Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոալիցիոն իշխանությունը՝ Գեղարքունիքի մարզում

Հոկտեմբեր 08,2005 00:00

Օրերս կառավարության շենքի առջեւ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները, ովքեր արդեն քանի տարի, ըստ իրենց, տառապում են ջրացավով ու «փոխմարզպետացավով»:

1997-ին նորվեգական ծրագրի միջոցներով գումար է հատկացվել Վերին եւ Ներքին Գետաշենների ջրագծերի անցկացման համար: Ջուրն ու ջրագիծը հասել է Վերին Գետաշեն: Ներքին Գետաշենը մինչեւ այսօր պայքարում է իր հասանելիք ջրի համար: Սակայն տարբեր պատճառաբանություններով հանդիպում է Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի եւ նրա փոխմարզպետ եղբոր՝ Արտուշ Ղուկասյանի ստեղծած արգելքներին, թեեւ կա մարզպետ ու կառավարության որոշումը ջրագծի անցկացման վերաբերյալ: Սկզբում արգելում էին, պատճառաբանելով, թե այն անցնում է Վերին Գետաշենի հողատարածքներով: Ջրագծի ուղին փոխվեց, բայց իրավիճակը մնաց նույնը: Կառավարության տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Խաչիկ Վարդանյանը անձամբ եկել եւ տեղում ուսումնասիրել է խնդիրը՝ գյուղացիների վկայությամբ կրկին հաստատելով, որ ջրագիծը պետք է անցկացվի: Սակայն փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանն իր բոլոր լծակներն օգտագործում է եւ ոստիկանների միջոցով արգելում ջրատարի անցկացման աշխատանքներին. «Ում ուզում եք՝ բողոքեք, թույլ չեմ տա»: Նույնիսկ հիշյալ ցույցի ուղիղ եթերի հեռարձակումը «Շանթ» հեռուստաընկերությամբ ընդհատվել էր Գեղարքունիքի մարզում: Ներքին գետաշենցիների հավաստմամբ՝ փոխմարզպետն ու իր գյուղապետ եղբայրը Վերին Գետաշենում ունեն մեծ անասնանոցներ ու հողատարածքներ, դրա համար էլ ուզում են «մեր բաժին ջուրն էլ իրենք օգտագործեն»: Ըստ գյուղացիների՝ կա նաեւ խոշոր գումարներով ծրագրերի շահման հեռահար նպատակ: Արդյունքում՝ Ներքին Գետաշենը շարունակում է օգտագործել մարդու օրգանիզմի համար անթույլատրելի ծագում ունեցող ջրեր, ինչի հետեւանքով գյուղի երեխաները հաճախ ինֆեկցիոն հիվանդություններով են վարակվում: Իսկ երկու բարեկամ գյուղերի միջեւ ստեղծվել է ներքին լարվածություն: «Էս ջրի դարդից արդեն մի քանի գյուղապետ ենք փոխել»,- բողոքում են ներքինգետաշենցիները: Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի մարզպետը, գյուղացիները պատասխանեցին. «Դե նա «Օրինաց երկրից» է, չի ուզում իր՝ հանրապետական փոխմարզպետի հետ կոնֆլիկտ ունենալ, համ էլ նա զբաղված է Վարդենիսում քաղաքապետի ընտրություններով: Եղբայրն էլ է թեկնածու»:

ՀՀԿ-ական փոխմարզպետի մյուս եղբայրը՝ Արմեն Ղուկասյանը, օրերս ծեծել է թիվ 24 ԸԸՀ-ի անդամ Ջուլիկ Ավետիսյանին («Օրինաց երկիր»)՝ հանձնաժողովում իր տեղը չզիջելու համար:

Մինչ հանրապետական փոխմարզպետն ու օրինացերկրացի մարզպետ Ստեփան Բարսեղյանը զբաղված են իրենց եւ իրենց եղբայրների բարեկեցության ապահովմամբ, Գեղարքունիքի մարզի մայրուղիներն ու փողոցները շարունակում են մնալ անբարեկարգ ու քարուքանդ: Շատ համայնքների մաշված կոյուղագծերը (եթե դրանք կան) առանց մաքրման կայան մտնելու՝ թափվում են կապուտաչյա Սեւան՝ «բարձրացնելով ջրի մակարդակը»: Գյուղացիներն էլ մնում են իրենց չիրացվող բերքի հետ անօգնական, անհույս, անջուր:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել