Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՊԱՐՍՊԱՊԱՏԵԼ ԵՎ ՉԲԱՆՏԱՐԿԵԼ ՍԵՎԱՆԸ

Հոկտեմբեր 08,2005 00:00

Մեր
խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստացել այն քաղաքացիներից, ովքեր խիստ նեղված
էին Սեւանի ափի պարսպապատումից: Նրանք արդարացիորեն նշել էին, որ այդ պարիսպների
ետեւից Սեւանը չի էլ երեւում, եւ Հայաստան եկած հյուրերին, եթե ուզում ես ցույց տալ
Սեւանա լիճը, պարզապես պետք է ասես. «Պատից այն կողմ Սեւանն է»: Գյուղացիների
վկայությունները «Գրես՝ չգրես, ես վախենալու բան չունեմ»,- այսպես պատասխանեց
Սեւանի տարածաշրջանի Լճափ գյուղի մի բնակիչ, որը ճանապարհի վրա չիչխան էր վաճառում
եւ սրտի ցավով նկատեց՝ «Տես, ծովը (այս դեպքում՝ Սեւանի մասին է խոսքը- Մ. Ե.) չի
երեւում, էս սեւ, հսկա պատը Քյավառի դատախազինն է, ընդուց դենը՝ «Թամարա» պաղպաղակի
տիրոջը, էն կողմը՝ «Պահածոյի» գործարանի մեծինը, էն մեկը՝ ոստիկանության վարչության
աշխատակցինը, էն կողմինը՝ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանինը, Գազի տնօրեն Արտուշինը,
դատավոր Նիկոլյանինը»: Միակ «հասարակ» մարդը, որ այս տարածքում հող է վարձակալել՝
Լճափի բնակիչ Ատոմ Մխեյանը մեզ բացատրում էր, թե «Սեւան ազգային պարկը» ամեն ինչ
օրենքի շրջանակում է արել եւ հողերը վարձակալության են տրվել բացառապես օրենքին համապատասխան,
եւ որ գյուղի համայնքին եւս «Սեւան ազգային պարկը» տարածք է տրամադրել: Ինչի մասին
գյուղացիները չգիտեին: Նույն գյուղի բնակիչ Կարլենը նկատեց. «Երեսուն-քառասուն հեկտարն
իրենցով են արել, գյուղացուն ոչ մի թիզ չեն թողել, տուպիկի մեջ ենք, անասունը ո՞նց
ջրեմ, ձուկը չենք բռնում, բայց առանց ջրի ո՞նց կլինի»: Հարցի
պատմությունից Սեւանը այս մասում բառացիորեն մնացել է պատի ետեւում, ճանապարհով
անցնողներին իսկապես պետք է բացատրել, որ Սեւանը պատից այն կողմ է, այնքան բարձր
են շարված պատերը, որ լիճը բառացիորեն աչքից կորել է: Դեռեւս այս ամառ, հուլիսի 10-ին
Լճափի բնակիչները փակել էին Սեւան- Գավառ մայրուղու իրենց գյուղի հատվածը, ի նշան
բողոքի՝ Սեւանի ափերն այդպես անխնա սեփականաշնորհելու եւ գյուղացիներին լճից զրկելու
դեմ: Ակցիայի մասնակիցներին այդ ժամանակ այցելել են Գավառի դատախազը, միլպետը, նաեւ՝
մարզպետը, սակայն հարցին լուծում չի տրվել, իսկ գյուղի ուզածն այն է, որ վարձակալությամբ
տրվող տարածքներից մի հատված էլ տրվի գյուղի համայնքին, որ գյուղի անասունները, մարդիկ,
երեխաները հնարավորություն ունենան օգտվել լճից, ջուր վերցնել, անասուններին ջրել,
լողալ, թե չէ ստացվում է, որ տասնամյակներ շարունակ իրենց հարազատ լճից Սեւանի առափնյա
գյուղերի բնակիչներն այլեւս չեն կարող օգտվել եւ լիճը մտնելու համար պետք է 1000
կամ 2000 դրամ վճարել նոր տերերին՝ վարձակալած պարոններին: «18 թվից մեր պապերն եկել
այստեղ ապրել են, այստեղ լրիվ ադրբեջանցիներ են եղել, մենք գյուղը մաքրազարդել ենք,
հիմա գյուղացին որտե՞ղ բերի անասունները ջրի, հիմա էս բաների պատասխանն ո՞վ է տալու,
էսպես չափառապատել են, ծովը չի երեւում, էգուց, երբ ջուրը սառավ, մեր միակ միջոցը
մնում է ծովը, ես որտե՞ղ իմ անասունը ջրեմ, ջուր խմեմ: Ճիշտ գյուղի
դիմացի տարածքը վարձակալել է ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Նա ամռանը եկել
է գյուղացիների մոտ՝ այս տարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի հետ:
Գյուղացիները նրան ասել են՝ «Մենք քեզ չենք նեղացնում, բարի եղիր հրաժարվիր էս տարածքից
եւ գնա»: Նա էլ թե՝ «Ինձ չեք ուզում՝ ես էլ արտասահմանցու վրա կծախեմ, սա իմ անունով
է, ինչ կուզեք արեք, թե դուք չեք ուզում ես գամ, հյուրանոց սարքեմ, գյուղացիներին
էլ աշխատատեղ կլինի՝ կծախեմ»: Գյուղացիները չթաքցրին նաեւ, որ իրենց հերթին ուրիշ
սպառնալիք են տվել. «Էդ դեպքում մենք թույլ չենք տա այստեղ բան շինվի, ամեն ինչ կթափենք
ծովը, ում ձեռք է տալիս՝ թող գա սարքի»: Նույն օրը գյուղ է եկել նաեւ Գեղարքունիքի
մարզպետ, ՕԵԿ անդամ Ստեփան Բարսեղյանը, որը գյուղացիներին ոչ մի խելքը գլխին պատասխան
չի տվել եւ գյուղացիների վկայությամբ. «Քիչ էր մնում տփեինք, փախցրին, տարան»: Համայնքի
ուզածն ընդամենը մի փոքրիկ տարածք, դեպի Սեւան մի փոքրիկ ճանապարհ ունենալն է, որով
իրենց կենդանիները կգնան ջուր խմելու, իրենք էլ կօգտվեն: Հարցը մնացել է բաց: Լճափ
գյուղի ափը մոտավորապես 8 կմ տարածք է, եւ ամբողջը, ինչպես նաեւ Սեւանի գրեթե ամբողջ
ափը տրված է վարձակալության, որը ավելի նման է սեփականաշնորհման, քանի որ տրված է
25 տարով: Ամբողջ ափում մոտավորապես 45 գյուղ կա եւ գրեթե բոլոր գյուղերը նույն խնդիրն
ունեն, վարձակալածների կառուցած «չինական պարիսպների» պատճառով մարդիկ զրկված են
լճից: Լճափ գյուղի գյուղացիները վստահ են, այս վարձակալության արդյունքում
շատ են տուժում, եւ չի բացառվում, որ այս գործընթացը մեծացնի արտագաղթը գյուղից:
«Ոչ մեկին թող չթվա, որ գյուղացին դեմ է զարգացմանն ու առաջընթացին եւ չի ուզում,
որ հողերը տան՝ մարդիկ հյուրանոց սարքեն, հանգստի վայրեր սարքեն, տուրիզմը զարգանա:
Ընդհակառակը, ուղղակի հարցն այն մասին է, որ լիճը չպարսպապատեն, կապանքներ չդնեն
լճի վրա, եւ մարդկանց չառանձնացնեն լճից»,- ասում էին գյուղի մարդիկ: Գյուղի դպրոցում
240 աշակերտ կա, եւ ըստ մինչ այժմ եղած ծնունդների վիճակագրության, հինգ տարի հետո
դպրոցում 120 աշակերտ կլինի, այս թվի մեջ չի մտնում պոտենցիալ արտագաղթողների թիվը:
Նախարարության նամակը Լճափի գյուղապետ պարոն Սիմոնյանը ասաց, որ իրենց
համայնքը մի քանի անգամ դիմել է բնապահպանության նախարարություն, որով խնդրել են
լճափի տարածքները վարձակալության տալիս հաշվի առնել նաեւ համայնքի պահանջները: Պատասխաններ
չեն ստացվել: Մեր այցելության օրը գյուղապետը վերադարձավ Գավառից, իր հետ բերելով
բնապահպանության նախարարությունից ստացված մի նամակ՝ օգոստոսի 25-ի ամսաթվով: Գյուղի
ավագանու հեռագրում գրված էր այն մասին, որ լճի ափը պարսպապատվում է օրենքով նախատեսվածից
շատ ավելի բարձր պատերով, եւ վարձակալողները թույլ չեն տալիս բնակիչներին՝ օգտվել
լճից: Նախարարությունից, նախարար Վարդան Այվազյանի ստորագրությամբ, ստացվել էր տարածքային
կառավարման եւ համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանին ուղղված հետեւյալ նամակի պատճենը.
«Ինչ վերաբերում է վարձակալների կողմից ազգաբնակչությանը լճափին մոտենալը խոչընդոտելուն,
նախարարության կողմից նման փաստեր չեն արձանագրվել, իսկ նման փաստեր արձանագրվելու
դեպքում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կձեռնարկվեն համապատասխան միջոցներ,
ընդհուպ մինչեւ վարձակալական պայմանագրերի վերանայում: Քանի որ, համաձայն ՀՀ Ջրային
օրենսգրքի 23 հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ռեկրեացիոն նպատակներով իրավունք ունի ազատորեն
եւ անվճար օգտագործել բնական, մակերեւութային ջրային ռեսուրսները եւ դրան հարակից
տարածքները»: Վերոհիշյալ հղումը օրենքին խիստ տեղին է, մանավանդ որ Սեւանի հարակից
գյուղերի բնակիչները հիմնականում հնարավորություն չեն ունեցել ոչ ամառվա ընթացքում,
ոչ էլ հիմա օգտվել «բնական, մակերեւութային ջրային ռեսուրսներից», քանի որ վարձակալողները
պարիսպներով փակել են ճանապարհները եւ 1000-ից 2000 դրամ վարձ են պահանջում տարածք
մուտք գործելու համար: Իսկ նախարարությունը զարմանալիորեն չի հայտնաբերել մի բան,
որի մասին գիտե ցանկացած հայ: Իսկ Լճափ գյուղի համայնքին նույն նամակով տեղեկացվում
է, որ համայնքը իրավունք ունի դառնալ համապատասխան հողատարածքների վարձակալ: Հիմա
գյուղի համայնքը դիմել է վարձակալության իրավունք ստանալու համար: Չկա ոչ մի պատասխան:
Նամակներ են ուղարկվել մարզպետարան, ՀՀ վարչապետին, պատասխան չկա: Ի՞նչ են
ասում նախարարությունում Այստեղ փորձեցինք պարզել, թե ի՞նչ սկզբունքով է «Սեւան
ազգային պարկը» տնօրինում ափամերձ հողատարածքները: 1908 մետր բացարձակ նիշից ցածր
տարածքներում արգելվում է կառուցել հիմնական շինություններ, այսինքն՝ բետոնապատ եւ
քարե կառույցներ: Մինչդեռ, անզեն աչքով էլ նկատելի է, որ լիճը պարսպապատված է քարով:
Իսկ Այրիվանից մինչեւ Շորժա կան տարբեր բարձրության տարածքներ եւ կարծում ենք՝ համապատասխան
ատյանների կողմից դժվար չէ նիշը «բարձրացնել» կամ՝ «ցածրացնել», կախված՝ թե ո՞վ է
ուզում ձեռք գցել տվյալ տարածքը: Իսկ ըստ համապատասխան որոշման՝ լողափի միայն 80
տոկոսը կարող է տրվել վարձակալության, 20 տոկոսը պետք է ազատ մնա, որպեսզի քաղաքացիներն
ազատորեն օգտվեն լճից: Տարածքը վարձակալելը իրականացվում է մրցույթով, սակայն ոչ
լճափցիք, ոչ էլ ՀՀ որեւէ այլ քաղաքացի կդժվարանա հիշել, որ ինչ-որ տեղ կարդացել է
Սեւանի ափամերձ տարածքները վարձակալելու մասին հայտարարություն: Իսկ օրենքը սահմանում
է, որ հողը վարձակալության է տրվում 25 տարով, լճի մեջ չի կարելի պարիսպ կառուցել
կամ՝ ճաղապատել: Մինչդեռ, հիմնականում ցանցը կամ պարիսպը մոտ երեք-չորս մետր երկարությամբ
խրված է լճի մեջ: Այս ամբողջ կռիվը բավականին տխուր է, քանի որ ամենաքիչը
10 տարվա ընթացքում նույն վարձակալած տարածքները հաստատ կմնան բարձրացող Սեւանի տակ:
Ուրեմն՝ ինչո՞ւ են վարձակալողներն այդքան ծախս անում եւ նյարդայնացնում մարդկանց:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել