Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔԱՅԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ

Հոկտեմբեր 08,2005 00:00

Մնում
է իրագործել գրածը Կրթության բովանդակության բարեփոխումների շրջանակներում
«Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագրի առաջին բաղադրիչն է «Կրթական ծրագրեր,
չափորոշիչներ եւ գնահատում» ենթածրագիրը, որի համաձայն նախատեսվում է մինչեւ 2008
թ. կրթության բովանդակությունը համապատասխանեցնել նոր կրթակարգին։ Իմաստն այն է,
որ, բացի գիտելիքների մատուցումից, պետք է կարեւորվի նաեւ այդ գիտելիքի կիրառման
հմտությունների ուսուցումը։ «Ծրագիրը պետք է կազմված լինի այնպես, որ նպատակաուղղված
լինի ե՛ւ թույլ աշակերտին, ե՛ւ միջինին, ե՛ւ ուժեղին։ Կարեւոր խնդիր է՝ աշակերտին
տալ ընդհանուր զարգացում, համագործակցության, ինքնադրսեւորման, կազմակերպման կարողություն։
Ոչ թե մտապահելու վրա հիմնված ուսուցում, այլ որոնելու, գտնելու, տեսնելու։ Չինական
ասացվածք կա. եթե մարդը սոված է՝ ձուկ մի տուր, այլ սովորեցրու ձուկ բռնել։ Պետք
է մոռանալ խորհրդային ժամանակների մտապահելու սովորույթը։ Այսիքն՝ պետք է սովորել
սովորեցնել»,- ասում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթակարգ, ուսումնական
ծրագրեր եւ գնահատում» ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը։ Մինչեւ ուսումնական
տարվա վերջ պետք է պատրաստ լինի հայոց լեզու, գրականություն, ինֆորմատիկա եւ մաթեմատիկա
առարկաների նոր ծրագրերի մշակումը, որ գործի կդրվի արդեն հաջորդ ուստարվանից։ Ըստ
պրն Մելքոնյանի՝ ծրագրերի մշակման ընթացքում ծագող դժվարությունները կապված են հիմնականում
թեմաների բեռնաթափման հետ. «Ճիշտ է, առանձին խմբերում աշխատող մասնագետներն անցել
են համապատասխան վերապատրաստում, բայց նրանց համար դժվար է հրաժարվել որեւէ թեմայից,
դուրս գալ «մասնագիտական էգոիզմի» սահմաններից, մտածել, որ միայն իրենց առարկան չի
դասավանդվում։ Մարդկանց մեջ ընդհանրապես մի միտում կա՝ ինչ իրենք լավ գիտեն՝ ուզում
են, որ այդ մասին շատ ասվի։ Բայց պե՞տք է արդյոք այդքանը երեխային։ 5-րդ դասարանի
պատմության դասագրքի մեջ մի պարբերությունում 21 անուն եւ տեղանուն եմ հաշվել։ Էլ
չեմ ասում, որ կան իրադարձություններ՝ գրված ամենայն մանրամասնությամբ։ Եվ պատահական
չէ, որ ընդունելության քննության ժամանակ դասագրքերը շարում են, որպեսզի ստուգեն։
Երբ կրճատում ես մի հեղինակի, ստացվում է, որ դու հայրենասեր չես, բայց անընդհատ
հարստացող գրականություն է, ժամանակակից ո՞ր հեղինակին վերցնել։ Մեր ամերիկացի փորձագետներից
մեկը վերջերս ասաց, որ իրենց մոտ հիմա Շեքսպիր չեն կարդում, այլ նախընտրում են «Հարի
Փոթերը»։ Հիմա ո՞րը վերցնես, որ կատարի գրականության դերը ոչ միայն դաստիարակության,
այլեւ լեզու սովորեցնելու առումով»։ Հայոց լեզվի, գրականության նոր առարկայական
չափորոշիչներ եւ ծրագրեր մշակող խմբի ղեկավար Լիանա Հովսեփյանը եւս պնդում է, որ
հեղինակների ընտրությունն ամենադժվար գործն է, որովհետեւ տարբեր մասնագետներ տարբեր
մոտեցումներ ունեն. ոմանք ուզում են պարզեցնել, ոմանք՝ ավելի խտացնել։ «Խնդիր է դրված,
սակայն, հեշտացնել, որովհետեւ այլ առարկաներ էլ կան։ Ի վերջո, երեխա՛ն չի ծնվել գրականություն
կարդալու համար, այլ գրականությունը՝ երեխային զարգացնելու համար։ Պետք է մի ձեւ
ընտրել, որպեսզի երեխաների մեջ կարդալու ձգտում առաջանա։ Ասենք՝ պարտադիրի սահմանը
կրճատել, մնացածը լինի արտադասարանական։ Հիմա համակարգիչների, հեռուստատեսության
կողքին կարդալը հետին պլան է մղված։ Եթե երեխայի մեջ, գրաճանաչ դառնալուց հետո, տարրական
դասարաններում գրքի նկատմամբ սեր չառաջանա՝ բարձր դասարաններում դժվար կլինի։ Դրա
համար գրքերը պետք է շքեղ լինեն, էժան, հետաքրքիր՝ բովանդակությամբ, համապատասխանեն
երեխայի տարիքային առանձնահատկություններին։ Սա հնարավո՞ր է կիրառել մեր ֆինանսական
պայմաններում»։ Ծրագրերում նորույթ է լեզվի եւ գրականության ինտեգրումը՝ միասնացումը
մինչեւ 6-րդ դասարան։ Օրինակ, կուսումնասիրվեն գրական տեքստեր, բայց ոչ՝ առանձին
գրականություն։ Կմատուցվեն ինտեգրված դասեր. «Դա հայոց լեզվի մեջ առանձին դասաժամ
կլինի։ Կտրվի թեմա, ասենք՝ «Սեւանա լիճ», որի շուրջ կարելի է մի քանի առարկա միասնացնել՝
հայոց լեզու, գրականություն, բնապահպանություն, պատմություն, աշխարհագրություն, եւ
թեման քննարկել տարբեր տեսակետներից»։ Տիկին Հովսեփյանի ներկայացմամբ՝ պարտադիր չէ,
որ քերականական կանոններն աշակերտը անգիր իմանա, պարզապես պետք է, որ խոսքը ճիշտ
կառուցվի՝ գիտելիքը ծառայի ազատ խոսք կազմելուն։ Մշակված ծրագրերի համաձայն, մեծ
տեղ է հատկացվում երեխաների ինքնուրույն աշխատանքներին՝ միջոցառումների կազմակերպում,
դերային խաղեր՝ բոլոր դասարաններում։ «Ընդհանրապես՝ կարեւոր է, որ գիտելիքը կապվի
կյանքի հետ։ Կարեւոր է, որ թեման պրոբլեմ պարունակի, որի շուրջ երեխան կարողանա քննարկում
ծավալել»։ Գիտելիքը կյանքի հետ կապելը, պարզվում է, լիովին հնարավոր է նաեւ
մաթեմատիկայի պարագայում։ Մաթեմատիկայի առարկայական չափորոշիչներ եւ ծրագրեր մշակող
խմբի ղեկավար Համլետ Միքայելյանը պատմում է, թե ինչպես էր իր ուսուցիչը սաներին տանում
այգի եւ ցանկապատերի վրա բացատրում Պյութագորասի թեորեմի էությունը։ «Ես ավելի լավ
եմ բացատրում։ Մի եռանկյուն եմ գծում եւ ամեն կողմի վրա քառակուսաձեւ հողամասեր կառուցում։
Պարզվում է, որ էջերի վրա կառուցված հողամասերի գումարը հավասար է ներքնաձիգի վրա
կառուցված հողամասին. ապշելու բան։ Երեխաները միանգամից հետաքրքրվում են»։ Պրն Միքայելյանի
նոր մոտեցումներով՝ դպրոցի նպատակը ոչ թե մաթեմատիկա սովորեցնելն է, այլ կրթելը,
դաստիարակելը՝ մաթեմատիկայի միջոցով։ «Օրինակ, մաթեմատիկական մտածողությունները շատ
հստակ են, եւ եթե խոսակցությունը մաթեմատիկական թեմաներով է, ապա մարդիկ շատ արագ
համաձայնության են գալիս՝ ի տարբերություն քաղաքականության, որ հստակ ու կոնկրետ
չէ։ Եվ մաթեմատիկական խնդիրների իմաստն էլ հստակ մտածողություն ձեւավորելն է՝ զարգացնել
մտածողությունը։ Եվրոպական կրթության մեջ մտայնություն կա, որ մաթեմատիկական մտածողությունն
օգնում է հեշտ համաձայնության գալ, իսկ մեր ազգի համար խնդիրներից մեկը հասարակության
մեջ համաձայնության բացակայությունն է։ Համաձայնության բացակայությունը, իհարկե,
նաեւ շահերից է կախված, բայց շատ հաճախ մարդիկ իրար պարզապես չեն հասկանում»։ Մեզնից
շատերը դպրոցում շատ լավ են սովորել, իմացել բոլոր հավասարումները, բանաձեւերը, բայց
այսօր ոչինչ չեն հիշում։ «Որովհետեւ դա ձեզ չի հետաքրքրել։ Ո՞ւմ է պետք բարդ եռանկյունաչափական
հավասարումը։ Գուցե մի մաթեմատիկոսի դա հետագայում պետք կգա, բայց դա նա կարող է
անցնել համալսարանում։ Ուրեմն դպրոցում խնդիրը ոչ թե սոսկ հավասարում լուծելը պետք
է լինի, այլ գտնել կիրառության այն ոլորտները, որտեղ մաթեմատիկան անհրաժեշտ է»։ Իսկ
ի՞նչ մակարդակ է պետք այն մարդուն, ով չի ընտրում մաթեմատիկան իբրեւ մասնագիտություն,
եւ ի՞նչ մակարդակի գիտելիք պետք է նա ունենա, որպեսզի դպրոցն իր գործն արած համարի։
«Այն ամենը, ինչ լիարժեք կդարձնի մարդուն առօրյա կյանքում։ Օրինակ՝ ի՞նչ է ածանցյալը։
Եթե տամ սահմանումը, դուք կվախենաք ու կհիասթափվեք, կատեք մաթեմատիկան։ Բայց եթե
ձեզ ասեմ, որ, օրինակ, նայում ենք հորիզոնին, որտեղ տարբեր թեքություններ կան։ Ածանցյալն
էլ թեքության մակարդակն է, որքան թեք է՝ ածանցյալը մեծ է։ Հիմա աչքաչափո՞վ է պետք
որոշել թեքությունը, թե՞ նկարագրություն տանք դրան, մաթեմատիկական լեզու տանք, որպեսզի,
օրինակ, հրթիռը բաց թողնելիս իմանանք ինչպես հասցնել նշանակետին։ Այս մակարդակն է
պետք ապագա լեզվաբանին։ Կամ, ասենք, ինչի՞ համար է անկյան սինուսը։ Դուք զզվել եք
բանաձեւերից, բայց չգիտեք՝ ինչի համար է այն։ Դա նրա համար է, որ դուք հեռվից կարողանաք
որեւէ ծառի բարձրություն հաշվել՝ իմանալով այստեղից այդ ծառն ընկած հեռավորությունը։
Կամ գետի լայնությունը հաշվել՝ առանց գետն անցնելու։ Նշանակությունն է պետք ցույց
տալ, ոչ թե զուտ սահմանումը։ Մարդկային միտքը հակված է ծուլության։ Պետք է հետաքրքրություն
մտցնել, որպեսզի աշակերտը ձգտի իմանալ»։ Ինչ վերաբերում է ինֆորմատիկային,
ապա, թեեւ այս տարի արդեն նոր ծրագրերը պատրաստ կլինեն, բայց գործի դրվելու մասին
մտածելը դեռ վաղ է։ Մենք դեռ չունենք տեխնիկայի բավարար հագեցվածությամբ դպրոցներ,
եւ, որ ամենակարեւորն է՝ մասնագետներ։ Ինֆորմատիկայի ենթախմբի ղեկավար Մասիս Սարգսյանի
տվյալներով՝ մենք միայն «ֆորմալ տեսանկյունից» ինֆորմատիկայի ուսուցիչներ ունենք.
«Նրանք որպես կանոն մասնագետներ չեն՝ կամ մաթեմատիկայի, ֆիզիկայի ուսուցիչներ են,
որոնք համակարգչից մի քիչ գլուխ են հանում, կամ՝ մասնագետ են, բայց մանկավարժ չեն։
Երկուսն էլ լավ չէ»։ Ուրեմն՝ ծրագրի կարեւոր բաղադրիչներից է ուսուցիչների վերապատրաստումը,
որ կիրականացվի առաջիկա 2-3 տարիների ընթացքում։ Իսկ մինչ այդ, նոր ծրագրերով ուսուցում
կիրականացվի այն մի քանի դպրոցներում, որտեղ համակարգչի եւ մասնագետի պակաս չկա։
Այս առումով, ըստ Մ. Սարգսյանի, դպրոցներին ազատություն է տրված՝ կազմակերպելու այս
առարկայի դասավանդումը՝ ըստ հնարավորությունների։ Կարեւոր է համարվում տեսական գիտելիքներից
անցումը գործնական կիրառության։ Պրն Սարգսյանը կարծում է, որ ցանկացած առարկա կարելի
է առավել պատկերավոր ներկայացնել համակարգչի միջոցով՝ պատկերներ, սխեմաներ, շարժական
տեսարաններ եւ այլն, ինչը առավել հեշտ կընկալվի տեսողական հիշողության հաշվին։ «Աշակետները
կօգտվեն էլեկտրոնային գրականությունից, ինտերնետից։ Այստեղ էլ ուսուցիչը պետք է աշակերտի
հետ հարաբերությունը քիչ այլ կերպ կառուցի։ Ճշտի, թե որքանով է ինքնուրույն եղել
ինտերնետից օգտվելու արդյունքում թեման կառուցելիս եւ այլն։ Ամեն առարկայի համար
հատուկ մոտեցումներ պետք է ամրագրվեն»։ «Մենք աղքատ երկիր ենք, եւ եթե մեր
դասը կազմակերպում ենք ուժեղ աշակերտների համար, ապա նրանք վաղը կսովորեն անգլերեն,
համակարգիչ, եւ մի քանի 1000 դոլարանոց ապագայով այդ երեխաները կլքեն են մեր երկիրը,-
թեման ամփոփում է Համլետ Միքայելյանը։- Ստացվում է, որ մեր կրթական համակարգը ծառայում
է Ամերիկային, Գերմանիային։ Իսկ միջակությունը մնում է մեզ։ Փողոցում մենք նրանց
խոսակցությունից անգամ զզվում ենք, բայց հիշենք, որ նրանց վրա մենք ժամանակին ուշադրություն
չենք դարձրել, հետաքրքրություն չենք ստեղծել։ Մեր խնդիրն այդ միջակն է նաեւ, որ իրականում
գուցե միջակ էլ չէ, պարզապես չենք բացատրել այն ձեւով, որ նա հասկանար, պետք է կյանքային
բացատրություն տալ առարկային»։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել