«ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐ ԳԻՆ ՈՒՆԻ» Երեկ հայտարարեց Գորան Լենմարկերը ԵԱՀԿ ԽՎ Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը ՆԱՏՕ-ի 61-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի «ԼՂ հակամարտությունը եւ միջազգային հանրության դերը հակամարտության կարգավորման գործում» թեմայով նիստի ընթացքում հայտարարեց, որ հակամարտությունը ամենեւին էլ սառեցված չէ, եւ այն օրեցօր ավելի ու ավելի ծանր գին է ստանում: Լենմարկերը նկատեց, որ հակամարտությունը նման է ատամի ցավի՝ եթե ատամի ցավ ունեք, ուրիշ ոչ մի բանի մասին չեք մտածում, գնում եք բժշկի մոտ. «Այսօր ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում նոր, անկախ պետականություն կերտելու փոխարեն ավելի շատ բեւեռացել են այդ հակամարտության վրա, եւ հակամարտության լուծումը նրանց էներգիան կուղղի ավելի օգտակար բաների վրա»: Լենմարկերը խորհուրդ տվեց նայել առաջ եւ ոչ թե ետ եւ մտածել, թե հակամարտության լուծման պահից կսկսվի քայլ՝ դեպի ապագա: «Ճգնաժամերի միջազգային խմբի» ղ եկավար Սաբին Ֆրեզիերը ասաց, որ թեպետ հակամարտության լուծման ժամկետները մոտեցել են, սակայն այն չի լուծվի այս տարի, հնարավոր համարեց լուծումը 2006-ին. «Կողմերը պետք է մի բավականին մեծ քայլ կատարեն եւ գան որոշակի փոխզիջումների: Մենք հուսով ենք, որ դա կլինի 2006-ի ընթացքում, բայց դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կողմերը իսկապես հավատում են ոչ թե պատերազմական կոչերին, այլ՝ խաղաղությանը»: Տիկին Ֆրեզիերը խոսելով կարգավիճակի մասին, ասաց. «Խնդիրն այն է, որ կողմերը պետք է համաձայնեն, որ ԼՂ կարգավիճակը հարցական է, որը պետք է դեռ լուծել որոշվելիք ինչ-որ մեխանիզմի հիման վրա»: Առաջարկությունը հետեւյալն էր. «Մեր հաշվետվության մեջ շատ մանրամասն մոտ 20 առաջարկություն կտանք: Մենք խորհուրդ ենք տալիս հանրաքվեն կազմակերպել բացառապես ղարաբաղահայերի եւ ղարաբաղաադրբեջանցիների մասնակցությամբ, այն բանից հետո, երբ բոլոր «օկուպացված» տարածքները վերադարձված կլինեն եւ ղարաբաղաադրբեջանցիները վերադարձած կլինեն իրենց տները»: Իսկ հանրաքվե անցկացնելու ժամկետը կախված կլինի ոչ Հայաստանի եւ ոչ էլ Ադրբեջանի կամքից, այլ վերապահված կլինի միջազգային կառույցների ինչ-որ կոնֆերանսին, որը կգնահատի՝ Ղարաբաղը բավարարե՞լ է պետականության նախապայմանները եւ արդյոք այն ապահովո՞ւմ է փոքրամասնությունների լիարժեք պաշտպանությունը: Մակեդոնիայի ներկայացուցիչ Սլոբոդան Կասուլեն բավականին զգացմունքային եւ «հայավարի» իր խոսքում նկատեց, որ Ղարաբաղի հակամարտությունը ամենեւին նման չէ այլ հակամարտությունների եւ հարկավոր չէ այստեղ անել այն, ինչ արվեց Բալկաններում. «այստեղ ավելի բարդ է, քան ժամանակին Բալկաններում, քանզի այստեղ պատերազմը ֆորմալ ձեւով դեռ շարունակվում է, կան փախստականներ»: Զուգահեռ անցկացնելով Սլովենիայի, Մակեդոնիայի եւ ընդհանրապես Բալկաններում կատարվածի հետ՝ պարոն Կասուլեն հարցրեց. «Դուք ուզում եք նույն բաները այստե՞ղ անել»: Հարցին կոնկրետ ժխտում կարծես չհնչեց: «Ղարաբաղյան կոնֆլիկտի հետագա սառեցումը անթույլատրելի է, որովհետեւ կողմերը ունեն տարբեր մոտեցում խնդրին. մի կողմը պնդում է, որ խնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի, մյուսը՝ տարածքային ամբողջականության հիմքի վրա: Սակայն Հելսինկյան հռչակագիրը երկու իրավունքն էլ համարում է հավասարազոր, եւ կոնկրետ ղարաբաղյան հարցում ինքնորոշման սկզբունքի դեմ ոչ մի փաստարկ չկա»,- «Ռոուզ-Ռոթ» սեմինարի «Անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Միացյալ Թագավորության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայեն Ֆոլը: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջունելով սեմինարի մասնակիցներին՝ հայտարարեց, որ ինքը բոլոր խնդիրների լուծումը տեսնում է ժողովրդավարության զարգացման մեջ. «Ժողովրդավարությունը այն կռվանն է, որ կարող է հանդիսանալ կոնֆլիկտների լուծման բանալին»: ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը իր հերթին հայտարարեց. «Մեր անվտանգության հասկացողությունը գաղափարախոսական չէ, այն ռազմավարական է, ոչ քաղաքական, երբ խոսում ենք անվտանգության մասին, մենք չենք մտածում, թե ով է ապահովում եւ ինչպիսի գաղափարախոսություն է դրա հետեւում դրված: Մենք անվտանգության լուրջ կապեր ունենք Ռուսաստանի հետ, եւ գաղտնիք չէ, որ ռուսները ռազմակայաններ ունեն Հայաստանում եւ պատրաստ են որոշ ժամանակ դրանք այստեղ պահել, մենք ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության անդամ ենք, նաեւ ընդգրկված ենք սպառազինությունների չտարածման կոնվենցիաների եւ միջոցառումների ԵԱՀԿ եւ այլ կազմակերպությունների շրջանակներում, մենք սերտացնում ենք մեր կապերը ՆԱՏՕ-ի հետ»: Այսօր սեմինարի շրջանակներում զեկուցումով հանդես կգա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ