Լրահոս
Օրվա լրահոսը

2017 թվականին շրջանավարտ չենք ունենալու

Հոկտեմբեր 08,2005 00:00

Նկատառումներ «Միջնակարգ
կրթության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Մեր ձեռքի տակ է ՀՀ «Միջնակարգ
կրթության մասին» օրենքի նախագիծը, որի անհրաժեշտությունը առկա օրենքների շարքում
(Սահմանադրություն, «Կրթության մասին» օրենք, «2001-2005թթ. կրթության զարգացման
պետական ծրագիր» օրենք, Կրթակարգ, Օրինակելի կանոնադրություն) կարծում ենք չկար,
որովհետեւ կրկնությունները բազմաթիվ են: Միակ կարեւորն այստեղ 7-րդ գլուխն
է, որը գրված է չիրականացված 11-ամյա կրթությունը կոծկելու նպատակով: Նախագծի 7-րդ՝
«Անցումային եւ եզրափակիչ դրույթներ» գլխի բովանդակությունը նվիրված է 10-ամյա կրթությունից
12-ամյա կրթությանը անցնելուն: ՀՀ «Կրթության զարգացման 2001-2005թթ. պետական
ծրագիր» օրենքով նախատեսվում էր անցում 11-ամյա դպրոցին, ուր 8 կետով նախատեսվել
էր հենքային ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի համապատասխանեցումը 11-ամյա
ուսուցման պահանջներին: Նախատեսվել էր նոր առարկաների չափորոշիչների, ծրագրերի եւ
դասագրքերի մշակում, անցման շրջանում նոր դասագրքերի ստեղծում (2002թ. 2-րդ եռամսյակ):
Սակայն այդպես էլ դպրոցները չստացան 11-ամյա կրթությանը համապատասխանող ծրագրեր եւ
դասագրքեր: «2001-2005թթ. կրթության զարգացման ծրագիրն» այս մասով չիրականացվեց:
Իսկ «Միջնակարգ կրթության մասին օրենքի» նախագծի 7-րդ գլխի 2-րդ կետում գրված
է. «2001-2002 ուստարվանից մինչեւ 2005-2006 ուստարին ներառյալ հանրակրթական դպրոցներ
ընդունված սովորողները ուսումը շարունակում են տասնմեկամյա հանրակրթական միջնակարգ
դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով» (չեղած), ինչպես նաեւ վերոնշյալ օրենքի
7-րդ կետով առաջարկում են 11 տարին ավարտել 10 տարում՝ «2007-2008 ուստարվա սեպտեմբերի
1-ից չորրորդ եւ չորրորդից բարձր դասարանները վերանվանել մեկ տարով աճող համարակալմամբ»:
Այսպիսով՝ «լուծվում է» 11-ամյա կրթության խնդիրը, առանց այդ նպատակի համար մեկ լումա
ծախսելու եւ համապատասխան գերատեսչությունների կողմից ջանք թափելու: Այնուհետեւ,
համաձայն «Միջնակարգ կրթության մասին» օրենքի նախագծի 7-րդ գլխի 5-րդ կետի՝ «2006-2007
ուստարում դպրոցներում ձեւավորված առաջին դասարաններում ուսուցումն իրականացվում
է երկու տարբեր ուսումնական ծրագրերով՝ (6,5 եւ 6 տարեկաններ)։ Առաջին խումբը ավարտելուց
հետո փոխադրվում է 3-րդ, իսկ երկրորդ խումբը՝ երկրորդ դասարան»: Այսինքն՝ մյուս տարի
6,5 տարեկանները սովորելու են 10 տարի, իսկ 6 տարեկանները՝ 12, եւ 2017 թվականին
շրջանավարտ չենք ունենալու: Իսկ մինչեւ 2006-ի սեպտեմբեր մնաց ընդամենը 11 ամիս,
որպեսզի անցնենք 12-ամյա կրթությանը: Արդյո՞ք ուսուցիչը մյուս սեպտեմբերին ձեռքի
տակ կունենա քառամյա տարրական դպրոցին անհրաժեշտ ծրագրեր, դասագրքեր: Շատ ենք կասկածում,
որովհետեւ ոչ մի տեղեկություն չունենք այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Այս տեսակետից առաջարկում եմ պատկան գերատեսչությունների գործունեությունը
դարձնել առավել հրապարակային եւ թափանցիկ: Ցանկալի է, որ «Կրթություն» թերթը պարբերաբար
ներկայացնի այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Հանրապետության մանկավարժները պետք
է իմանան, թե ում է վստահված այս կամ այն առարկայի կրթակարգի պահանջների իրականացման
ընթացքը, թե յուրաքանչյուր ուսումնական բնագավառի համար ովքեր են պատասխանատուները:
Մեր աշակերտները դպրոցի ճակատին փակցրել են «Լավ դպրոց՝ հզոր պետություն»
նշանաբանը: Կրթության պատասխանատուների սուրբ պարտականությունն է հուսախաբ չանել
մեր երեխաներին, հակառակ դեպքում՝ բոլորս ենք հայտնվելու թշվառ վիճակում: ԱՆԱՀԻՏ
ԲԱԽՇՅԱՆԵրեւանի թիվ 27 դպրոցի տնօրեն 12-ամյա կրթության համար
նախատեսված 4 առարկաների նոր ծրագրերի մշակման աշխատանքների, ինչպես նաեւ դպրոցներում
համակարգչային ուսուցման արդյունավետության մասին կարդացեք 11-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել