Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՔՎԵԻՆ

Հոկտեմբեր 07,2005 00:00

«ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՊԵՏՔ Է ԱՋԱԿՑԵԼ» «Եթե այս փաստաթուղթը որակված է դրական, ընդ որում՝ նաեւ ընդդիմության կողմից, այս գործընթացին եւ փաստաթղթին աջակցե՞լ, թե՞ ոչ: Իհարկե՝ այո»,- երեկ «Առավոտին» կարծիք հայտնեց ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա միայն ցավով փաստում է, որ քաղաքական մեծամասնությանն այդպես էլ չհաջողվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել՝ «առանձնապես մղում էլ չցուցաբերեցին, ընդդիմության հետ բանակցելու փորձ նույնիսկ չարեցին»: Մյուս կողմից՝ «ընդդիմությունն էլ շատ անհաշտ ու կոշտ էր եւ նույնիսկ միտումնավոր սրում էր իրավիճակը՝ կամրջվելու եզրերը բացառելով»: Սա է, որ ՔԴՄ նախագահին մտահոգվելու առիթ է տալիս. «Այս քաղաքական մթնոլորտում, եթե նույնիսկ սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի իրական արդյունքներով անցնեն, այն նույնչափ ստվերված եւ խոցելի կլինի, որքան 1995 թվականի Սահմանադրությունը: Տարբեր իշխանություններ, որոնք բարեփոխված սահմանադրությամբ կարող են գործել՝ իրենց վրա զգալու են այդ «կեղծիքի» խարանը»: Ըստ այդմ, պարոն Հարությունյանը չի կարծում, որ հանրաքվեի քարոզարշավի ընթացքում կողմերի միջեւ հնարավոր է ողջամիտ եւ բանական երկխոսություն: «Երբեւէ արտառոց չպետք է համարել, որ հանրության, քաղաքական ուժերի մի հատված դեմ է այդ փաստաթղթին: Խնդիրն այն չէ, թե ինչու է նա դեմ, այլ՝ արդյոք մենք կարողանո՞ւմ ենք առանց նյարդայնանալու եւ կրքեր բորբոքելու հանրությանը սեփական դիրքորոշումները ներկայացնել: Հանրությունը մեզ լսելով պետք է կարողանա ճիշտն ու սխալը տարբերել: Այս մշակույթի բացակայությունը տանելու է պառակտման խորացման: Հիմնական մեղադրանքներն ուղղվում են իշխանությանը, բայց նույն կեցվածքն էլ ընդդիմությունն է ընդունել՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է: Նման սկզբունքով հնարավոր չէ հանրային կյանք կազմակերպել»,- ասում է ՔԴՄ նախագահը: Ասվածի համատեքստում մեր զրուցակցի համար՝ եւ իրավական, եւ քաղաքական առումներով, անհասկանալի է 17 կուսակցությունների ընդունած համատեղ հռչակագիրը, որով փաստվում է, թե հանրաքվեով իշխանությունն իր լեգիտիմության հարցն է լուծում: «Հանրաքվեով Սահմանադրությունը դառնում է ժողովրդինը, ոչ թե որեւէ քաղաքական ուժի սեփականությունը: Այդ նախաձեռնությանը այդ թվում նաեւ ընդդիմությունն է մասնակցություն ունեցել, հիմնականում՝ ուղղակի: Ենթադրենք՝ հանրաքվեն չկայացավ կամ արդյունքում բարեփոխումները ստացան «ոչ», ինչո՞ւ է դա վերագրվում այս իշխանության լեգիտիմությանը: Անհասկանալի է: Միայն նրա համար, որ ինչ-որ մեկն այդպես է մտածում կամ ուզում՝ քիչ է: Այս իշխանությունների օրոք ընդունվում են բազում օրենքներ, ինչո՞ւ այդ պարագայում կարող ենք դրանցով ապրել, երբ հենց իշխանությունն է դրանք ընդունել, Սահմանադրության պարագայում՝ ոչ, երբ այն պետք է ժողովուրդն ընդունի»,- հարցնում է պարոն Հարությունյանը: Ուստի, ՔԴՄ նախագահն այն կարծիքին չէ, որ ընդդիմության համատեղ հռչակագիրն իր մեջ դրական քաղաքական լիցք է պարունակում: Նույնիսկ՝ «ընդդիմության առջեւ դրված խնդիրների իրացման տեսանկյունից այդ հռչակագիրն այդ լիցքը դարձյալ չի պարունակում»: «Եթե վաղն ընդդիմությունը գա իշխանության, միշտ էլ կգտնվի մի ուժ, որը դժգոհ կլինի նրանցից, ուրեմն նա՞ էլ պետք է իրեն իրավունք վերապահի քաղաքական-հասարակական շարժում սկսել՝ իշխանափոխություն անելու համար: Էլ բան ու գործ չունենք՝ իշխանափոխությունից իշխանափոխություն անենք: Իշխանություն փոխելու միակ եւ հարմար մեխանիզմն ընտրություններն են: Անհամեմատ ողջամիտ կլիներ պաշտպանել սահմանադրական բարեփոխումները, որոնք ընդդիմությունն էլ որակական եւ բովանդակային առումով մեկ քայլ առաջ է գնահատում գործողի համեմատ. դա հնարավորություն կտար հանրապետությանը սեփական դեմքով հանդես գալ: Իսկ առաջիկա ընտրություններում միավորվել եւ թույլ չտալ կեղծիքներ: Այդ ժամանակ արժե ոչ միայն կուրծք ծեծել, այլեւ բարիկադներ կառուցել»,- ասում է Խ. Հարությունյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել