Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բազեները

Հոկտեմբեր 07,2005 00:00

«Բազեները քչություն էին անում» Ուսանողական որոշակի խմբեր արդեն սկսել են շարժումը՝ ընդդեմ կառավարության թիվ 975-Ն որոշման՝ բուհական խորհուրդների ձեւավորման նոր կարգի մասին: Երեկ «Բուհերի ավտոնոմիայի պաշտպանության խորհուրդը» մի խումբ ուսանողների հետ թեմայի շուրջ ասուլիս էր հրավիրել, որին այդպես էլ չներկայացան ռեկտորներն ու իշխանության ներկայացուցիչները: Ասուլիսին ներկա ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կարծիքով, իշխանությունը, որոշման համաձայն, բուհական խորհրդում ունենալով իր ներկայացուցիչներին, ուսանողությանը կառնի իր անմիջական հսկողության տակ. «Շատ պարզ քաղաքական նպատակ ունեն, որ փորձում են լուծել այդ ճիզվիտական եղանակով՝ վերածելով ուսանողներին ձեռքի ափից կուտ ուտող բազեների: Բազեների քանակը չէր բավարարում նրանց, պետք է ամբողջ ուսանողությանը ենթարկել իրենց ճնշմանն ու ազդեցությանը»: Ասվածի տրամաբանական շարունակությունն է ավելի ուշ հնչած՝ «Քաղաքագետների եւ միջազգայնագետների հայկական ասոցիացիայի» անդամ Գոհար Վեզիրյանի խոսքը. «Իշխանությունները բուհերը դարձրել են քաղաքական շահարկումների թատերաբեմ: Ամեն անգամ տեսնում ենք, թե նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ ինչ խաղեր են գնում: Եվ հիմա այդ ամենը լեգալացնում են: Փորձում են կոտրել ուսանողությանը, չե՛նք կոտրվելու: Սա հերթական նենգությունն է իշխանությունների կողմից»: «Մեր համոզմամբ՝ որոշումը միտված է բուհերի ինքնավարության վերացմանը, բուհական տարածքների օտարմանը կամ վաճառքին, դասախոսական կազմի կրճատմանը եւ որպես այս ամենի հետեւանք՝ կրթական մակարդակի եւ ուսանողական ինքնավարության անկմանը: Այս ամենը կանխելու համար հայրենի իշխանություններից պահանջում ենք անհապաղ կասեցնել թիվ 975-Ն որոշման կիրառումը»,- ասված է «Բուհերի ավտոնոմիայի պաշտպանության խորհրդի» հայտարարության մեջ: Խորհրդի ներկայացուցիչ ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը համեմատություն արեց նույնիսկ Հարավային Կորեայի հետ, որտեղ, բացարձակ ավտորիտար ռեժիմի պայմաններում անգամ, բուհական համակարգն անձեռնմխելի էր իշխանությունների համար: «Մեր գնահատմամբ՝ վտանգված է ընդհանրապես երկրի անվտանգությունը»,- ասաց Վ. Խաչատրյանը: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը փորձեց հասկանալ, թե որտեղ է թաքնված շան գլուխը: Նա կարծում է, որ կառավարությունը չի մոռացել իր պարտությունը, որ կրեց ուսանողության ըմբոստացումից՝ մոտ 2 տարի առաջ ասպիրանտական տեղերի կրճատման հետ կապված որոշումից հետո. «Այն ժամանակ փորձում էին ահագնացող արտագաղթով պայմանավորված զորակոչի դժվարությունները լուծել մի քանի 100 ասպիրանտների միջոցով: Հիմա էլ իշխանություններին պետք է ուսանողությանը վերցնել անմիջական հսկողության ներքո: Ես միայն դրանով եմ բացատրում այս խորհուրդների ստեղծման հրատապ անհրաժեշտությունը: Նոր որոշմամբ՝ կառավարության եւ օլիգարխների մասնակցությամբ, ուսանողներին վերցնելու են իրենց անմիջական հսկողության տակ: Ամեն ինչ կարող են անել բուհի հետ՝ կամաց-կամաց, միանգամից, արմատավորել այն անբարոյական մթնոլորտը, որ տիրում է ողջ երկրում: Թե ինչ բարոյալքման դա կբերի՝ կարելի է կանխագուշակել, որովհետեւ պատկերացնում ենք ե՛ւ մեր կառավարության բարոյական չափանիշները, ե՛ւ կիսագրագետ օլիգարխների, որոնք իբր փորձելու են իրենց բարեգործական գործունեությունը ծավալել բուհերում: Իսկ ինչ վերաբերում է բուհերի ղեկավարությանը, նրանց ավելի հեշտ է կոտրել, հիմա հույսը ձե՛զ վրա է, ձեզ մի քիչ դժվար կլինի կոտրել»,- ուսանողությանը դիմեց Ռ. Ղազարյանը: Այս ամենի մեջ միայն հայտնի չէ, թե ինչու որոշ ռեկտորներ, որ բողոքում են միայն հետնաբեմերում, նման միջոցառումների ժամանակ չեն ընդունում նույնիսկ հրավերը եւ անմիջականորեն մասնակցություն չեն ցուցաբերում նման նախաձեռնություններին: Խորհուրդը հայտարարեց, որ այս թեմայով միջոցառումների շարքը դեռ առջեւում է: Տեսնենք, թե ինչպես կդրսեւորեն իրենց ռեկտորները. կգա՞ն, կխոսե՞ն հրապարակավ, թե՞ էլի կթաքնվեն ուսանողների հետեւում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել