Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կորցնում ենք մեր «ոսկե ֆոնդը»

Հոկտեմբեր 08,2005 00:00

Ամենամյա միջազգային մաթեմատիկական օլիմպիադաները ցույց են տալիս, որ, չնայած Հայաստանի տնտեսական ծանր վիճակին, մեր պատանիները հասնում են մեծ նվաճումների՝ առաջ անցնելով աշխարհի շատ բարգավաճ երկրներից։ Սա՝ իհարկե, այս գործին նվիրյալների եւ առաջին հերթին հային բնորոշ օժտվածության շնորհիվ։

Օժտված լինելով բացառիկ ընդունակություններով՝ այս պատանիների մի մասը սեփական նախաձեռնությամբ հանձնում է անհրաժեշտ քննությունները (իսկ դրա հնարավորությունը կա. միջազգային կազմակերպությունների եւ Ինտերնետի միջոցով) եւ ընդունվում աշխարհի առաջատար համալսարաններ։ Դեռ ավելին՝ ստանում կրթաթոշակ եւ գիտական աշխատանքով զբաղվելու անվճար հնարավորություն։

Նրանք մեր «ոսկե ֆոնդի» մի մասն են, մեր ապագա գիտնականներն ու դասախոսները, որոնց պետք է խրախուսել (կամ գոնե չխանգարել), մանավանդ որ, դրա համար ֆինանսական ոչ մի ներդրում կամ օգնություն չի պահանջվում, փոխարենը՝ մի քանի տարի հետո ունենում ենք պատրաստի գիտնականներ։

Ինֆորմացիոն բարձր տեխնոլոգիաները գերակա ուղղություն հռչակած մեր պետության համար սա էլ մի միջոց է, առանց մի լումա ծախսելու ստանալ պատրաստի երիտասարդ գիտնականներ, մանավանդ, եթե հաշվի առնենք գիտությանը հատկացվող սուղ միջոցները։ Վերջին տարիներին արտասահմանյան մի շարք երկրներում գոյացել է հայ երիտասարդ ասպիրանտների եւ գիտնականների մի խումբ, որոնք զրկված են հայրենիք վերադառնալու իրավունքից եւ, գիտությամբ զբաղվելու փոխարեն ստիպված ուղիներ են փնտրում քաղաքացիությունը փոխելու կամ հարազատներին իրենց մոտ տանելու համար։

Խնդիրն այն է, որ սեփական նախաձեռնությամբ (որը ինքնին ավելի խրախուսելի է, քան միջնորդությամբ կամ փոխանակման ծրագրով) աշխարհի առաջատար համալսարանների Հայաստանի քաղաքացի ասպիրանտները կամ դոկտորանտները, որոնց քանակը չի անցնում մի քանի տասնյակից, չեն օգտվում տարկետման իրավունքից եւ ակամա հայտնվում են բանակից խուսափողների շարքում։ Նման պայմաններում բնական է, որ նրանց մեծ մասն այլեւս չի վերադառնա հայրենիք, բանակ գնալու դեպքում էլ կրթության շարունակականությունը չի ապահովվում: Մինչդեռ այս երիտասարդ ասպիրանտներին օրինական դաշտ բերելու դեպքում, նրանց մեծ մասը, զգալով պետության հոգածությունը, կվերադառնա կամ գործնական կապեր կհաստատի մեր բուհերի հետ եւ կծառայի հայրենի գիտության զարգացմանը:

Մեր կարծիքով, անհրաժեշտ է այս հարցին օրենսդրորեն կամ գոնե կառավարական որոշումով գործնական լուծում տալ, եւ որքան շուտ՝ այնքան լավ, որովհետեւ տարեցտարի բնականորեն ավելանալու է նման ասպիրանտների եւ դոկտորանտների քանակը։

ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ,արտերկրում սովորող ուսանողի ծնող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել