Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետաքրքի՞ր, թե՞ հետաքրքրական

Հոկտեմբեր 08,2005 00:00

Հետաքրքի՞ր,
թե՞ հետաքրքրական «Հետաքրքիր» բառը կազմված լինելով հետք գոյականի
եզակի թվով եւ քրքրել բայի գոյականակերպ քրքիր՝ «փնտրտուք» հիմքով կամ բայանունով,
բառացի նշանակել է «հետքը քրքրող», «հետքը որոնող»: Այդ բառը ծագել է հին հայերի
որսորդական, ռազմական եւ անասնապահական գործունեության ժամանակաշրջանում, երբ հետապնդվող
որսի, թշնամու կամ գողացված անասունի հետքը քրքրելը կամ որոնելը՝ իր ժամանակին եղել
է ամենահարգի զբաղմունքներից մեկը: Մասնագիտական նրբության հասնող այդ արհեստը այժմ
էլ թանկ է գնահատվում հատկապես ձիաբուծությամբ պարապող քուրդ եւ արաբ ցեղերի մոտ:
Հայտնի է, որ ներկա դերբայական բառերը կատարում են նաեւ ածականի պաշտոն, ինչպես՝
հետաքրքիր կամ հետաքրքրվող մարդ, երգող սոխակ, մլավան կատու եւ գիշատիչ գազան, ուր
հետաքրքիր, երգող, մլավան եւ գիշատիչ դերբայները նշված գոյականների մոտ կատարում
են ածականի դեր: Բայց բավական է խախտել ածականների եւ գոյականների հարաբերության
այդ դիրքը եւ ասել՝ հետաքրքիր սոխակ, երգող կատու, մլավան գազան, գիշատիչ մարդ, որպեսզի
ստանանք ծիծաղելի իմաստներ: Այս հանգամանքն ինքնին վկայում է, որ ներկա դերբայական
բառերն ածականի փոխարկվելիս համաձայնվում են գոյականների համապատասխան բնույթների
հետ, ուր յուրաքանչյուր գոյական կարող է ստանալ միայն այն ածականը, որը համապատասխանում
է իր նյութական կամ վերացական էությանը: Ելնելով հայերենի նման դրվածքից,
ներկա դերբայական հետաքրքիր բառն իր «որոնող», «հետազոտող» եւ «պրպտող» իմաստների
արդիական առումներով կարող չէ ածականը դառնալ որեւէ գոյականի, երբ այն վերաբերում
չէ ոչ միայն գործող անձի, այլեւ իմացական որոշ բարձրության վրա գտնվող անձնավորության:
Երբ ասում ենք՝ Վիկտոր Համբարձումյանը հետաքրքիր մտածող է, ըստ հայերենի քերականության
ընդգծում ենք նրա միշտ պրպտող ու խորացող անհանգիստ բնավորությունը եւ ո՛չ թե հավաստում
նրա նկատմամբ ունեցած մեր սովորական ուշադրությունը: Նշանակում է, հետաքրքիր դերբայի
ածականացման շրջանակը շատ նեղ է եւ կարելի չէ այն տարածել հասարակ գոյականների նկատմամբ:
Նկատի ունենալով այս պարագան, հայ քերականները այդպիսի դերբայներից ական մասնիկով
ստեղծել են ածականական համապատասխան ձեւեր, ինչպես՝ հետաքրքրական, հետազոտական, դերասանական,
հասկացողական, մտածողական, բայց երբե՛ք դերասական եւ դերասություն, հասկացական եւ
հասկացություն, մտածական եւ մտածություն կամայական եւ սխալ ձեւերը, որովհետեւ ածանցական
այդ բառերը կազմվում են ներկա դերբայական բառերի հիմքում եւ ոչ թե դերաս, հասկաց
եւ մտած բառային բեկորներով: Ելնելով վերոհիշյալ նկատառումներից, անհրաժեշտ
է վերջ տալ դերբայական հետաքրքիր բառի ածականաձեւ գործածությանը, քանի որ հայերենն
ունի հետաքրքրական ածականը: Այլապես քերականական այդ քմահաճ սխալի օրինակով կարող
են տարերայնորեն առաջանալ՝ հետազոտ աշխատանք, հետախույզ արշավանք, օդաչու դպրոց,
ճանապարհորդ անցագիր, երկաթուղի կայարան, քաղաքացի անձնագիր եւ նման «նորություններ»:
ԵՂԻԱ ՄՈՄՋՅԱՆ, լեզվի դասատու Բնագիրը խմբագրություն է
հանձնել նկարիչ Վան Հունանյանը, ում ձեռքին պատահմամբ հայտնվել է 35 տարվա արխիվային
այս անտիպ հոդվածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել