Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՌԵԼԱԾԻՆ ՄԻ ՕՐԵՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 08,2005 00:00

ՀՀ
նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը դեռ մեկ տարի առաջ էր խորհրդակցություն հրավիրել,
որն անուղղակիորեն առնչվում էր ընտրացուցակների խնդրին: Ավելի ստույգ՝ նախագահին
առընթեր տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ Սեյրան Ավագյանի
հրավիրած այդ խորհրդակցությունը վերաբերում էր 2002-ին ընդունված «Բնակչության պետական
ռեգիստրի մասին» օրենքին, որով այդ համակարգը պիտի աշխատեր 2005-ի հունվարի 1-ից:
Ըստ օրենքի, ռեգիստրը բնակչության վերաբերյալ անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական
համակարգ է, որը ստեղծվում է Հայաստանում բնակվող անձանց՝ ըստ բնակության վայրի հաշվառման
նպատակով: «2004-ի աշնանը մեր քննարկումն ահազանգ էր, որ օրենքն իրագործելու
հարցում կարծես խնդիրներ կան,- ասաց Սեյրան Ավագյանը:- Եվ վերհանվեցին տեղական ինքնակառավարման
համակարգի, «Ընտրական օրենսգրքի» եւ «Բնակիչների պետական ռեգիստրի մասին» օրենքի
միջեւ առկա բավական էական հակասությունները: Ասենք, «Տեղական ինքնակառավարման մասին»
օրենքի համաձայն՝ բնակիչների հաշվառումը տեղական իշխանության պարտադիր լիազորությունն
է, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով այդ լիազորությունը սահմանվել էր
որպես տեղական իշխանության համար պատվիրակված լիազորություն, իսկ «Ընտրական օրենսգրքի»
նախագծով ընտրացուցակների ձեւավորումը դրվում էր ոստիկանության վրա: Մինչդեռ «Բնակչության
պետական ռեգիստրի մասին» օրենքում նշվում էր, որ Հայաստանում արգելվում են բնակչության
հաշվառման այլ ձեւերը: Ակնառու էր արմատական հակասությունը «Բնակչության պետական
ռեգիստրի մասին» օրենքի եւ «Ընտրական օրենսգրքի» միջեւ»: Ռոբերտ Քոչարյանը
նույնպես այս խնդրի վերաբերյալ անցկացրեց երկու խորհրդակցություն, ընդ որում՝ մեկը
կառավարության շենքում: Ըստ նախագահի խորհրդականի՝ տրվեցին հանձնարարականներ՝ մասնավորապես
որոշելու, թե այս 3 փոխհակասող օրենքներից որ մեկի սահմանումներն են հիմք ընդունվելու,
եւ մնացյալները հարմարեցվելու դրան: «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ հակասությունների
դեպքում պիտի գերակա համարվեր ավելի «հին» օրենքը: Ըստ այդմ ՝ ընտրացուցակները չէր
կարողանա կազմել ոստիկանությունը, քանի որ այն չպիտի ունենար բնակչության հաշվառման
լիազորություն: «Սակայն եթե «Ընտրական օրենսգիրքը» սահմանում է, թե ով է տալու ցուցակները,
եւ ԿԸՀ-ն պարտավոր է ղեկավարվել հենց այդ օրենսգրքով՝ այդ կազուսները չպիտի թողնեինք,
որ հետո ի վերջո չհասկանայինք, թե ով է մեղավոր ընտրացուցակների հարցում»,- ասաց
Սեյրան Ավագյանը: Եվ որոշվեց, թե մյուս օրենքները պիտի համապատասխանեցվեն «Ընտրական
օրենսգրքի» տրամաբանությանը: «Անխուսափելի է, որ մենք այնուամենայնիվ պիտի
հանդիպեինք ինչ-ինչ խնդիրների: Դեռ բարեփոխելու բավական հարցեր կան, եւ բոլոր խնդիրները
չէ, որ լուծում են ստացել,- նշեց նախագահի խորհրդականը եւ հիշեցրեց Եվրոպայի խորհրդի
մոտեցումը, որ «Ընտրական օրենսգիրքն» ուժի մեջ մտնի մինչեւ ՏԻՄ ընտրությունները:-
Եվ մենք պիտի կարողանայինք շատ արագ լուծումներ գտնել ընտրացուցակների խնդիրներին»:
Սակայն Սեյրան Ավագյանը կարծես ափսոսանք չունի, որ ռեգիստր վարող մարմինները
չկազմեցին ընտրացուցակները: «Խնդիր եմ տեսնում այստեղ՝ որքանո՞վ է այդ օրենքը բխում
մեր իրականությունից, արդյոք այն կարո՞ղ էր աշխատել: Գիտե՞ք, շատ հեշտ է օրենք արտագրել
որեւէ տեղից,- ասաց նա:- Մեր քննարկումները ցույց տվեցին, որ այդ օրենքը չունի մեր
հասարակության մեջ առկա հանգույցները, որոնց շաղկապվելով կարող էր աշխատել իրական
կյանքում: Գուցե Հոլանդիայում, Ֆրանսիայում կան այդ հանգույցները, բայց այստեղ կան
լուրջ տարբերություններ: Խնդիր եմ համարում հենց թեկուզ միայն այդ համակարգի ավտոմատիզացումը,
որով պիտի ամեն համայնքում իրականացվեր բնակիչների հաշվառում: Ցավոք, այդ օրենքի
մեջ նախատեսված չէին մեր առանձնահատկությունները: Եվ սա պատճառներից մեկն էր, որ
թեեւ 2 տարի էր օրենքով նախատեսվել ռեգիստրի համակարգը ձեւավորելու համար, բայց այն
չձեւավորվեց այդպես էլ»: Մեր դիտարկմանը, թե ՏԻՄ ընտրությունների վրա այդ
օրենքը չունեցավ որեւէ ազդեցություն՝ նախագահի խորհրդականն արձագանքեց այսպես. «Այնուամենայնիվ,
այն տեղեկատվությունը, որ կար ոստիկանության գրանցման համակարգում՝ մշակում չէր անցել
ընտրական գործընթացներում, քանի որ նախկինում այլ էին պատասխանատուները: Ժամանակը
չհերիքեց, որ ի մի բերվեին այդ տեղեկատվությունը ու համայնքներում առկա ցուցակները,
որոնք արդեն որերո՛րդ ընտրություններում գնահատվում են անորակ ու տեղիք տալիս մեծ
դժգոհությունների: Հնարավոր կլիներ ձեւավորել իրական պատկերը: Այստեղ լուրջ խնդիրներ
կային, բայց ժամանակը թույլ չտվեց, որ դրանք լուծվեին վերջնականապես»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել