին առանձնապես չէր բռնում, բայց ես իր որդին էի, ու հանուն ինձ ինքն իրեն արդեն որոշակի ցածրացրել էր ու իր արհեստանոցում Արշակյանի ներկայությամբ հացի սեղանի վրա բանաստեղծություններիս հաշվով խոսակցություն էր բացել, ու երեւի էդ պահին հորս մեջ չկայացած արվեստագետն էր խոսել, ու էդ օրը, մի քանի բաժակ խմելուց հետո, հայրս սրտանց ցանկացել էր, որ իր որդին կայանա:
Հայրս, իհարկե, պարտքի տակ չէր մնացել, պարտք էլ որ ասում եմ՝ դեռ միանգամայն կիսաեփ ու չձեւավորված բան էր, այսինքն՝ Արշակյանի շնորհիվ յոթանասունիննի միանգամայն հեռանկարային պլանում հայտնված դեռեւս կիսաֆաբրիկատ գրքիս դիմաց հայրս արդեն Արշակյանի կաբինետի համար ընտիր ու ոսկետառ ցուցանակ էր գրել, եւ եթե էդ փառահեղ ցուցանակը վաղուց արդեն Արշակյանի կաբինետի դռան վրա շողշողում ու ջիջիլ էր գցում Պետհրատի ողջ բյուրոկրատական ապարատին, ապա բանաստեղծություններիս գրքի տեսլականը դեռեւս միմիայն իմ մտապատկերում էր շողշողում ու պեծին տալիս, եւ եթե հաշվի առնենք, որ էդ պահին դեռեւս ընդամենը յոթանասունվեց թվականն էր, ապա ինքներդ եք հասկանում, որ դեռեւս ամբողջ երեք տարի կար՝ մինչեւ որ գրքիս հաշվով տրված խոստումը մարմնավորվեր ու շապկավորվեր: Այսինքն, որ վերցնենք, էդ պահի դրությամբ ու հորս առումով մի բան էլ Արշակյանն էր դեռեւս պարտքի տակ, ու էդ բանն ինձանից ու հորիցս շատ ավելի լավ մայրս էր հասկանում, եւ դա էր պատճառը, որ մայրս շարունակ հորս հորդորում էր՝ Արշակյանի մոտ աշխատանքիս հաշվով խոսակցություն բաց անել, ու չնայած երեքս էլ գրեթե համոզված էինք, որ Արշակյանն աշխատանքիս հաշվով էլ որեւէ ճար կանի, բայց նաեւ համոզված էինք, որ դա չլինելու բան է, այսինքն՝ համոզված էինք, որ հայրս այլեւս Արշակյանից որեւէ բան չի խնդրի:
Անկեղծ ասած, ես էլ չէի ուզում, որ խնդրեր, ու եթե ավելի անկեղծ լինեմ, պիտի խոստովանեմ, որ իմ ու Արշակյանի մտերմությունն արդեն էն փուլում էր, որ ինքս էլ կարող էի Արշակյանի մոտ աշխատանքիս հաշվով խոսակցություն բաց անել, բայց դա չէի անում երկու հիմնական պատճառով. նախ՝ ես մտավախություն ունեի, որ Արշակյանի միջոցով աշխատանքիս հարցի լուծումը կարող էր լինել բանաստեղծություններիս էդ, ուրեմն, առաջին գրքի հաշվին, եւ երկրորդ՝ ես իմ հոր հարազատ զավակն էի եւ ինքս էլ առանձնապես չէի սիրում որեւէ մեկից որեւէ բան խնդրել:
Էդ ընթացքում բարձիս տակի երեքանոցներն արդեն վերջնականապես էին վերածվել մանեթանոցների, եւ իմ աշխատելն արդեն անհրաժեշտություն էր դառնում, մանավանդ որ՝ մերոնց տարիների հոգապահուստն արդեն ծայրեծայր վերածված էր կաֆելի, ռեմոնտի ու կահույքի, եւ, բացի այդ, իմ անհոգ ու պարապ կյանքն ահագին թանկ արժեր, որովհետեւ, երեւի ինքներդ էլ եք երբեւէ զգացել, պարապ-սարապ մարդն անհամեմատ ավելի է ծախսելու առիթներ ունենում, քան, ուրեմն, աշխատողը:
Այդուհանդերձ, ես ու հայրս Արշակյանից նոր բան խնդրող չէինք, եւ ինչքան էլ մայրս մեզ փորձեր հակառակը համոզել, մենք տրամադրված էինք մեր հպարտությունը որոշակի բարձրության վրա պահել, ու չնայած իմ նորահայտ բնագավառում Արշակյանից բացի ուրիշ լիքը ծանոթներ էլ արդեն ունեի, բայց էդ գրողների ու բանաստեղծների հետ սրճարաններում, խմբագրություններում ու հրատարակչությունում էնպիսի բարձր ու ոգեղեն բաներից էինք խոսում, որ ինձ համար շատ անհարմար էր նրանց մոտ աշխատանքիս մասին խոսակցություն բացելը:
Իսկ իմ աշխատելն օրեցօր անհրաժեշտություն էր դառնում, ու չնայած ծնողներս իմ ներկայությամբ մեր ընտանիքի օրեցօր բարդացող վիճակից չէին խոսում, ես պարզորոշ զգում էի, որ ծնողներիս համար գնալով ավելի ու ավելի ծանր բեռ եմ դառնում, եւ եթե ավելացնեմ, որ քույրս էլ կոնսերվատորիայի ուսանողուհի էր, եւ եթե եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ կենդանագրական ոլորտում հայրս, ի դեմս իր երբեմնի աշակերտների, արդեն միանգամայն լուրջ ու կատաղի հակառակորդներ ու կոնկուրենտներ ուներ, երեւի դուք էլ պատկերացնեք, թե էդ ժամանակահատվածում ինձ համար ինչքան ծանր ու տհաճ էր գործազուրկի էդ, ուրեմն, կարգավիճակը:
Էդ հիմա ենք հիշում ու ասում, ավելի ճիշտ՝ առանց մանրամասն հիշելու ասում, թե Սովետի օրոք մարդ արարածն անհոգ ու միանգամայն բարեկեցիկ կյանքով էր ապրում, ու հիմա, առանց ինքներս մեզ մանրամասն հիշելու, մի գլուխ ասում ու կրկնում ենք, որ էն ժամանակ, իբր, բոլորս էլ աշխատանքի իրավունք ունեինք ու աշխատանքով էլ ապահովված էինք, բայց հիմա, երբ սկսում եմ էն ժամանակվա իմ գործազրկության օրերն ու պահերը մանրամասն հիշել ու նկարագրել, ինքս էլ հընթացս սկսում եմ հիշելով հասկանալ, որ էն ժամանակ էլ մի բան չէր, եւ եթե էն ժամանակվա ամեն ինչն անհամեմատ պայծառ ու լուսավոր է երբեմն ներկայանում, դա երեւի նրանից է, որ ես էն ժամանակ ընդամենը քսաներեք տարեկան էի, ու հիմա որ էս ամենի մասին մտածում եմ, հասկանում եմ, որ խորհրդային տարիների կարոտախտն առանձնահատուկ է իմ սերնդակիցներին ու հատկապես ինձանից ավելի տարիքավորներին, ու շատ դեպքերում մենք չենք պատկերացնում ու չենք գիտակցում, որ եթե Սովետը մնացած ու պահպանված էլ լիներ, միեւնույն է, մենք էլի ծերանալու ու կնճռոտվելու էինք, ինչպես նաեւ՝ հոգնելու էինք էս կյանքից ու էս հոգսերից:
Արշակյանն առանց մեր հուշելու դժվար թե ինքնուրույն կարողանար պատկերացնել աշխատանքիս անհրաժեշտությունն ու ծնողներիս հոգեվիճակը, որովհետեւ Արշակյանը երդվյալ ամուրի էր եւ էն գլխից իրեն ազատագրել էր ընտանեկան հնարավոր դժվարություններից ու հոգսերից, եւ եթե ավելացնեմ նաեւ, որ Արշակյանը բարձր աշխատավարձ ու մեծամեծ հոնորարներ էր ստանում, ձեզ համար միանգամայն հասկանալի կդառնա, որ եթե Արշակյանը ցանկանար էլ, էլի չէր կարող իմ ու ծնողներիս վիճակի մեջ ինքնուրույն մտնել:
Այսինքն, ուզում եմ ասել ու հիշեցնել, որ էն ժամանակ էլ կյանքն առանձնապես հեշտ չէր. ուղղակի մենք էինք շատ ջահել, ու էդ հանգամանքն ինքնին հետաքրքրություն էր հաղորդում կյանքին ու գեղեցկացնում էր էն ամենը, ինչն առանձնապես գեղեցիկ չէր, ու իմաստավորում էր էն ամենը, ինչն առանձնապես էր անիմաստ, ու չնայած էն ժամանակ Հայաստանն ամենեւին էլ ազատ ու անկախ չէր, բայց անձամբ իմ ազատությունը ծով էր, եւ անձամբ իմ տարիքն էլ ինձ հուշում էր, որ գործազրկությունս իբրեւ ազատություն ներկայացնեմ, ու չնայած Հայաստանը դեռեւս ազատ ու անկախ չէր, եւ էդ իրավանախորդ երկիրն էլ միանգամայն հավասարության ու հավասարների երկիր էր, անհավասարությունն ու շերտավորումն, այնուամենայնիվ, շոշափելիորեն կային, բայց, այնուամենայնիվ, էն ժամանակվա օրենքները մարդկանց արգելում էին իրարից տարբեր լինել, եւ եթե էն ժամանակվա մարդիկ իրարից տարբերվելու համար ստիպված էին որոշակի օրենքներ շրջանցել ու խախտել, ապա էսօր հենց օրենքներն են մարդկանց հորդորում իրարից ուժեղ ու բարձր լինել, ու չնայած մրցակցությունն ինքնին առողջ երեւույթ է, բայց շատ հաճախ հենց մեր էս նոր օրենքներն են առողջ մրցակցությանն արգելք հանդիսանում, եւ եթե օրենքներից մեկը պաշտպանության նախարարության աշխատողին իրավունք ու հնարավորություն է տալիս իր ավտոմեքենայի համարների կողքին ՊՆ գրել, ապա օրենքներից մյուսը մշակույթի նախարարության աշխատողին խստիվ արգելում է իր ավտոմեքենայի համարների կողքին գրել ՄՆ:
Օրենքն, իհարկե, օրենք է, բայց առաջներում էլ ու հիմա էլ օրենքն իր իսկ էության մեջ անկատար ու թույլ է էն պարզ պատճառով, որ առաջներում էլ ու հիմա էլ օրենքից ուժեղ ու բարձր մարդիկ կան, եւ եթե նախկին՝ հավասարների կյանքում օրենքի վրա իշխանություն ունեին հավասարներիցս ամենահավասարները, ապա այսօր ոչ միայն օրենքի վրա իշխանություն ունեցողներն են երկրաչափական պրոգրեսիայով բազմացել, այլեւ՝ օրենքի տակ ճկռողները, եւ հիմնականում օրենքների անկատարության ու թուլության պատճառով է, որ թե՛ առաջներում եւ թե՛ հիմա եղել են ու շարունակում են գոյատեւել մեր կյանքի չգրված օրենքները, եւ էդ չգրված օրենքները գործուն են հատկապես Հայաստանում, որովհետեւ մենք ծեսի ժողովուրդ ենք, եւ գրված օրենքներից յուրաքանչյուրի վրա մեկական չգրված օրենք էլ ինքներս մեր ձեռքով ենք ավելացնում ու էդպես՝ անխնա ոչնչացնելով ազատության մեր չնչին ու վերջին պաշարները, մոլեռանդորեն շարունակում ենք բողոքել մեր ազատության ու մեր իրավունքների պակասից, եւ իրենց ազատության ու իրենց իրավունքների քչությունից բողոքողները հիմնականում կանայք են, եւ հիմնականում մեր էն կանայք՝ որ վաղուց ի վեր իրենց իրավունքներին գումարել են նաեւ տղամարդկանց իրավունքները, իսկ մեր է՛ն կանայք, որոնք դեռեւս հեծում են իրենց իսկ ամուսինների լծի տակ ու ռեգուլյար ծեծ են ուտում իրենց իսկ ամուսինների ձեռամբ, երբեւէ մտքներով չեն անցկացնում անսալ ամերիկացի կամ եվրոպացի իրավապաշտպանների հորդորներին եւ համառորեն իրենց ֆիզիկական ու հոգեկան ցավերը թաքցնում են ամերիկացիներից ու եվրոպացիներից ո՛չ միայն էն պատճառով, որ, այնուամենայնիվ, իրենց իսկ ամուսիններն են հանդիսանում իրենց իսկ ընտանիքի կերակրող ձեռքը, այլեւ է՛ն պարզ պատճառով, որ դեռեւս մեր կանանց էդ խոնարհ հատվածը գլուխկախ շարունակում է հիշել ու հարգել մեր ներազգային ու չգրված օրենքների էն համակարգը, որ ժամանակակից հայերենում նաեւ մենթալիտետ անվանումն ունի, ու մեր կանայք իրենց իսկ ֆիզիկական ու հոգեկան դարդերը ոմն եվրոպացու կամ ամերիկացու չեն ներկայացնում նաեւ էն պատճառով, որ դեռեւս փոքրուց լսել են ու ականջներին օղ են արել հետեւյալը. տղամարդիկ իրենք են տնօրինում իրենց իսկ ճակատագիրը, իսկ կինն ի սկզբանե՝ այսինքն աղջիկ ժամանակներից անմնացորդ ու միանգամայն կախված է իր իսկ բախտի քմահաճույքից եւ եթե ամուսնանում ու լավ տեղ չի ընկնում, նրան այլեւս որեւէ դրսեկ իրավապաշտպան չի փրկի:
Ես մեր էս չգրված օրենքների մասին Արշակյանի հետ կապված հիշեցի ու նշեցի եւ ընդամենն էն էի ուզում ասել, որ չգրված օրենքն էն ժամանակ ինձ ու հորս կտրուկ արգելում էր աշխատանքիս հարցով Արշակյանին դիմել, բայց միաժամանակ չեմ կարող նաեւ չնշել, որ մեզանում չգրված օրենքներից շեղումներ էլ են լինում՝ մանավանդ էն դեպքերում, երբ հարցը վերաբերում է մարդկանց աշխատանքին ու կարիերային, ու մայրս էլ էր էն կարծիքին, որ կարելի է եւ նույնիսկ անհրաժեշտ էլ է աշխատանքիս հարցի հետ կապված՝ ընդամենը մեկ անգամ չգրված օրենքից շեղվել, բայց ես ու մանավանդ հայրս անդրդվելի էինք ոչ թե է՛ն պատճառով, որ ընդհանրապես չէինք շեղվում չգրված օրենքներից, այլ, ընդհակառակը, հատկապես կոնկրետ էդ մի չգրված օրենքից էինք հակված չշեղվել, իսկ ուրիշ այլ շեղումներ մեզ լիուլի թույլ էինք տալիս, ինչպես որ հիմա էս անհավանական շեղումն ինձ թույլ տվի՝ Արշակյանի ժամանակներից շեղվելով ու մի քանի տողում հասնելով մարդու իրավունքների ու իրավապաշտպանների մեր էս ժամանակները, ու քանի որ խոսքը խոսք բերեց, ու նաեւ անդրադարձա չգրված օրենքներից մեր երբեմնակի շեղումներին ու բացառություններին, հիմա արդեն առիթ ու պատճառ ունեմ՝ անդրադառնալու չգրված օրենքից շեղման մի չտեսնված բացառության, որը տեղի ունեցավ սրանից ուղիղ երեք տարի առաջ եւ առնչվում է Մետաքսի՝ Տիմոշենկոյի անվան դպրոցի իմ համադասարանցի Օրդուխանյան Հրանուշին, ու էդ պատմությունն իմ համադասարանցի Հրուշն ինձ անձամբ պատմեց, ու հիմա իր էդ պատմությունն անպայման ուզում եմ ձեզ ներկայացնել, որովհետեւ խոսքը խոսք բերեց, ու բուն նյութից էսքան շեղվելուցս հետո Հրանուշի էդ պատմության չափով չշեղվելս իմ կողմից պարզապես անշնորհքություն կլինի, մանավանդ որ, համոզված եմ, ձեզանից յուրաքանչյուրը դեռեւս էս կյանքի հետ հույսեր կապելով՝ դեռեւս հավատում է, որ մեր էս կյանքում, այնուամենայնիվ, կարող են հրաշքներ կատարվել ու տեղի ունենալ, ընդ որում, էդ միանգամայն դրական հրաշքներից մեկնումեկը կարող է կատարվել ու տեղի ունենալ անձամբ իր հետ։
Ես արդեն հիսունն անց մարդ եմ, եւ, ի տարբերություն ինձ, իմ համադասարանցիներից ու համակուրսեցիներից շատերը վաղուց արդեն տատիկներ ու պապիկներ են, ու Տիմոշենկոյի անվան դպրոցի իմ համադասարանցի Հրուշն էլ է երկու երեխաների տատիկ, ընդ որում՝ Հրուշն ընդամենը երկու տարվա տատիկ է, մինչդեռ ինքը կարող էր շատ ավելի ստաժավոր տատիկ լինել, քանի որ Հրանուշն իմ համադասարանցիներից առաջին ամուսնացողն ու առաջին երեխա ունեցողն էր եւ չնայած իր ամուսին ու մեր համադասարանցի Գուգոյի հետ ընդամենը երեք տարի համատեղ ապրելուց հետո բաժանվեց, բայց ինքնուրույն ու մենմենակ իր դուստր Աննային բարեհաջող մեծացրեց ու ամուսնացրեց, սակայն էդ ամուսնությունը բարեհաջող չէի համարի ոչ միայն էն պատճառով, որ Աննայի ամուսինն Աննայի հոր պես խմող ու կնոջը ռեգուլյար ծեծող էր, այլեւ էն պատճառով, որ Աննան շուրջ հինգ տարի երեխա չէր ունենում, ու շատ հնարավոր է, որ հենց դա էր ամուսնու ռեգուլյար ծեծերի եւ նրանց ընտանեկան համատեղ դժբախտության հիմնական պատճառը, չհաշված, իհարկե, իմ համադասարանցի Հրուշի՝ քիթն ամեն տեղ ու ներառյալ իր աղջկա ընտանիք խոթելու կանոնավոր խասյաթը, բայց իմ համադասարանցի Հրուշի եւ իր դուստր Աննայի հետ կապված էս պատմությունը եզակի բացառություն է նաեւ էն իմաստով, որ եթե սովորաբար զոքանչների՝ իրենց աղջիկների ընտանեկան հարցերին միջամտելու փորձերն ավարտվում են աղջիկների վերջնական դժբախտությամբ, ապա իմ համադասարանցի Հրուշի կողմից իր փեսայի ու իր աղջկա ներընտանեկան գործերին չափազանց բուռն միջամտությունները ճիշտ հակառակ արդյունքը տվին, ավելի ճիշտ՝ միանգամայն փառահեղ արդյունք տվին, իսկ է՛լ ավելի ճիշտ՝ Հրուշը, փաստորեն, իր էդ միջամտությունների շնորհիվ երկրորդ անգամ կյանք պարգեւեց ու լույսաշխարհ բերեց իր դուստր Աննային։
Կարճ կապեմ։ Երրորդ հազարամյակի առաջին իսկ տարվա աշնանային մի տխուր իրիկուն կյանքից ու ամեն ինչից հույսը վերջնականապես կտրած Հրուշը, կյանքից ու ամեն ինչից արդեն վերջնականապես հոգնած, միացնում է իր սեւ-սպիտակ հեռուստացույցն ու «Հայլուրով» տեսնում ու լսում է, որ մարդու ու հատկապես կանանց իրավունքների գծով արտասահմանցի ինչ-որ իրավապաշտպաններ մեր ոտնահարված իրավունքներով կանանց կոչ են անում դիմել իրենց, ու էդ երկու իրավապաշտպանների կոչը հատկապես ուղղված է եղել մեր էն կանանց, որոնք սիստեմատիկ հալածվում ու ծեծվում են իրենց իսկ ամուսիններից։
Երբ Հրանուշին Շիլաչու կանգառում տեսա, եւ երբ ինքն սկսեց իր աղջկա անձնականն ամենայն մանրամասնությամբ պատմել, սկզբում հակված էի նստել առաջին իսկ երթուղայինն ու չքվել, որովհետեւ Հրուշն իր աղջկա անձնականը ոգեւորված ու բարձրաձայն էր պատմում, էնքան ոգեւորված ու էնքան բարձրաձայն, որ անցորդներն ու կանգառում կանգնածները զարմացած իրեն ու ինձ էին նայում, բայց երբ Հրուշն իր աղջկա անձնականը պատմելով՝ հասավ արտասահմանցի իրավապաշտպաններին, իր աղջկա կենսագրականն սկսեց հետաքրքրել ինձ, ու ոտս կախ գցեցի։
– Էդ ի՞նչ իրավապաշտպաններ էին,- հարցրի Հրուշին։
– Էրկուսն էլ ֆրանսիացի էին. մեկը ջահել տղա էր, մյուսը՝ աղջիկ։
– Ֆրանսերեն էի՞ն խոսում։
– Երեւի ֆրանսերեն էին խոսում, բայց թարգմանիչը հայերեն թարգմանում էր, ու թարգմանիչի թարգմանածից հասկացա, որ իրանք որոշել են պաշտպանեն մեր էն կանանց, որոնց ամուսինները ծեծում են,- ասաց Հրուշը։
– Ո՞ւմ են ծեծում,- հարցրի ես։
– Էլ ո՞ւմ պիտի ծեծեն. իրանց կնիկներին։
– Այսինքն՝ էդ արտասահմանցի իրավապաշտպաններն ուզում էին մեր կնիկներին մեզանից պաշտպանե՞ն,- հարցրի ես։
– Ձեռ մի՛ առ,- ասաց Հրուշը,- մինչեւ վերջ լսի։
– Լսում եմ,- ասացի ես։
– Տելեվիզորի էկրանին իրանց հեռախոսի համարը գրեցին, ու հենց մյուս օրն առավոտ շուտ զանգեցի։
– Ի՞նչ հեռախոսի համար,- հարցրի ես։
– Էդ ֆրանսիացիների հյուրանոցի համարը. «Արմենիայում» էին ապրում։ Սկզբում հեռախոսը տղեն վերցրեց, հետո փոխանցեց աղջկան։
– Հետներն ինչերե՞ն էիր խոսում,- հարցրի ես։
– Աղջիկը քիչումիչ ռուսերեն հասկանում ու խոսում էր, ու որ զանգեցի, պայմանավորվեցինք ու հենց հյուրանոցի դռների մոտ էլ հանդիպեցինք։
– Ինչի՞ էիր ուզում հետները հանդիպել,- հարցրի ես։
– Ո՞նց թե՝ ինչի։ Էսքան պատմում-պատմում եմ՝ չես հասկանո՞ւմ։ Ասեցի, չէ՞, որ աղջկաս մարդն ուղղակի գազանավարի էր աղջկաս ծեծում։
– Որ մարդն ըտենց ծեծում էր, աղջիկդ ինչի՞ չէր բաժանվում իրանից,- հարցրի ես։
– Ի՞նչ բաժանվել։ Անլեզու հայվանի մեկն ա։ Իրա էդ սիստեմատիկ ծեծվելն էլ իրանց հարեւաններից եմ իմացել. գիտես թե՝ ինքն ա՞ ինձ պատմել։
– Աղջկադ փոխարեն դու ես, փաստորեն, էդ եվրոպացիներին բողոքել։
– Աղջկաս որ մնար, ինքը վաբշե էդ ֆրանսիացիների մոտ չէր գնա։ Էդ նույն իրիկուն իրան զոռով եմ հետս հյուրանոց տարել։
– Հետո՞, Հրո՛ւշ, էդ ֆրանսիացիների հետ հանդիպեցի՞ք,- հարցրի ես։
– Համբերի՛, հերթով պատմում եմ,- ասաց Հրանուշը։- Մեր էն դպրոցական վախտերն էլ համբերություն չունեիր. մի գլուխ հարցեր էիր տալի։
– Էլ հարց չեմ տա, պատմի՛,- ասացի ես։
– Գրող մարդ ես,- ասաց Հրանուշը.- էս իմ աղջկա պատմությունն էլ իսկական գրելու պատմություն ա. ընենց որ՝ ուշադիր լսի։
– Ուշադիր եմ լսում,- ասացի ես։
– Ուրեմն, էդ ֆրանսիացի աղջկան «Արմենիայի» դռների մոտ հանդիպեցի ու իրար հետ բարձրացանք վերեւ՝ Ալեքսի մոտ։
– Ի՞նչ Ալեքս,- հարցրի ես։
– Էդ ֆրանսիացի ջահելի անունն Ալեքս էր. ինքը, փաստորեն, Էդիտի շեֆն էր։
– Էդի՞տն ով էր։
– Էդիտն էդ աղջիկն էր, որի հետ «Արմենիայի» դռների մոտ ժամադրվել էի։ Թե հետաքրքիր չի՝ չպատմեմ։
– Շատ հետաքրքիր ա, պատմի՛,- ասացի ես։
– Փաստորեն, սաղ հարցերը Ալեքսն էր որոշում, ու իմ բախտից Ալեքսն էլ, չնայած Էդիտի չափ ռուսերեն չգիտեր, էշը ցեխից հանում էր։ Ընենց որ՝ ես իրան ամեն ինչ բացատրեցի։
– Ի՞նչ բացատրեցիր։
– Պատմեցի, որ արդեն տարուց ավել ա՝ էդ ալկոհոլիկ փեսես աղջկաս օր ու արեւ չի տալի։ Ամեն օր, փաստորեն, էդ անասունն էրեխիս ծեծում էր։
– Հետո՞։
– Ալեքսն էլ քո պես զարմացավ, որ ես եմ աղջկաս փոխարեն բողոքում, ու ասեց, որ աղջիկս անպայման պիտի անձամբ ներկայանա ու իրա ձեռով դիմում գրի։
– Ի՞նչ դիմում։
– Աղջիկս պիտի անձամբ իրա ձեռով դիմում գրեր, որ իրա էդ անասունն իրան ամեն օր սիստեմատիկ ծեծում ա։
– Աղջիկդ էդ դիմումը գրե՞ց,- հարցրի ես։
– Հա, գրեց։ Ավելի ճիշտ՝ ե՛ս իրա տեղը գրեցի։ Շատ ուժեղ էի գրել։ Ես էն գլխից էլ շատ ուժեղ էի ազատ շարադրություն գրում. հիշում ես, չէ՞, Արմո՛։
– Ո՞նց չեմ հիշում,- ասացի ես, թեպետ ոչինչ էլ չէի հիշում։
– Փաստորեն, փոխանակ ե՛ս գրող դառնայի, դու դառար,- ծիծաղեց Հրանուշը։
– Հա. փաստորեն թարս ա ստացվել,- համաձայնվեցի ես։
– Էս կյանքում ամեն ինչն ա թարս ստացվում,- համաձայնվեց Հրանուշը։- Հա, ի՞նչ էի ասում. ուրեմն՝ էդ նույն իրիկուն էդ դիմումը ձեռքս՝ աղջկաս քաշ տվի հյուրանոց ու մեկ առ մեկ պատմել տվի, թե ոնց ա ամեն օր էդ ալկաշ անասունն իրան ծեծում։
– Հետո՞։ Էդ Ալեքսը մի բան արե՞ց։
– Էն էլ ո՜նց,- ժպտաց Հրանուշը։- Աղջկաս հենց տեսավ, նույն վայրկյանին սիրահարվեց: Ես հենց տեղում զգացի էդ բանը:
– Պահո՜։ Հենց առաջին հայացքի՞ց։
– Հա։ Առաջ որ ասում էին՝ առաջին հայացքից սիրահարվել կա, հեչ չէի հավատում։