Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՔՈՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հոկտեմբեր 08,2005 00:00

ՀՀ
կրթության եւ գիտության նախարարությունը Համաշխարհային բանկից ստացված վարկից 4 միլիոն
890 հազար դոլար նախատեսել է դպրոցներում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ
ներդնելու համար: Համակարգիչները տրամադրվում են դպրոցներին՝ առաջիկա երկու
տարիների ընթացքում տեխնիկայի արժեքի 41 տոկոսը մարելու պայմանով: (Ըստ ծրագրի՝ այդ
41 տոկոսը պետք է ավելացվի վարկից տրամադրվող գումարին՝ հետզհետե օգնության չափերը
մեծացնելու նպատակով): Այս գործընթացը սկսվել է 2004-ից եւ կշարունակվի մինչեւ 2008
թվականը: Սակայն ոչ բոլոր դպրոցները վճարելու հնարավորություն ունեն։ Եթե
չունեն՝ ուրեմն կարող են հրաժարվել ծրագրին մասնակցելուց: Դա իրենց իրավունքն է:
Պարտադիր չէ: Սակայն, արդյունքում, դարձյալ այդ դպրոցները կունենան մեկ կամ երկու
համակարգիչ: Իսկ այն դպրոցները, որոնք ցանկանում են ավելին, վճարում են իրենց խնայողություններից
կամ հովանավորների միջոցով։ Բայց եթե չկա ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը՝ դպրոցը ստիպված
դիմում է ծնողներին: «Հիմնականում գումարի պատճառով ստիպված ենք առայժմ չմասնակցել
այդ նախաձեռնությանը: Խնայողություններ չունենք, իսկ թաղամասի բնակիչներն ի վիճակի
չեն օգնել դպրոցին»,- ասում է թիվ 64 դպրոցի տնօրեն Հովհաննես Տոնոյանը: Թիվ 164
դպրոցը ունի երեք համակարգիչ՝ 700 աշակերտի համար: Դպրոցի տնօրեն Անժելա Գրիգորյանն
ասում է, որ չի կարող իրեն թույլ տալ գումար հավաքել ծնողներից: Գ. Զոհրապի անվան
թիվ 43 դպրոցը նույնպես հրաժարվել է մասնակցել ծրագրին: «Չենք ուզում համակարգիչները
ձեռք բերել ծնողների հաշվին: Բացի այդ, արդեն ունենք 11 համակարգիչ»,- ասում է տնօրեն
Ռուզաննա Մուրադյանը: «Մեր համայնքը գումար չունի դպրոցի համար համակարգիչներ
գնելու: Բացի այդ, մենք լուրջ շինարարական խնդիրներ ունենք»,-ասում է Մուշեղ Իշխանի
անվան թիվ 5 դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը: Դպրոցի 560 աշակերտները ստիպված են
օգտվել 7 համակարգչից: Կան այնպիսի դպրոցներ, որոնք տեղեկացված չեն ծրագրի
մասին: Օշականի անվան թիվ 172 դպրոցի տնօրենն ասաց, որ կոնֆերանսներից մեկում լսել
է այդ ծրագրի մասին, բայց պայմաններին ծանոթ չէ: Գ. Չաուշի անվան թիվ 188 դպրոցում
էլ ընդհանրապես տեղյակ չէին դպրոցները տեղեկատվական տեխնոլոգիաներով զինելու՝ նախարարության
որոշման մասին: «Իմ հաշվարկներով՝ ես կարողանում եմ դպրոցի խնայողություններով
տարեկան մեկ կամ երկու համակարգիչ ձեռք բերել, այնպես որ՝ անհրաժեշտություն չունեմ
անհասկանալի տոկոսներ վճարել: Բացի այդ, պայմանագիր կնքելու համար նախապես պետք է
50.000 դրամ վճարեի. պայմանագրի պայմաններից էր»,- ասում է Ս. Խանզադյանի անվան թիվ
184 դպրոցի տնօրեն Աշոտ Հարությունյանը: Կան դպրոցներ, որոնք արդեն ձեռք են բերել
համակարգիչներ: Թիվ 159 դպրոցը գնել է 2.700 ԱՄՆ դոլար արժողության տեխնիկա: Դպրոցի
տնօրեն Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ ծրագիրն ունի մի թերություն. այսօր դպրոցը համակարգիչը
գնում է այսօրվա արժեքով եւ երկու տարի տոկոսներով վճարում համակարգչի նույն արժեքը,
սակայն տեխնիկան ժամանակի ընթացքում էժանանում է, իսկ դպրոցը շարունակում է վճարել
նույն գինը: Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց-վարժարանին, հաշվի
առնելով աշակերտների ընդհանուր թիվը, անհրաժեշտ է համակարգչային երկու դասարան՝ յուրաքանչյուրում
12 համակարգիչ: Այդ համակարգիչները ձեռք բերելու համար դպրոցը պետք է վճարեր մոտ
24 հազար ԱՄՆ դոլար: «Այդ գումարը պետք է մարեինք 5 տարվա ընթացքում, բայց, միեւնույն
է, բավականաչափ ծանր կլիներ. չէ՞ որ մենք պետք է մտածենք նաեւ այդ համակարգչային
դասարանը կահավորելու մասին, ինչը նույնպես ֆինանսի հետ է կապված: Այդ պատճառով ստիպված
եղանք վճարել 11 հազար 710 ԱՄՆ դոլար եւ համակերպվել համակարգչային մեկ դասարան ունենալու
հետ»,- ասում է տնօրեն Արկադի Էլոյանը: Փաստորեն, 1000-ից ավելի աշակերտ ունեցող
դպրոցը կունենա ընդամենը 12 համակարգիչ: Դպրոցները համակարգիչներով ապահովելու
նախաձեռնությունն իրականացվում է «Կրթության որակի եւ համապատասխանության» վարկային
ծրագրի շրջանակներում: «Ծրագրում խոսք չկա «Ինֆորմատիկա» եւ «Տեղեկատվական եւ հաղորդակցական
տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ ուսուցիչների պատրաստման համալսարանական ծրագրերի
մշակման եւ իրականացման մասին։ Ըստ երեւույթին, ենթադրվում է մեկանգամյա գործողություն,
եւ այն էլ՝ տարրական համակարգչային գրագիտություն սովորեցնելու նման մի բան։ Պետք
է ենթադրել, որ կպահանջվի ոչ միայն ավանդական կրթական համակարգի վերափոխում, այլեւ
կրթության եւ վերակրթության մշտական հնարավորություն ապահովող ենթակառույցների համակարգի
(ուսուցիչների թրեյնինգի եւ աջակցության կենտրոնների ցանցի) ձեւավորում, անհրաժեշտ
կադրերի պատրաստում, ուսումնական նյութերի, դասավանդման մեթոդաբանության ստեղծում,
կրթական նոր ստանդարտների մշակում, տարածում եւ այլն»,- մեկնաբանում է Տեղեկատվական
տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Հրաչ Բայադյանը: Ի՞նչ է արվել մինչ այժմ
Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Կարինե Հարությունյանը հրաժարվեց
մեզ հարցազրույց տալ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ. «Ես պատրաստ եմ նամակով
տրամադրել տեղեկություններ, փաստեր եւ տվյալներ, սակայն հրաժարվում եմ մեկնաբանել
կամ կարծիք հայտնել: Դա իմ իրավունքն է»: Նշենք, որ վարկային ծրագրի մեջ 10.000 ԱՄՆ
դոլար էլ նախատեսված է ծրագրի լուսաբանման համար, այն դեպքում, երբ կրթության եւ
գիտության նախարարության էլեկտրոնային էջում վերոնշյալ ծրագրի մասին ոչինչ չկա գրված:
Թեպետ Կ. Հարությունյանը վստահեցրեց, որ «այդ չնչին գումարները ծախսվել են հիմնականում
հոդվածների, հայտարարությունների, հեռուստածրագրերի եւ սեմինարների վրա»: Ծրագրի
առաջին փուլի շրջանակներում 160 դպրոց արդեն ստացել է համակարգչային սարքավորումներ,
իսկ երկրորդ փուլին մասնակցելու դիմում ներկայացրել է 360 դպրոց: Սեպտեմբերի 6-ին
հայտարարվել է դպրոցների հետ պայմանագրերի կնքման երրորդ փուլը: Յուրաքանչյուր
դպրոցին անհրաժեշտ համակարգիչների քանակը հաշվարկվում է՝ հաշվի առնելով 6-10-րդ դասարանների
թիվը եւ դրանց միջին խտությունը, որպեսզի դասի ժամանակ մեկ համակարգչից օգտվի երկուսից
ոչ ավելի աշակերտ: Ծրագրով նախատեսված էր նաեւ 150 դպրոցներին տրամադրել Ինտերնետ:
Սակայն ինտերնետային կապի տրամադրումը դեռ չի ապահովված, քանի «ԱրմենՏելը» դպրոցների
համար դեռ չի սահմանել ինտերնետային կապի հատուկ ցածր սակագներ: Այսօր վարկավորումը
որպես փրկություն, իսկ վա՞ղը Համաշխարհային բանկը Հայաստանին վարկը տրամադրել
է 35 տարի ժամկետով: 10 տարի հետո պետությունը 25 տարում կսկսի մարել պարտքը՝ առանց
հավելյալ տոկոսադրույքների, տարին երկու անգամ: Փաստորեն՝ մի քանի տարի հետո
այդ վարկը վերածվելու է պարտքի՝ պետության համար: Զարգացող երկրների կառավարությունները
որոշ ժամանակահատվածով պարտք են վերցնում, որպեսզի գոնե փորձեն համընթաց քայլել համաշխարհային
զարգացումներին: Սակայն մեկը մյուսի ետեւից ավելացող վարկերը մեծացնում են պարտքի
չափը, եւ արդյունքում «զարգացող» երկրները դառնում են Համաշխարհային բանկի հավերժ
պարտապանը: Իրականում՝ Համաշխարհային բանկին շատ քիչ է հետաքրքրում, թե իր
տրամադրած վարկերն ինչպիսի արդյունավետությամբ են ծախսվել: Դա պետք է մտահոգի ՀՀ
կառավարությանը, որի երաշխավորմամբ տրվել է այդ վարկը: ԼԵՆԱ
ՆԱԶԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել