Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԽԵՂԴՈՑ Է

Հոկտեմբեր 08,2005 00:00

Որոշ
բուհերում էլ պահպանվում են բոլոր նորմերը, ընդհուպ՝ մինչեւ զուգարանային հերթափոխ
Մեր պետական բուհերի առանձին մասնաշենքերում սովորող ուսանողների թիվը, պարզվում
է, ավելի շատ է, քան թույլ են տալիս շենքային պայմանները: Լսարան չլինելու պատճառով
ուսանողները 150 հոգանոց խմբերով են դաս պարապում, ավելին՝ երբեմն էլ ստիպված են
լինում դասը սրճարաններում անցկացնել: Սա՝ ուսանողների հավաստմամբ: Օրինակ՝ Ալեք
Մանուկյան փողոցի՝ ուսանողներին հայտնի «Սմաք», «Աքվա» սրճարաններում կարելի է հանդիպել
ԵՊՀ-ի, մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի, տնտեսագիտականի ուսանողներին՝ իրենց
դասախոսի հետ զրույց-դաս անցկացնելիս: Մեզ հետ զրույցում ուսանողները պատմում էին,
որ եղել են դեպքեր, երբ լսարանի մոտ տարբեր կուրսերի ուսանողների հերթեր են գոյացել՝
դաս պարապելու համար: Եվ այդ դեպքերում օգնության են հասնում սրճարանները: Ուսանողները,
սակայն, չէին դժգոհում այդ անսովոր պայմաններից եւ չէին ցանկանում ներկայանալ, որպեսզի
ասվածն իբրեւ բողոք չհնչի: Նույն պատկերն է դասամիջոցներին: Ուսանողներն այնքան շատ
են, որ խեղդոց է եւ շնչել չի լինում: Սակայն բուհերի ղեկավարներին ավելի շատ մտահոգում
է վարձավճարի հետ կապված հարցը. նրանք առիթը բաց չեն թողնում վճարովի համակարգում
կրկին ու կրկին ընդունելություններ անել: Իսկ նման մի առիթի վերջերս ականատես եղանք,
երբ առանց տարկետման իրավունքի, տեղերի լրացուցիչ մրցույթով եւս 700 հոգի բուհ ընդունվեց:
Այս առնչությամբ «Առավոտը» մի քանի բուհերից հետաքրքրվեց՝ պահպանվո՞ւմ են
ուսանողին հասանելիք տարածքի նորմատիվները, թե՞ ոչ: Բուհերի ներկայացուցիչների
պաշտոնական պատասխանները խիստ տարբերվում էին ուսանողների ներկայացրածից: Երեւանի
պետական բժշկական համալսարանում, սովորողների պատմելով, իրենք երբեմն միջանցքներում
են դաս պարապում: Խոսքը մասնավորապես վերաբերում է արտասահմանցի ուսանողների ռուսերենի
դասերին: Սակայն այս բուհի ուսխորհրդի նախագահ Կարեն Ավագյանի հավաստմամբ՝ բժշկականը
լսարանի խնդիր չունի. «Մեզ մոտ լսարաններն այնքան մեծ են, որ 200-300 հոգով էլ կարող
են դաս պարապել եւ միայն դասախոսություններ լսելու ժամանակ է այդպես: Մնացած ժամերը
տասը հոգանոց խմբերով են անցկացվում: Բացի այդ, բարձր կուրսեցիները հիմնականում լինում
են կլինիկաներում: 1991-92 թթ. 1900 ուսանող լրացուցիչ ընդունվեց բժշկական, այնպես
որ ինչքան էլ ընդունվեն՝ տեղ կա»: Ուսանողներով ծանրաբեռնված է նաեւ Երեւանի
պետական համալսարանը, հատկապես բանասիրականի մասնաշենքը: Այստեղ են գտնվում բանասիրական,
ժուռնալիստիկայի, ռոմանագերմանական եւ արեւելագիտության ֆակուլտետները: Չնայած այս
մասնաշենքում դասերը երկու հերթով են, բայց նորից լսարանների պակաս կա: ԵՊՀ լրատվական
ծառայության ղեկավար Ժաննա Մխիթարյանն էլ բացառեց, որ մայր բուհը շենքային պայմաններից
«խեղճանում» է: Նրա ներկայացմամբ՝ «Դասաժամերին յուրաքանչյուր նստարանին երկու-երկու
են նստում եւ այնպես չի լինում, որ երեքով նստեն»: Համալսարանի ռեկտորատը
մասնաշենքի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար նախատեսել է մի քանի ֆակուլտետներ
տեղափոխել նոր շենք, որ գտնվում է Աբովյան փողոցում, սեւ շենքի հարեւանությամբ: Սակայն,
մեր տեղեկություններով, շենքի դիրքը (4 կողմից շրջափակված է շինություններով) դասախոսների
եւ ուսանողների սրտով չէ: Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի վարչատնտեսական
աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց
բուհում բոլոր տեսակի նորմերը պահպանվում են, նույնիսկ զուգարանի մոտ հերթապահություն
է նշանակված. «Մեր լսարանները այնպես են նախատեսված, որ իրար գլխի չնստեն»: Լիցենզավորման
եւ հավատարմագրման վարչության տրամադրած տվյալներով՝ ուսանողներին հատկացվող տարածքի
նորմատիվները մշակվում են ըստ մասնագիտությունների եւ ոչ թե՝ ըստ բուհերի: Օրինակ,
արվեստի բուհերի համար՝ մինչեւ 33 քմ, մյուսներում՝ լսարանային տարածքը յուրաքանչյուրին
2.2 քմ, իսկ ընդհանուր հաշվով՝ միջանցքների, ուսումնալաբորատոր տարածքների, սանհանգույցի
հետ միասին՝ յուրաքանչյուրին 8 քմ: Ըստ նախնական լիցենզավորման՝ բոլոր բուհերը համապատասխանում
են պահանջվող չափանիշներին: Լիցենզավորում չի անցել միայն Թատրոնի եւ կինոյի պետական
ինստիտուտը: Լիցենզավորումից հետո էլ վարչությունն ամեն տարի պետք է վերստուգի պայմանները,
ինչը դեռ չի արել այս տարի: Բայց դա էլ չի փրկի. ստուգումն առանձին մասնաշենքերով
չի արվում, այլ՝ ուսանողների թիվը համեմատվում է բուհի ողջ տարածքի հետ: Այնպես որ՝
վերոնշյալ խնդիրն առանձին մասնաշենքերում ոչ մեկի կողմից, ըստ էության, չի վերահսկվում
եւ մնում է առկախ: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել